Լրահոս
Օրվա լրահոսը

Ասուլիս-լեզվակռիվ

Հոկտեմբեր 09,2008 00:00

Երեկ «Հայելի» ակումբում «Արձագանք» ռադիոկայանի տնօրեն Արտավազդ Բայաթյանի եւ երգչուհի Շուշան Պետրոսյանի համատեղ ասուլիսը քիչ էր մնում ավարտվեր ծեծկռտուքով: Կռվում էին ոչ թե բանախոսներն, այլ՝ ասուլիսը լուսաբանելու եկած ընդդիմադիր եւ իշխանամետ ԶԼՄ-ների լրագրողները: Լրագրողների մեծամասնությանն այստեղ էր բերել Շուշան Պետրոսյանի ամուսնու սերտ մասնակցությունը մարտի 1-ի իրադարձություններին, ինչի վերաբերյալ էլ նրանք փորձում էին լսել երգչուհու տեսակետը:

Սկզբում լրագրողների հարցերը ավելի մեղմ էին, ոչ անձնական, ասենք՝ մտավորականները ինչպե՞ս են վերաբերվում Ազատության հրապարակի քանդմանը: Այնուհետեւ հարց հնչեց, թե մարդիկ դիմել են մտավորականներին՝ բարեգործական համերգներ անել եւ այդ գումարը տրամադրել քաղբանտարկյալների ընտանիքներին, իրենք պատրա՞ստ են այդ քայլին: Երկու բանախոսներն էլ պատասխանեցին, որ առաջին անգամ են լսում այդ մասին, բայց պատրաստ են: Քիչ ավելի ուշ լրագրողը, հարցը կոնկրետացնելով, դիմեց Շուշան Պետրոսյանին, թե՝ մտավախություն չունե՞ք, որ իշխանությունները ձեզ արգելեն: «Ինձ վրա ոչ մի բան չի ազդում, ես միշտ անում եմ այն՝ ինչ ուզում եմ: Այդքան խելք ունեմ՝ իմ քայլերի համար պատասխան տալու»,- ասաց երգչուհին:

Լրագրողի հաջորդ հարցը վերաբերում էր քաղաքական դատավարություններին: «Ամեն ինչ գիտենք, ամեն ինչ հասկանում ենք: Բաներ կան, որ երկու խոսքով չես ասի: Ոչ մի բանական մարդ չի կարող դրական վերաբերվել ոչ մի տեսակի բռնության»,- ասաց Արտավազդ Բայաթյանը: Իսկ երգչուհին ասաց. «Չեմ հետաքրքրվում քաղաքականությամբ, կոնկրետ մշակույթից հարց տվեք: Դա իմ մասնագիտությունն է: Այդտեղ չստացված որեւէ բան ինձ համար ցավ է, որեւէ հաղթանակ իմ հաղթանակն է: Խոսենք մշակույթից»: Ի դեպ, իր իսկ խոսքերով, քաղաքականությամբ չհետաքրքրվող Շուշան Պետրոսյանը նախագահական ընտրություններին ակտիվ քարոզարշավ էր իրականացնում:

Լրագրողների բազմաթիվ պնդումներին, որ երգչուհին կարծիք հայտնի, վերջինս, այնուամենայնիվ, հրաժարվեց պատասխանել: Մարտի 1-ի մասին հարցերին խուսափում եք պատասխանել՝ լրագրողի ռեպլիկին ի պատասխան, Շուշան Պետրոսյանը հարցրեց. «Քանի՞ տարեկան եք»: Իմանալով, որ լրագրողը 22 տարեկան է, երգչուհին ասաց. «Ապրեք էլի, մի քիչ ապրեք»:

Եվ այստեղ է, որ սկսվեց լրագրողների լեզվակռիվը, այն աստիճան, որ ասուլիսի անցկացման սենյակի դռան առաջ հավաքվեցին շենքի բոլոր աշխատակիցները: Եվ որպեսզի բոլորը հանգստանան, Արտավազդ Բայաթյանը փորձեց մեղմել իրավիճակը՝ փրկելով իր գործընկերոջը. «Եկեք թող ոչ մեկն իրեն հերոսի տեղ չդնի: Ես կուզենայի ոչ թե մեզանից պահանջեք պատասխանել հարցերի, որ նույնիսկ քաղաքականությամբ զբաղվողները չեն կարողանում պատասխանել, ես կուզենայի, որ Շուշանը երգեր, մենք լսեինք, կուզենայի ամեն մեկն իր գործով զբաղվեր: Ոչ թե ամեն մեկս ընկներ իրեն չվերաբերող գործերի մեջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել