Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանին կարտաքսե՞ն

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Ըստ Սարգիս Հացպանյանի՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրն՝ իրեն Հայաստանից արտաքսելու մասին, միայն մեկ բացատրություն ունի՝ իր քաղաքական հայացքները:

Ղարաբաղյան ազատամարտի մասնակից, Ֆրանսիայի հայազգի քաղաքացի Սարգիս Հացպանյանը երեկ էր տեղեկացել, որ մարտի 10-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել իրեն Հայաստանից վտարելու մասին: Այս լուրը նա իմացել էր ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանից, «Ժառանգություն» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանից եւ Անահիտ Բախշյանից: Վերջիններս այցելել էին նրան՝ պարզելու, թե ինչո՞ւ են նախորդ գիշերվանից Կենտրոնի ոստիկանության աշխատակիցները շրջափակել Մաշտոցի 41 շենքում Հացպանյանի բնակարանը: Հացպանյանն արդեն 18 տարի բնակվում է Հայաստանում, իսկ մարտի 1-ի դեպքերից հետո ընդհատակում էր: Երեկ առաջին անգամ էր այցելել իր ընտանիքին, սակայն 10 րոպե անց ոստիկանները շրջափակել են բնակարանը: «Եթե նման որոշում կար, ապա ինչպե՞ս է, որ ես օգոստոսի սկզբներին մեկնել եմ Եվրոպա, իսկ մի քանի օր առաջ վերադարձել՝ առանց խոչընդոտների»,- «Առավոտի» հետ զրույցում տարակուսեց Սարգիս Հացպանյանը, ով իր «մեղքը» համարում է «ժողովրդի կողմից ընտրված նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին սատար կանգնելը»: Նաեւ՝ «Այս պետությանը ես փող վճարելով՝ կացության կարգավիճակ եմ առել»,- ասում է մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ չնայած մանկահասակ դստեր հորդորներին, ինքը չի պատրաստվում ընտանյոք հանդերձ լքել Հայաստանը, այլ մտադիր է մնալ եւ «այդ գյուղից եկածներին» (իշխանություններին- Ն. Գ. ) ցույց տալ, «որ մեր Ֆրանսիան Հայաստանը պետք է լինի՝ անկախ նրանց ցանկությունից»: Հացպանյանը հայտնեց, որ ոստիկանների կողմից իր տան հսկողության մասին հեռախոսով պատմել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գլխավոր հյուպատոս Ժակի Շարոտին: Հեռախոսազրույցը ձայնագրվել է եւ ուղարկվել Ստոկհոլմ ու, հավանաբար, վաղը կհանձնվի Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Նաեւ՝ Շվեդիայի պատգամավորները այսօր Եվրախորհրդում բարձրացնելու են այս հարցը: Նա դիմել է նաեւ ԼՂՀ նախագահին, արտգործնախարարին, ԱԺ փոխնախագահին եւ քաղաքական ապաստան խնդրել. «Եթե արտաքսում են՝ թող արտաքսեն այն հողը, որի համար ես պայքարել եմ»: Նշենք, որ վերոնշյալ հրամանագիրը նախագահի կայքէջում «Առավոտին» այդպես էլ չհաջողվեց գտնել: Ի դեպ, Հացպանյանի բնակարանը հսկող ոստիկանները քաղաքացիական հագուստով էին եւ հրաժարվում էին լրագրողներին փաստաթղթեր ցույց տալ, որոնք կհաստատեին իրենց՝ ոստիկանության աշխատակից լինելը:

Հ. Գ. Ավելի ուշ տեղեկացանք, որ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը Ս. Հացպանյանին է հանձնել ոստիկանության ծանուցագիրը, եւ նա այսօր, ժամը 16-ին, գնալու է Կենտրոնի ոստիկանություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել