Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ-ՊՌԱՏ Է ԱՐՎԵԼ

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Երեւանի քաղաքապետարանը մոռացել է որոշ կարեւոր նշաններ տեղադրել, ինչի պատճառով տաքսիներն ու միկրոավտոբուսները միմյանց խանգարում են: \"\"

Մայրաքաղաքում երթեւեկությունը կանոնակարգելու համար անցյալ տարի հուլիսին կառավարությունը որոշեց տեղադրել կանգառասրահներ եւ կանգառացուցիչներ, հստակ գծանշել, թե որտեղ պետք է կանգնի հասարակական տրանսպորտը, կանոնակարգվեցին ու խստացվեցին կանգառից դուրս կայանելու կարգերը եւ այլն: Այս որոշման մի մասը պետք է իրականացներ Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետ Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ այլեւս թույլ չեն տալու երթուղայիններին կանգառից դուրս կանգնել, իսկ ուղեւորներին կոչ արվեց կանգառից դուրս վարորդից կանգառ չպահանջել, եւ տրանսպորտի սպասել միայն կանգառներում: Կառավարության պահանջը, վարորդների ու ուղեւորների կարգապահությունը տեւեց ընդամենը մի քանի օր: Չնայած մայրաքաղաքի բոլոր համայնքներում այսօր տեղադրված են կանգառասրահներ եւ հստակ գծանշված է, թե երթուղային տրանսպորտը որտեղ պետք է կանգնի, բայց կանգառներում «շիլաշփոթ» է: Ու եթե նույնիսկ երթուղային տաքսիների, ավտոբուսների վարորդները շատ ուզենան հենց կանգառում կանգնել, դա նրանց չի հաջողվի, քանի որ մայրաքաղաքի հատկապես կենտրոնական հատվածների կանգառները տաքսիներն են գրավել: Պատահում է, որ տաքսու վարորդները ուղեւոր որսալու հույսով ժամերով զբաղեցնում են հասարակական տրանսպորտի կայանելու տեղը: Եվ շատ հաճախ միկրոավտոբուսների վարորդները, տեսնելով, որ կանգառը «զբաղված» է տաքսիներով, խուսափում են այդտեղ կանգառ կատարել՝ ճանապարհային ոստիկանության ձեռքը չընկնելու համար: Արդյունքում՝ տուժում է հասարակ քաղաքացին:

Ճիշտ է, երթեւեկության վերահսկողությունը դրված է ճանապարհային ոստիկանության վրա, սակայն նրանք չեն կարողանում իրենց պարտականությունները լիարժեք կատարել, քանի որ կանգառը տաքսու կայանատեղից սահմանազատող որոշ նշաններ քաղաքապետարանը մոռացել է տեղադրել: Այդ նշանների բացակայության պատճառով՝ տաքսու վարորդները քաղաքի որ հատվածում ուզում՝ կանգնում են: Համաձայն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի՝ տեղական ինքնակառավարման մարմինները, ճանապարհային ոստիկանության հետ համաձայնեցնելով, պետք է կանգառների հարեւանությամբ տեղադրեն տաքսու կայանատեղի սահմանող նշանը, ինչը մինչ օրս մայրաքաղաքի որեւէ կանգառում չի արվել: Թե ինչու է Երեւանի քաղաքապետարանն այս կարեւոր նշանի մասին մոռացել՝ «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից: Գեւորգ Խաչատրյանը, որը տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է, մեզ հետ զրույցում հաստատեց, որ կանգառներից բացակայում են տաքսիների կայանատեղիի համար նախատեսված նշանները: Պարոն Խաչատրյանը հավաստիացրեց, որ ներկայումս համապատասխան մարմինների հետ աշխատանքներ են տանում այդ նշանները եւս տեղադրելու ուղղությամբ. «Սովետի ժամանակ դրանք կային, հիմա էլ տաքսիներն այնքան են շատացել ու որտեղ պատահի կանգնում են, որ արդեն մտածում ենք այդ նշանները տեղադրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել