Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը «բարուրեց» «Ալրաղացի Լյովիկին»

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Ոստիկանապետի տեղակալը հավաստիացրեց, որ «Օդնոկլասնիկում» տեղի ունեցած ողբերգության մեղավորները պատժվելու են:

Երեկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց նախորդ տարիներից սկսված դատաիրավական բարեփոխումներին առնչվող խնդիրները, ձեռքբերումներն ու հետագա անելիքները: Ըստ նրա՝ ընթացող բարեփոխումները կյանքի կոչելու համար համակարգ են մտել 200-ից ավելի նոր աշխատակիցներ, որոնցից 45-ը դատախազության համակարգից են տեղափոխվել, իսկ մնացածը՝ Ոստիկանական ակադեմիայի շրջանավարտներ են: 30 աշխատակից տարբեր կարգի տույժերի է ենթարկվել, ազատվել աշխատանքից եւ տեղափոխվել այլ բաժին: Գ. Համբարձումյանի փոխանցմամբ իրենց վարույթում կա 7128 գործ, որը նախորդ տարվա ցուցանիշների համեմատ, 2300-ով ավելի է:

Լրագրողները ոստիկանության պետի տեղակալից հետաքրքրվեցին վերջին շրջանի աղմկոտ հանցագործությունների, այդ թվում՝ սեպտեմբերի 20-ին «Օդնոկլասնիկ» սրճարանում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին: Ներկայացնելով կատարվածի արդեն հայտնի մանրամասները՝ Գ. Համբարձումյանը տեղեկացրեց, որ հարուցված քրեական գործը նախաքննության փուլում է, ձերբակալվածների եւ բոլոր հարցաքննված անձանց ցուցմունքներում կան էական հակասություններ: Ըստ բանախոսի՝ այդ գործի շրջանակներում կողմերի խմած լինել-չլինելը պարզելու համար կհարցաքննվի ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանը, որի Երնջատափի ամառանոցում տեղի ունեցած խնջույքից վերադառնալու ճանապարհին էլ իբր Ա. Սահակյանը «փորձել է բռնաբարել» Մ. Մ.-ին (ՀՀԿ-ի Մարիշին):

Հարցին՝ կհարցաքննվի՞ մյուս պատգամավորը՝ Լեւոն Սարգսյանը («Ալրաղացի Լյովիկ»), որն, ինչպես մամուլին հայտնել է Ա. Սահակյանը, այդ օրը բանդայով իր եւ ընկերների վրա է հարձակվել, Գ. Համբարձումյանը պատասխանեց. «Լ. Սարգսյանին տեսնելու վերաբերյալ Ա. Սահակյանը ցուցմունք չի տվել: Եթե որեւէ հիմք լիներ, որ Լ. Սարգսյանի անունը շոշափվում է այստեղ, պարտադիր կհրավիրվեր եւ կհարցաքննվեր»: Տեղեկացնենք, որ «Առավոտի» հետ հարցազրույցում Ա. Սահակյանը տվել էր «Ալրաղացի Լյովի» անունը: Լրագրողները պարզաբանում պահանջեցին, թե ինչո՞ւ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցածի մասին ոստիկանության կայքէջը հաղորդագրություն տարածեց միայն սեպտեմբերի 29-ին, երբ արդեն մահացել էր դաժան ծեծի ենթարկված Անդրանիկ Բաբայանը: Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Սայաթ Շիրինյանը դա մեկնաբանեց այսկերպ. «Այդ դեպքը սկզբնական շրջանում էական նշանակություն չի ունեցել մեզ համար, կան այդպիսի շատ շարքային ծեծուջարդեր ու դանակահարություններ, բոլոր դեպքերը չէ՛, որ տեղադրում ենք: Երբ հետաքրքրություն առաջացավ, եւ կատարվածը հասարակական հնչեղություն ստացավ, մենք չենք թաքցրել, այլ տեղադրել ենք կայքում: Այն ուշ տեղադրելը կապված չէ Անդրանիկ Բաբայանի մահվան հետ»: Գ. Համբարձումյանը հայտնեց նաեւ, որ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանն առայժմ վկայի կարգավիճակով է հարցաքննվել, եւ եթե կասկածը հիմնավորվի, որ նա բռնաբարության փորձ է կատարել, ապա կդատապարտվի:

Հարց հնչեց նաեւ վերջերս Հատուկ քննչական ծառայությունում «Մարտի 1»-ի գործով հայտնված վկա Սերոբ Սերոբի Սերոբյանի վերաբերյալ, որն իրականում Արմավիրի մարզի բնակիչ Հովակիմ Բաբայանն է եւ ՌԴ իրավապահների կողմից հետախուզման մեջ էր: Գ. Համբարձումյանը պարզաբանեց. «Նա այժմ կալանավորված է եւ տարվում է քննություն: Նա մի խարդախ, ամեն ինչի ընդունակ անձնավորություն է, մեղադրվում է խարդախության, կաշառքի դրդման, գումարներ կորզելու մեջ: Քննության ընթացքում բացահայտվել են նրա կողմից կատարված բազմաթիվ այլ խարդախությունների, գումարների շորթման դեպքեր: Նրա հանցակիցն է նաեւ հանրային մի պաշտպան, որը եւս հարցաքննվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել