Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԻ՛Կ, ԴՈՒ ԽԵՆԹ ԵՍ»

Հոկտեմբեր 10,2008 00:00

\"\"Եվս մեկ սարոյանական ներկայացում

Հոկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց Նորա Արմանիի բեմադրած «Հայրիկ, դու խենթ ես» ներկայացումն՝ ըստ Վիլյամ Սարոյանի: Ինքնակենսագրական բնույթի համանուն ստեղծագործությունը Սարոյանը գրել է 1953-ին, երբ իր որդին 10 տարեկան էր: Այնտեղ արծարծված է հավերժական թեմա՝ հայրերի ու որդիների «պայքարը»: Ներկայացումը բացվեց մեր հայրենակցուհի (ԱՄՆ) Նորա Արմանիի խաղացած կտորով, որով նա հանդես է եկել բազմաթիվ երկրներում: Այնուհետեւ «Հայրիկ, դու խենթ ես»-ը յուրովի մեկնաբանեց ծագումով լեհ, կանադացի դերասան Բորտոլոմեյ Սորոչինսկին:

Ներկայացման լեզուն անգլերենն էր, սակայն ե՛ւ Նորան, ե՛ւ երիտասարդ դերասանն այնքան լավ էին խաղում, որ թարգմանության կարիք չկար ու նրանց բերած սարոյանական շունչը բավարար էր ընկալելի լինելու համար: Փաստենք, որ ներկայացման ընթացքում արտասահմանցի հյուրերից ոմանք քնել էին, իսկ դահլիճում հայերից շատերը, թեկուզ անգլերեն չիմանալով, ուշադիր հետեւում էին բեմում ստեղծված սարոյանական միջավայրին՝ գրամեքենա, թերթեր ու Սարոյան խաղացող շնորհալի երիտասարդ դերասան:

«Ապրի՛ հանդիսատեսը, որ անգլերեն չիմանալով՝ այսքան երկար ժամանակ նստել-նայել է: Շատ հուզված եմ, հանդիսատեսի վերաբերմունքից այնքան դրական եմ լիցքավորված, որ ինձ կհերիքի մի տասը տարի: Ինչպես բջջային հեռախոսները, այնպես էլ դերասանները կարիք ունեն ժամանակ առ ժամանակ լիցքավորվելու»,- «Առավոտին» ասաց Նորա Արմանին, որն առաջին անգամ հայրենիք է եկել 1968-ին՝ Հանքավանի պիոներական ճամբարում հանգստանալու: Նա նաեւ ավելացրեց, որ իր համար հեշտ է սարոյանական թեմաներով ստեղծագործելը, նախ այն պատճառով, որ, իր խոսքով՝ «Սարոյանը խորունկ եւ մարդկային է, ու բոլոր բանալիներն էլ արդեն տեքստի մեջ են», եւ երկրորդ՝ ինքը ծնվել է օգոստոսի 31-ին՝ Սարոյանի ծննդյան օրը, ու համարում է, որ դա էլ մեծ գրողի հետ հոգեւոր կապի խորհուրդ ունի: Բորտոլոմեյ Սորոչինսկին էլ «Առավոտին» ասաց, որ հաճույքով է Սարոյան խաղում, չնայած շատ դժվար է նրան մարմնավորել. «Սարոյանը խարիզմատիկ է, մի ուրիշ տեսակ, նա մարդամոտ, շփվող, զրուցասեր անձնավորություն է եղել, իսկ ես ինքնամփոփ եմ: Կարծում եմ, ամեն դեպքում կարողացել եմ ինքս ինձ «գտնել» Սարոյանի կերպարում: Շատ տպավորված եմ հայ հանդիսատեսից, հրաշալի քաղաք Երեւանից: Ափսոս, նախկինում շատ բան չգիտեի ձեր հայրենակիցների ու Հայաստանի մասին, բայց հոգ չէ, դեռ կհայտնագործեմ Հայաստանն ու հայերին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել