Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԻՐԻԿՈՒՆ՝ ՍՐՃԱՐԱՆՈՒՄ

Հոկտեմբեր 10,2008 00:00

Թերեւս ճիշտ է, որ լավագույն իշխանությունն այն է, որի մասին ժողովուրդը մոռանում է, վերհիշում էի ես՝ նստած իրիկնային լեփ-լեցուն բացօթյա սրճարանում: Սրճարան, ուր կենդանի երաժշտության ընդմիջումների ժամանակ աշնան իրիկվա մեջ հստակ լսվում էր, թե ինչ էին խոսում մարդիկ, եւ զարմանալի բան, նրանք ապրում-վայելում էին իրենց երեկոն, եւ դա հրաշալի էր… Նրանք չէին խոսում քաղաքականությունից, բացի մեր սեղանից, որտեղ նստած էին մի խումբ դասախոսներ՝ մի տեսակ մաշված իրենց գիտության մեջ, որ իմ հին ու բարի ծանոթներն էին: Եվ անհասկանալի մի կռիվ էր գնում մեր միջեւ՝ Հանրապետության նախագահի ուղերձի առիթով: Ու նրանցից մեկը անսպասելիորեն ինձ հարցրեց. -Ինչո՞ւ ես պաշտպանում նախագահին, նա ի՞նչ լավություն է արել քեզ: Հարցն այնքան անսպասելի էր, որ ես երկար լռեցի, ուզեցի մտածել, թե ի՞նչ է արել նախագահն ինձ համար, հատկապես հիմա, երբ ոչ պաշտոն ունեմ, ոչ էլ աշխատանք ու մինչ այդ ես կորցրել էի իմ իսկ ստեղծած «ԱՐ» հեռուստաընկերությունը: Իսկապես մտածեցի՝ ի՞նչ է արել նախագահն անձամբ ինձ համար ու անմիջապես էլ հասկացա ու ասացի. -Ի դեպ, անձնապես ինձ ոչնչով չի օգնել Վլադիմիր Պուտինը, բայց ես հարգում եմ Ռուսաստանի ոգին վերականգնելու նրա մղումը,- ասացի նաեւ,- համեմատությունը սխալ չհասկանաք, ես հիանում են Չերչիլով ու դը Գոլով, ովքեր իրենց երկրները կարողացան փրկել ամենադառը իրավիճակներից, եւ դա նրանց հաջողվեց:

Ու շարունակեցի, որ ես համոզված եմ, թե մեր նախագահը նույն ճանապարհով է գնում, այսինքն՝ մեծերի ճանապարհով: Իմ ընդդիմախոսին ասացի նաեւ, որ ցավալիորեն պատիվ չեմ ունեցել, որ Վահան Տերյանը կամ Եղիշե Չարենցն ինձ անձնապես լավություն անեին, բայց ես նրանցից շնորհակալ եմ՝ նրանց ընթերցողը լինելու համար: Ասացի նաեւ, որ դու՝ ընկե՛ր, բողոքական էիր ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի ժամանակ, եւ հիմա, ընկե՛ր, մտածելու բան կա: Մենք, քեզ հետ միասին, սիրո՞ւմ ենք մեր երկիրը, թե՞ չենք սիրում, գուցե ինչպես հինգերորդ դարում՝ օտարի առողջ ցուլը հրավիրենք մեր երկրի ղեկավար, որի առողջությունն իսկ վնաս է մեր ազգին: Ասացի նաեւ, որ հիմա՝ հետեւելով մեր նախագահի քայլերին, տեսնում եմ նրա համազգային նպատակը, եւ ես այդ մեծ նպատակի հետեւորդն եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել