Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹԵՐՔԸ ՍՏՈՒԳՈՒՄ ԵՆ

Հոկտեմբեր 10,2008 00:00

«Հունվար-սեպտեմբեր ամիսներին մեր կողմից ստուգումներ են իրականացվել հանրապետության 1100 տնտեսվարող սուբյեկտներում, ըստ այդմ՝ տնտեսվարող սուբյեկտները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 45 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա համեմատությամբ 12 միլիոնով ավելի է»,- երեկ «Հայացք» ակումբում հայտնեց գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը: Նրա խոսքերով՝ առավել հաճախ հանդիպող խախտումներից էր պիտանելիության ժամկետն անցած, առանց համապատասխան մակնշման, առանց սերտիֆիկատների սննդամթերքի վաճառքը: Գ. Բաղիյանը հավաստիացրեց, որ ստուգումներից հետո որոշ խանութներ փակվել են, արգելվել է որոշ մսամթերքների վաճառքը. «Ոչնչացվել է 27 տոննա կաթնամթերք, 7 տոննա մսամթերք, այդքան մսամթերք էլ սահմանային հսկիչ կետից հետ է ուղարկվել Վրաստան, ոչնչացվել է նաեւ 6 տոննա ձկնեղեն, 26 հազար շիշ գարեջուր եւ 12 հազար շիշ օղի»: Գ. Բաղիյանը տեղեկացրեց, որ հացի քաշի եւ որակի ստուգումները շարունակվում են, որի արդյունքները պարզ կլինեն 1 ամսից: Նա նաեւ ասաց, որ իրենց տեսչությունը ստուգումներ է իրականացրել հանրակրթական դպրոցներում եւ մանկապարտեզներում ու պարզել, որ դպրոցների բուֆետներում վաճառվող, ինչպես նաեւ մանկապարտեզներում երեխաներին տրվող սննդամթերքը չի համապատասխանում սննդամթերքի անվտանգության պահանջներին: Խոսելով անասնաբուժության ոլորտի մասին՝ պարոն Բաղիյանն ասաց, որ այդ առումով տարին բարենպաստ է. «Հանրապետությունում այս տարվա գարնանից աֆրիկյան ժանտախտ հիվանդության դեպքեր չեն գրանցվել, սակայն դա չի նշանակում, որ վիրուսն ընդհանրապես վերացել է: Չի բացառվում, որ որոշ մարզերում, հատկապես անտառային հատվածներում, այդ հիվանդությունը կրկնվի, այդ իսկ պատճառով կանխարգելիչ քայլեր են ձեռնարկվում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել