Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում չի թույլատրվում մերկ մարդ նկարել

Հոկտեմբեր 11,2008 00:00

Ըստ պարսիկ լուսանկարիչ Ավշին Արյաֆարի՝ իսլամական երկիր լինելը խոչընդոտում է արվեստագետներին «բաց» նայել երեւույթներին:

«Հայաստանն իսկական սիրելու երկիր է»,- «Առավոտի» հետ զրույցում մեր երկրի մասին այսպես արտահայտվեց հարեւան Իրանի Շիրազ քաղաքից ժամանած պարսիկ լուսանկարիչ Ավշին Արյաֆարը: Ավշինը Հայաստան երկրորդ անգամ է այցելում, բայց ՀՀ-ի մասին շատ է լսել Շիրազում ապրող պարսկահայերից: Ըստ նրա՝ այնտեղ ասացվածքի նման մի արտահայտություն կա. «Եթե հայ է՝ ուրեմն բարի է»: «Առավոտի» հետ զրույցում Ավշինը թվեց այն խոչընդոտները, որոնք արգելում են պարսիկ արվեստագետին բաց ստեղծագործել: «Արվեստի մեջ միտքն ու աչքը պիտի բաց լինեն, արվեստագետը երեւույթներին պիտի բաց նայի: Բայց լինելով իսլամական երկիր՝ Իրանում բազում խոչընդոտներ կան, որոնց պատճառով արվեստն ու արվեստագետները չեն կարող բաց լինել: Ցավոք, մենք չենք կարող այլ երկրների արվեստագետների աչքով տեսնել եւ ներկայացնել արվեստը: Իրանում ամեն ինչ ավելի խիստ է. չես կարող բաց քանդակել, նկարել, գրել»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ասել է փակ, այսինքն՝ ի՞նչ չի թույլատրվում արվեստագետին: «Օրինակ, եթե քանդակի կամ նկարի մեջ մարդը մերկ է՝ դա անթույլատրելի է: Այնինչ, երբ մարդուն վերցնում ես որպես մոդել, քանդակելիս կամ նկարելիս պիտի նրա կառուցվածքը, անատոմիան եւս ընդգծես, բայց, ցավոք, արվեստագետի աչքը ստիպված է չտեսնել մարդու մարմինը»,- մանրամասնեց պարսիկ լուսանկարիչը: Լուսանկարչի հետ զրույցի ընթացքում քննեցինք նաեւ պարսկական իրականության մեջ արվեստի այլ ճյուղերի զբաղեցրած դիրքը: «Մենք օպերա չունենք: Օպերայի ժանրի դեպքում պիտի պարն ու երաժշտությունը միաձուլված լինեն: Իսկ մենք պարարվեստի ավանդական դպրոց չունենք: Բայց մեզ մոտ զարգացած է քանդակագործությունը, լուսանկարչությունը, գրաֆիկան, կինոարվեստը, ունենք աշխարհում ճանաչված բազում ռեժիսորներ»: Քանի որ Հայաստանում լուսանկարչական դպրոց՝ որպես այդպիսին, գոյություն չունի, հետաքրքրվեցինք, թե այդ առումով Իրանո՞ւմ ինչպիսին է իրավիճակը: Ավշինը հայտնեց. «Իրանում լուսանկարչական դպրոց էլ կա, համալսարաններ էլ, նույնիսկ արվեստի այդ ճյուղը կարող ես ուսումնասիրել մագիստրատուրայում: Լուսանկարչությունն իր հերթին բազում ենթաճյուղերի է բաժանված՝ սպորտի, գովազդի, լրատվական ժանրերի համար նախատեսված, դիզայներական լուսանկարչություն»:

«Առավոտը» ցանկացավ նաեւ պարզել, թե լուսանկարիչն ինչպե՞ս է վերաբերվում այն երեւույթին, երբ արվեստագետը դառնում է կուսակցության անդամ կամ զբաղվում քաղաքականությամբ: «Իրանում արվեստագետները ոչ հետեւում են քաղաքականությանը, ոչ էլ սիրում են այն: Ընդհակառակը, ցանկանում են ինչքան հնարավոր է հեռու մնալ քաղաքականությունից, չեն էլ ուզում հայտնի դառնալ, որ քաղաքական գործիչները չգան ու չնեղացնեն»: Հետաքրքրվեցինք նաեւ, թե հայերն ու պարսիկներն իրար հետ ի՞նչ հարաբերությունների մեջ են: «Նրանք լավ հարեւանություն են անում, հայերն այնտեղ բիզնեսներ ունեն, խանութներ են բացել: Բայց երբ հարցը հասնում է կրոնների տարբերությանը, արդեն հայերն ու պարսիկները շփման եզրեր չունեն: Բայց չես ասի, որ հայերը Իրանում վատ են ապրում, եթե ինչ-որ խնդիրներ էլ լինում են՝ դրանք պետական հարցերի առումով են առաջանում, բայց ոչ սովորական ժողովրդի շրջանում»,- հնչեց պատասխանը: Ավշինից հարցրինք, թե ինչպիսի՞ն է իր «ընկալած» Հայաստանը. «Հատկապես ինձ դուր են գալիս ձեր քաղաքի քանդակները, ցավոք՝ մեր քաղաքում համարյա թե այդպիսիք չկան: Հայաստանը նման է երկրագնդից պոկված եւ մի տեղ ընկած փոքրիկ մի երկրամասի, որը պահպանել է իր բնությունը, մարդկանց: Հայաստանը ինչ-որ առումով Եգիպտոսին եմ նմանեցնում՝ երկուսն էլ հին քաղաքակրթությունների կրող են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել