Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՆՊԱՍՏՈՒՄ Է, ՈՐ ԴԱՌՆԱՆ ԱՆՕԹԵՎԱՆ

Հոկտեմբեր 14,2008 00:00

«Դիակոնիան» կանոնադրական փոփոխություններով բարդացնում է անապահով ընտանիքների կյանքը

ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովը, հիմք ընդունելով աշխատանքի եւ սոցիալական ապահովության, քաղաքաշինության նախարարությունների, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի եզրակացությունները, դեռեւս 2001թ. հոկտեմբերի 10-ին որոշում էր կայացրել որպես բարեգործական որակել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի «Հույսի ավան» ծրագիրը: Նշենք, որ այդ ծրագրով Երեւան-Աշտարակ խճուղուն հարակից 15,9 հա հողատարածքում կառուցվել է բնակելի թաղամաս, որն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվել է սոցիալապես անապահով ընտանիքներին: Ըստ հանձնաժողովի որոշման, այդ ընտանիքների թիվը 200 է:

Թաղամասի կառույցները, այդ թվում՝ առանձնատները, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի սեփականությունն են, սակայն, ծրագրի համաձայն, առանձնատները օտարման եւ գրավադրման առարկա չեն կարող հանդիսանալ: Ըստ նշված ծրագրի, բնակարաններով ապահովելիս առաջնահերթությունը տրվում է չափահաս դարձած եւ մանկատների խնամքից դուրս եկած երկկողմանի ծնողազուրկ անձանց, ծնողազուրկ երեխաներ կամ առաջին խմբի հաշմանդամ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին:

«Հույսի ավանում» տուն է հատկացվել նաեւ Վաչագան Խաչատրյանի բազմանդամ ընտանիքին: 2001թ. փաստագրման ժամանակ նրա 3 երեխաները չեն հաշվառվել որպես ընտանիքի անդամ: Երբ այդ մասին բարեգործական հիմնադրամին տեղեկացրել են, պատասխանել են, թե հարցը կլուծվի, սակայն բնակարանը հատկացնելուց հետո հայտարարել են, որ արդեն ուշ է եւ ոչինչ փոխել հնարավոր չէ: Փաստորեն, 3 երեխաները զրկվել են բնակարան ունենալու իրենց իրավունքից: Ինչեւէ, այս ամենով հանդերձ, «Դիակոնիայի» եւ Վ. Խաչատրյանի միջեւ 2006-ին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր: Այդ պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամանակով եւ պայմանագրի 9.2 կետի համաձայն՝ նոտարական վավերացման եւ դրանից ծագող իրավունքների պետական գրանցման ծախսերը պետք է կատարվի «Դիակոնիայի» հաշվին: Սակայն բարեգործական համարվող հիմնադրամը առանց մյուս կողմին տեղյակ պահելու, 2007-ին փոփոխություններ է կատարել իր կանոնադրությունում, որով պայմանագրի ժամկետը երկարացվել է 5 տարի, իսկ պայմանագրի կնքման հետ կապված ծախսերը «Դիակոնիան» իր վրայից գցելով՝ թողել է անապահով ընտանիքների վրա: Այս տարի լրացել է պայմանագրի ժամկետը, եւ կողմերը պետք է նորից պայմանագիր կնքեին: Տեղեկանալով, որ ամբողջ ծախսերը, ըստ «Դիակոնիայի» կանոնադրության, իր վրա է մնացել, Վ. Խաչատրյանը գումարի բացակայության պատճառով չի կարողացել կնքել պայմանագիր: Սա առիթ է հանդիսացել, որ պայմանագիր չկնքելու պատճառաբանությամբ 16.09.08թ. բարեգործական հիմնադրամը հայցադիմումով դիմի Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով դադարեցնել Վ. Խաչատրյանի կողմից ապօրինի զբաղեցրած տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքը եւ իր ընտանիքի անդամների հետ միասին վտարել «Հույսի ավանից»: Փաստորեն, բարեգործական հիմնադրամը, որը պարտավորվել է տնով ապահովել անապահով ընտանիքներին, այսօր նպաստում է, որ 20 հոգուց բաղկացած ընտանիքը իր 8 անչափահաս երեխաներով հայտնվի փողոցում:

Տեղեկացնենք, որ Վ. Խաչատրյանը վատառողջ է եւ տառապում է հեպատիտ C հիվանդությամբ: «Առավոտի» հետ զրույցում Խաչատրյանների շահերի պաշտպան Ռուզաննա Պապիկյանը նշեց, որ «կանոնադրության մեջ փոփոխություն անելը ապօրինի է, քանի որ այդ մասին մյուս կողմին տեղյակ չի պահվել: Բացի դա, ինչո՞ւ մենք պիտի վճարենք պայմանագրի գումարը, երբ տունը սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե այն զբաղեցնողներին, այլ՝ «Դիակոնիային»: Ռ. Պապիկյանի փոխանցմամբ, դեղորայք ստանալու խնդրանքով Վ. Խաչատրյանը օրերս հանդիպել է առողջապահության նախարարին: Տեղեկանալով այս ընտանիքի պատմության մասին, նա խոստացել է 10 հազար եվրոյի շրջանակներում հոգալ Վ. Խաչատրյանի առողջության խնդիրը, ապա նախարարն իր գրպանից տվել է 40 հազար դրամ, որպեսզի վճարեն պայմանագրի գումարը եւ տարածքից չվտարվեն: Սա այն դեպքում, երբ սոցապնախարարությունը մերժել է այս ընտանիքին օգնել: «Պայմանագրի գումարը ունենք, բայց մենք հիմա պայքարում ենք փոփոխված 9.2 կետի անօրինության դեմ: Չի բացառվում, որ վաղն էլ որոշեն փոխել մեկ այլ կետ եւ ավելի վատացնեն բնակիչների վիճակը»,- ավելացրեց Ռ. Պապիկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել