Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՉԵ՞Ն

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"Մարտի 1-ի դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է, որ ոչ մի ճնշում իրենք չեն զգում, անգամ սնդիկի սյան հայտնի ճնշումը:

– Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, խոսելով «Մարտի 1»-ի հանձնաժողովի եւ փաստահավաք խմբի ձեւավորման մասին, ասել էր, որ «Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի ճնշման արդյունքում պարիտետային հիմունքներով փաստահավաք խմբի ստեղծումը» ֆիքսեց, որ «ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ֆիկցիա է, անկողմնակալ, օբյեկտիվ չի կարող լինել ոչ միայն մեր ժողովրդի, ընդդիմության համար, այլեւ՝ Եվրոպայի համար: Այսինքն` փաստահավաք խմբի ստեղծումը մահվան դատավճիռ է Նիկոյանի հանձնաժողովի համար»: Փաստորեն, ամիսների ձեր աշխատանքը գնահատվեց անբավարար, Դուք համամի՞տ եք այս գնահատականին:

– Գագիկ Ջհանգիրյանն, այլ անձանց մեղադրելով օբյեկտիվ չլինելու մեջ, ինքն է թույլ տալիս ոչ օբյեկտիվ գնահատական՝ շարունակելով արմատական ընդդիմության խիստ սուբյեկտիվ մոտեցումն այս հանձնաժողովի հանդեպ: Նախ, Գագիկ Ջհանգիրյանը լավ կլիներ, որ առնվազն մեկ անգամ փորձեր օգնել հանձնաժողովին՝ անհրաժեշտ նյութեր տրամադրելով (չմոռանանք, որ Գ. Ջհանգիրյանն անազատության մեջ է դեռ մարտի 1-ից առաջ- Մ. Ե.), եւ եթե հանձնաժողովն անգործություն դրսեւորեր, այդ ժամանակ կարելի էր մեղադրել հանձնաժողովին: Երկրորդ, կարծում եմ, կեղծիք-թագավորության իշխանի մոտ ձեւավորվել է հակակրանք այն իշխանության հանդեպ, որն իրեն ծնեց, պահեց եւ նման վերաբերմունքի արժանացրեց: Որեւէ մեկը չի կարող մոռանալ ընտրակեղծիքների կնքահորը, եւ այսօր բարդել ամեն ինչ մեր հանձնաժողովի վրա, ասելով, թե ֆիկցիա է, կողմնակալ է եւ այլն, սա ուղղակի եւս մեկ անգամ հերոսանալու ինչ-որ փորձ-մեխանիզմ է:

– Համաձայնեք, որ Գ. Ջհանգիրյանը ճիշտ է, երբ ասում է, թե դատական «փուչիկները» կամաց-կամաց պայթելու են, հատկապես 300 եւ 225 հոդվածների մասով, որովհետեւ իրոք այդ մարդիկ իշխանություն չեն զավթել, եւ դատավորներն այսօր աննախանձելի վիճակում են:

– Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր արդարադատության համար այս դեպքերի դատաքննությունը փորձաքար է՝ որքանով կկարողանա դատական համակարգն արժանապատիվ իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված արդարադատական գործառույթը: Կան դատավարական պրոցեսներ, որտեղ ծիծաղելի կարող են թվալ այս կամ այն ապացույցի ներկայացումը կամ հետազոտությունը, բայց դա չի նշանակում, որ ողջ դատական համակարգը նման գնահատականի կամ վերաբերմունքի պետք է արժանանա: Վերջիվերջո, նույն դատական համակարգի նկատմամբ պարոն Ջհանգիրյանն իր դատախազ եղած ժամանակ ճնշում էր գործում, եւ եթե դատարանը չէր ենթարկվում, նա հրապարակային պարսավում էր: Բոլորս գիտենք մեր դատական համակարգի արատները, այդ թվում՝ պարոն Ջհանգիրյանը, որ ժամանակին կարող էր կառուցողական առաջարկներով հանդես գալ:

– Չեմ կարծում, որ ճիշտը ետ նայելն է. այսօրվա մասին է խոսքը, եւ անգամ նախագահը խիստ գնահատական հնչեցրեց արդարադատության հասցեին:

– Չեմ ուզում ետ նայել եւ անցյալի սխալներն անընդհատ երեսով տալ, ես ուզում եմ դրանք չմոռանանք՝ ապագայում չկրկնելու համար: Թող որեւէ մեկին չթվա, թե «Մարտի 1»-ի հանձնաժողովի անդամը ճնշման տակ գտնվող անձ է եւ անպայման պետք է ինչ-որ մեկի ցուցումը կատարի: Համենայնդեպս, ես իմ մասով կարող եմ վստահաբար ասել, որ որեւէ մեկը չունի բարոյական իրավունք՝ հանձնաժողովի անդամի մասին նման գնահատական հնչեցնելու:

– Դուք պնդում եք, որ որեւէ ճնշում չե՞ք զգում:

– Այս պահի դրությամբ զգում եմ հասարակության մեջ մի այնպիսի ոչ օբյեկտիվ ճնշում, երբ ինձ փորձում են վերագրել բաներ, որոնք չեմ մտածում եւ իմ գործողություններն էլ դրան չեն ուղղորդվում: Ես չգիտեմ, թե իրենց նեղ անձնական-քաղաքական շահերից ելնելով ինչ մեկնաբանություններ են տալիս իմ գործողություններին՝ որպես հանձնաժողովի անդամի, բայց հավատացնում եմ, կա հստակ դրված խնդիր այն քաղաքական ուժի կողմից, որը ներկայացնում եմ՝ լինել անաչառ եւ նպաստել գործի օբյեկտիվ քննությանը:

– Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանն ասել է. «Ես ցանկացած լաբորատորիայում եւ ցանկացած հանձնաժողովում կապացուցեմ, որ այդ կադրերը մոնտաժված չեն, հում նյութ է եւ ոչ թե նկարված է որեւէ սպանդանոցում կամ անասնագոմում, այլ Երեւանում` Պարոնյան փողոցում, որտեղ տեղի են ունեցել դեպքերը, դրա ապացույցն է ժամանակակից տեխնիկան, ոչ թե ես կամ իմ հայտարարությունները»: Խոսքը փորձագետ Շոթա Վարդանյանի կողմից հանձնաժողովին ներկայացրած պնդման մասին է, թե մարտի 1-2-ին նկարահանված որոշ կադրերում ոչ թե մարդու մարմնի մասեր են, այլ՝ կենդանու:

– Սա այն դեպքն է, որ հասարակության մոտ կա ալեկոծում, եւ հնչեցված կարծիքը չի բավարարում հասարակությանը: Մենք պարտավոր ենք ամբողջությամբ խորամուխ լինել այս հարցի մեջ՝ ներկայացնելով կամ հավաքագրելով բոլոր փաստերը, որտեղ մենք չենք կարող չեզոք չլինել, քանի որ մեր եզրակացությունը պետք է հիմնվի այդ փաստերի վրա: Շատ կարեւոր է, որ Շոթա Վարդանյանի այս հայտարարությունը, որի գրավոր հիմնավորում առայժմ չկա, գրավոր տեսքով դրվի սեղանին եւ քննարկվի, այդ թվում՝ այն մարդկանց կողմից, ովքեր չեն ընդունում այդ բացատրությունը: Կարծում եմ, չպետք է վայնասուն բարձրացնել, երբ որեւէ փորձագետ իր կարծիքն է ասում հանձնաժողովում: Դա հանձնաժողովի կարծիքը չէ, եւ անգամ եթե հանձնաժողովի որեւէ անդամ իր կարծիքը ներկայացնի՝ դա եւս հանձնաժողովի կարծիք չէ: Հանձնաժողովի կարծիքը լինելու է վերջնական եզրակացությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031