Լրահոս
Օրվա լրահոսը

Վիզաների վարչությունը «տուն-տունի՞կ» է խաղացել

Հոկտեմբեր 16,2008 00:00

5 տարի է՝ քաղաքացին աղերսում է իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհել, բայց անձնագրային եւ վիզաների վարչությունից միշտ մերժում են:

Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ Էդիկ Արաբյանը Իրանից Հայաստան է տեղափոխվել 1996 թվականին: Նույն թվին ամուսնացել է Էջմիածնի բնակչուհի Ասյա Մակարյանի հետ: Է. Արաբյանի խոսքերով. «Ես, Ասյան եւ իր մայրը՝ Ռոզա Վարդանյանը, գնացել ենք Էջմիածնի զագսի բաժին եւ գրանցվել ենք, սակայն հետագայում պարզվել է, որ այդ ամուսնությունը կեղծ է եղել: Մինչեւ 1999 թ. ես եւ Ասյա Մակարյանը բնակվել ենք իրենց տանը: Այդ ընթացքում Ասյան թունավորելու միջոցով ցանկանում էր ազատվել ինձնից, քանի որ յուրացրել էր մոտ $20 հազար արժողությամբ ապրանք: Միայն 2003-ին եմ դիմել ՀՀ ոստիկանության վիզաների վարչություն՝ անձնագիր ստանալու համար: Այդ ժամանակ վարչության պետ Ալվինա Զաքարյանի կողմից ստացա մերժում, այնուհետեւ ասացին, որ նորից դիմեմ, սակայն կրկին մերժեցին»,- «Առավոտին» պատմեց Էդիկ Արաբյանը: Ըստ նրա, բազմիցս դիմել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նախագահականից պատասխանել են, որ կարող է անձնագիր ստանալ՝ դիմելով վիզաների վարչություն: «Կրկին փորձիր» տարբերակով նորից է դիմել ու մերժվել: «2008-ին դիմեցի նաեւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանին, փոխվել է նաեւ վիզաների վարչության պետը: Այս անգամ էլ այնտեղից պատասխանեցին, որ նորընտիր նախագահը թող հրաման տա եւ միայն դրանից հետո կարող ենք ՀՀ անձնագիր տալ: Բայց վիզաների վարչությունը՝ անձնագրային ռեժիմը խախտելու համար, ինձ տուգանեց 50 հազար դրամով: Հետո վիզայի համար ինձնից պահանջեցին եւս 15 հազար դրամ: Այդ մուծումները կատարելուց հետո ասացին, որ պետք է 1 տարով լքեմ ՀՀ տարածքը: Ես տեղ չունեմ գնալու: Իրան չեմ կարող գնալ, քանի որ իմ ամբողջ ազգությունը ԱՄՆ-ում է, ես էլ ցանկանում եմ մնալ իմ հայրենիքում: Հիմա առանց որեւէ գրավոր պատճառաբանության՝ պահանջում են կարճ ժամանակում լքեմ Հայաստանը, հակառակ դեպքում բռնի ուժով կանեն, բայց ինչո՞ւ»,- ասաց Է. Արաբյանը:

Տեղեկացանք, որ է. Արաբյանի արտաքսման պատճառը 7 տարի ՀՀ-ում ապօրինի բնակվելն է եղել: Բացի դա, երբ դիմել է անձնագրային եւ վիզաների վարչություն՝ իր ձեռքի տակ չի ունեցել նաեւ Իրանի քաղաքացիության անձնագիրը, ինչը պարտադիր է, քանի որ այն պետք է ետ վերցվեր՝ փոխարենը տրվեր ՀՀ քաղաքացու անձնագիր: Ժամանակին օրենքի պահանջը չկատարելու համար այժմ նա կանգնել է փակուղու առաջ՝ ետ գնալու տեղ չունի, իսկ Հայաստանում մնալ թույլ չի տալիս «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքը: Ներպետական օրենքների համաձայն, Է. Արաբյանը պետք է մեկ տարով լքի Հայաստանը, որից հետո կրկին կարող է գալ եւ հայցել քաղաքացիություն: Պարոն Արաբյանը փոխանցեց, որ ՀՀ-ում ապրած տարիների «ոդիսականի» մասին տեղեկացրել է նաեւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.-ին: Իսկ օրեր առաջ, իր խոսքերով, ոստիկանության ապօրինությունների դեմ հայցով դիմել է Եվրոդատարան՝ առանց սպառելու ներպետական դատական ատյաններին դիմելու իր իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել