Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ չէ, այլ՝ ամբաստանվում է

Հոկտեմբեր 16,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3 աշխատակիցներ՝ Վարդան Գեւորգյանը, Մուրադ Բաղդասարյանը եւ Անդրեաս Աբրիյանը, ցուցմունք տվեցին, ներկայացրին փետրվարի 23-ին Գագիկ եւ Վարդան Ջհանգիրյաններին ԿՀԴՊՎ բերելիս իրենց տեսածն ու լսածը: Գ. Ջհանգիրյանի եւ նրա պաշտպանների պնդումներին, թե իրենց բերման ենթարկելիս ԿՀԴՊՎ շենքը լեփ-լեցուն է եղել ոստիկաններով ու «սպեցնազցիներով», վկաներն իրարամերժ թվեր հրապարակեցին: Վկա Վ. Գեւորգյանն ասաց, որ բացի բերման ենթարկվածներից, 6 մարդ է տեսել, Մ. Բաղդասարյանը տեսել էր 2-3-ին, իսկ Ա. Աբրիյանը՝ 10-15-ին:

Վկա Մ. Բաղդասարյանը մեղադրող Կորյուն Փիլոյանի հարցին չկարողացավ պատասխանել, թե ինչո՞ւ են Գ. Ջհանգիրյանի ձեռքերը ետեւում կապած բերել, իսկ Վարդան Ջհանգիրյանինը՝ ոչ: Համաձայն այս վկայի՝ իրենց աշխատակիցներն ամեն կերպ փորձել են դիմակայել Գ. Ջհանգիրյանի սպառնալիքներին: Գ. Ջհանգիրյանի հարցին, թե ինքը հատկապես ի՞նչ եւ ինչի՞ համար է սպառնացել, վկան պատասխանեց. «Ասում էիք՝ դուք ձեր հալը կտենաք, էս ի՞նչ ա կատարվում: Ես այդքանն եմ հիշում: Այդպես էր ասում, երեւի, ձեռքը մեջքին կապելու համար»: Գ. Ջհանգիրյանը հակադարձեց. «Ստում ես, անամոթաբար»: Մյուս վկա Ա. Աբրիյանը ներկայացրեց, թե Գ. Ջհանգիրյանի սպառնալիքները եղել են հետեւյալը. «Բոլորին նստացնել կտամ, դուք դեռ չգիտեք, թե ում հետ գործ ունեք»:

Դատական նիստը նախագահող Ժորա Վարդանյանը հայտարարեց, որ անհիմն են Գ. Ջհանգիրյանի նախորդ դատերին հնչեցրած այն պնդումները, թե ինքը խոչընդոտում եւ արգելում է պաշտպանական կողմի վկաներին տրվող հարցերը: Ի պատասխան՝ Գ. Ջհանգիրյանը, խոսքն ուղղելով դատավորին, հայտարարեց. «Եթե ձեր ներսում դուք վճիռն արձակել եք, դա ձեր գործն է, բայց ես խնդրում եմ պահպանել դատավարական կարգը, ամբաստանվողիս իրավունքները չխախտել եւ թողեք մենք էլ հարցաքննենք վկաներին»: Ապա, հիշեցնելով ոստիկաններից մեկի այն ցուցմունքը, որ իրեն հարցաքննել են իր աշխատավայրում, Գ. Ջհանգիրյանը հավելեց. «Եթե նախաքննական մարմինը՝ քննիչը, 6-րդ վարչության աշխատակցին գնում 6-րդ վարչությունում է հարցաքննում, ինձ համար ամեն ինչ պարզ է»: Գ. Ջհանգիրյանը երեկ եւս հայտարարեց, որ ինքը ոչ թե ամբաստանյալ է, այլ ամբաստանվում է: Երբ դատավորը հայտարարեց հաջորդ դատալսման օրը՝ հոկտեմբերի 21-ը, նախկին դատախազը կոչ արեց բոլորին մասնակցել հոկտեմբերի 17-ին ընդդիմության կազմակերպելիք հերթական հանրահավաքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել