Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՅԱՆ» ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ

Հոկտեմբեր 16,2008 00:00

\"\"Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմի հերոսուհին կարճ ժամանակով հայրենիքում է

Թատրոնի եւ կինոյի դերասանուհի Կարինե Սուքիասյանը հայ կինոարվեստ եկավ Մայայի դերակատարմամբ՝ Հ. Մալյանի «Հայրիկ» ֆիլմում (1972թ.): Այն մարտահրավեր էր ավանդական պատկերացումներին, որովհետեւ այդ տարիներին մեզ համար անսովոր կանացի մի կերպար էր, որը փշրում էր ազգային բարոյականության մասին պատկերացումները: Եվ այս կերպարն ուղենիշային եղավ դերասանուհու համար, որովհետեւ հետագայում ինչ էլ նա խաղար, ընդդիմանում էր հասարակական կարծիք կոչվածին ու ամբոխի օրենքներին՝ հաստատելով ազատ մտածողությունը: Ասվածի վկայությունն են թատրոնում նրա կերտած Բեատրիչեն՝ «Սեր, ջազ եւ սատանա» (բեմադրիչ՝ Վլ. Քոչարյան), իշխանուհի Աննան՝ «Ինկած բերդի իշխանուհին» (բեմադրիչ՝ Հ. Գասպարյան) եւ այլն: Շուրջ 15 տարի անց դերասանուհին, որ ապրում է Նյու Յորքում, նորից իր ծննդավայրում է՝ Երեւանում: «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացավ Քոչարյան ազգանվամբ, նշելով, որ այն կրում է ի հիշատակ առաջին ամուսնու՝ վաղամեռիկ ճանաչված դերասան եւ ռեժիսոր Վլադիմիր Քոչարյանի: Նշենք նաեւ, որ նախկին սունդուկյանցին ժամանակին գլխավոր դերերով հանդես է եկել շուրջ 20 ներկայացման մեջ, այդ թվում՝ Օստրովսկի՝ «Կատաղի փողեր», Գորկի՝ «Հատակում», Դավթյան՝ «Ծիրանի ծառ», Զարյան՝ «Հացավան», Շեքսպիր՝ «Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա» եւ այլն:

«Առավոտը» դերասանուհուց նախ հետաքրքրվեց, թե Ամերիկայում ինչպե՞ս է զգում Վարդան Աճեմյանի երբեմնի սանը՝ առանց թատրոնի ու բեմի: «Իհարկե, ինձ լավ կզգայի, եթե հոգուս մեջ խոր անդունդ բացված չլիներ, որը լցված է աշխարհի ամենածանր հիվանդությամբ՝ կարոտախտով: Ես՝ հայաստանցիս, դարձել եմ Արարատի պատկերին նայող եւ հուզվող, Հայաստան եկող ու ամեն վայրկյան թաց աչքերով քայլող սփյուռքահայ: Իհարկե, երջանիկ կզգայի, եթե կյանքիս իմաստը կազմող, հոգիս ու միտքս տարած մասնագիտությանս եւ հատկապես Սունդուկյան թատրոնին հրաժեշտ տված չլինեի… Իսկ ընդհանրապես, կարելի է ասել՝ երջանիկ եմ: Որովհետեւ, նախ իմ երկրորդ ամուսնու՝ դարձյալ նախկին սունդուկյանցի Արա Մանուկյանի հետ 1996թ. հիմնել ենք «Արձագանք» TV, որը միակն է Ամերիկայի արեւելյան շրջանում, եւ մեր կյանքը իմաստավորել մի գործով, թող ամպագոռգոռ չհնչի՝ հայրենանվեր գործով, որովհետեւ այս հեռուստաալիքով աշխատում ենք որքան հնարավոր է Սփյուռքը եւ հայրենիքը մերձեցնել: Հաճախ մեզ մեղադրում են, որ «Արձագանքի» հաղորդումները չափազանց դրական են, ավելի շատ հայրենասիրություն քարոզող, քան լուր հայտնող: Ամեն դեպքում՝ աշխատում ենք անգամ Հայաստանի նեգատիվ երեւույթները մեղմ ներկայացնել: Մեզ համար չկան Հայաստանի անհատ ղեկավարներ, մեզ համար կա Հայաստան՝ իր ժողովրդով, մանավանդ՝ դրսում մեր TV-ն դիտում են հայերիս բարեկամ եւ ոչ բարեկամ ազգեր: Ի դեպ, շուրջ 3 տարի է՝ ես «Ամերիկայի ձայն» հեռուստատեսության Նյու Յորքի թղթակիցն եմ»,- հայտնեց տիկին Կարինեն:

Մեր դիտարկմանը, որ արտերկրում բնակվող նախկին հայաստանցի ճանաչված դերասանները, երբ հայտնվում են հայրենիքում, խանդի առիթ են տալիս իրենց տեղացի գործընկերներին, նկատի ունենալով այն, որ 2009-ին դերասանուհին Մայր թատրոնի բեմում հանդես է գալու գլխավոր դերով: Կ. Սուքիասյանը չհերքեց, որ, իսկապես, ստացել է առաջարկ, բայց չմանրամասնեց: Իր հարազատ թատրոնում այսօր ստեղծված վիճակի մասին ասաց հետեւյալը. «Մայր թատրոնը պարզապես չի կարող գոյատեւել առանց գեղարվեստական ղեկավարի: Հետեւելով կոնկրետ Նյու Յորքի թատերական կյանքին, ասեմ, որ այնտեղ էլ ոչ մի թատրոն չի գործում առանց ղեկավարի: Համամիտ չեմ այն մտայնությանը, որ Սունդուկյանի թատրոնը մյուս թատրոններից վատ վիճակում է, օրինակ՝ թեկուզ Դրամատիկականից, Երաժշտական կոմեդիայի թատրոնից, եւ այլն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031