Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային ճարտարապետական նախագիծը մերժվեց

Հոկտեմբեր 16,2008 00:00

Այն արգելվեց ներկայացնել վենետիկյան բիենալեին, որովհետեւ իր մեջ ներառում էր Տիգրան Խզմալյանի ֆիլմը

«Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին ճարտարապետ Աշոտ Արշակյանն ու կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրանք խոսեցին սեպտեմբերի 14-ին բացված Վենետիկյան ճարտարապետական բիենալեի մասին, որտեղ իր աշխատանքը պետք է ներկայացներ Ա. Արշակյանը, ինչը վերջին պահին քաղաքաշինության նախարարությունը չէր թույլատրել: Ըստ Ա. Արշակյանի. «Բիենալեի համար արված ազգային նախագիծն իր մեջ ներառում էր նաեւ 10 րոպե տեւողությամբ «Օպերա» վերնագրով ֆիլմը, որի հեղինակը Տիգրան Խզմալյանն է: Բիենալեի բացումից մեկ շաբաթ առաջ քաղաքաշինության նախարարությունը, որը ֆիլմի պատվիրատուն էր, անհասկանալի պատճառներով չթույլատրեց այն ներկայացնել բիենալեին: Ի դեպ, նախարարության ֆինանսների սղության պատճառով ամբողջ գործն իրականացվել էր նախագծի հեղինակների միջոցներով»:

Տ. Խզմալյանը հավելեց, որ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի՝ որպես ճարտարապետական կառույցի մասին պատմող «Օպերա» ֆիլմը թարգմանվել էր նաեւ իտալերեն եւ անգլերեն՝ օտարներին հասկանալի լինելու համար:

Ա. Արշակյանի փոխանցմամբ. «Ամբողջ խնդիրն այն է, որ սա ճարտարապետական բիենալե է, եւ այնտեղ քաղաքականությամբ զբաղվող կազմկոմիտե կամ դիտորդ գոյություն չուներ: Այնպես որ, աբսուրդ է՝ ճարտարապետական բիենալեին ներկայացվող նախագծում քաղաքական մոտիվներ փնտրելը: Դա պարզապես ծիծաղելի է… Մեզ նախարարությունում կցկտուր ասացին, որ իբր ֆիլմը քաղաքականացված է ու այնտեղ հակասիոնիստական բան կա»: Տ. Խզմալյանի խոսքերով՝ Ա. Արշակյանին մերժելու մեջ ինքն իր մեղքի բաժինն է տեսնում. «Վախենում եմ, որ մերժման պատճառներից մեկն այն է, որ ֆիլմի հեղինակը ես եմ, ինչն էլ խանգարեց, որ ազգային նախագիծը ներկայացվի Վենետիկում, հիմա չգիտեմ՝ ծիծաղե՞մ, թե՞ լաց լինեմ»: Ա. Արշակյանն ասում է, որ ինքն այդպես էլ չի հասկացել մի բան. «Քաղաքաշինության նախարարության ո՞ր սենյակում է որոշվել, որ ֆիլմը չպիտի ցուցադրվի: Զարմանալին այն է, որ նախագծի համակարգողը նախարարությունն էր, բայց մերժումը մեզ փոխանցել է Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրենը»:

Խոսելով «Օպերա» ֆիլմի մասին, Տ. Խզմալյանն ասաց, որ հսկայական աշխատանք է տարվել, արխիվից հանվել են Թամանյանի օրիգինալ նախագծերն ու օպերայի շենքն արվել է կոմպյուտերային գրաֆիկայով, ինչը ֆինանսատար աշխատանք է. «Ուզում էինք աշխարհին ցույց տալ, որ օպերայի շենքն իր մեջ ամփոփում է մեր անցյալը, ներկան եւ ապագան: Ֆիլմում ոչ թե քաղաքական, այլ մշակութային հարցեր են արծարծվում, եւ այնտեղ արված մարգարեությունները նույնպես քաղաքական չեն: Ոչ մի քաղաքական աստառ չկա…»: Ա. Արշակյանն էլ հավելեց. «Ֆիլմի իմաստն այն է, որ մեր կողքին կա մի շենք, մի կառույց, մի ծավալ, որն իրենից ներկայացնում է մեծ էներգետիկ կծիկ, որի շուրջ կենտրոնացած են ընդդիմությունը, իշխանությունը, թանկ մեռելները, երեխաների փառատոնը, լավ հյուրերը, ցանկացած թագադրում, ու եթե ուշադիր լինեք, ընդհանրապես ամեն ինչ… Այժմ խնդրում եմ՝ ինձ բացատրել, թե որտե՞ղ է այստեղ քաղաքականությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031