Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՊՐԵԼ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ

Հոկտեմբեր 16,2008 00:00

Երեկ ՄՏՍ խմբի, «ՎիվաՍել» ՄՏՍ-ի եւ «Ռոյթեր» գործակալության համատեղ նախաձեռնությամբ Երեւանի Գեւորգյան ցուցասրահում բացվեց «Օլիմպիական խաղեր 2008, մեր հաղթանակների բերկրանքը» խորագրով լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ հոկտեմբերի 17-ը:

Ցուցահանդեսն ընդգրկում է օլիմպիական խաղերի առավել նշանակալի, հետաքրքիր եւ հուզումնալի դրվագները պատկերող շուրջ 150 լուսանկար, որոնց մեծ մասը որսացել են «Ռոյթեր» գործակալության լուսանկարիչները: Իրենց մի քանի աշխատանքներն են տրամադրել նաեւ հայաստանցի լուսանկարիչներ Մարտին Շահբազյանն ու «Արմենպրես» գործակալության աշխատակից Տիգրան Մեհրաբյանը:

Ցուցահանդեսի բացման ժապավենը կտրեցին ըմբիշներ, Պեկին-2008-ի բրոնզե մեդալակիրներ Ռոման Ամոյանը եւ Արսեն Ջուլֆալակյանը: Հրավիրվածների մեջ էին անցած դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, որին վստահված էր Խաղերի բացման շքերթում տանել Հայաստանի դրոշը, տարբեր մարզաձեւերի օլիմպիական հավաքականների անդամներ, սպորտի պետական կառույցի եւ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ, որոնց ընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ օլիմպիական վեց բրոնզե մեդալների նվաճումը:

Ողջունելով ներկաներին՝ ՄՏՍ խմբի կորպորատիվ կոմունիկացիաների գծով փոխնախագահ Անդրեյ Տերեբենինն ասաց, որ այս ցուցահանդեսը նվիրված է հայկական սպորտի հաջողություններին: «Մենք հեռուստակոմունիկացիոն ընկերություն ենք, կապավորներ: Իսկ սպորտը մարդկանց իրար կապելու եւ միավորելու լավագույն միջոցն է: Մենք մեր աշխատած վեց երկրներում աջակցում ենք սպորտային ծրագրերին, իսկ եթե սպորտն ավելի զարգացնելու հարցում օգնության կարիք է լինում՝ հաճույքով դա էլ ենք անում: Նմանատիպ ցուցահանդեսներ կազմակերպել ենք բոլոր այն երկրներում, որտեղ ՄՏՍ-ը ներկա է: Մենք միշտ էլ աշխատում ենք արժանին մատուցել մարզական հերոսներին, նրանց, ովքեր մարդկանց համար իրենց երկրով հպարտանալու հնարավորություն են ստեղծում: Երբ ես առաջին անգամ ՄՏՍ-ի աշխատակիցներին հարցրի, թե, իրենց կարծիքով, այն երկրներում, որտեղ աշխատում ենք, ո՞ր գաղափարն է աջակցելու ավելի արժանի, բոլորը տվեցին սպորտի անունը: Խոստանում ենք, որ այս ավանդույթը կահպանենք ու կշարունակենք»:

«ՎիվաՍել» ՄՏՍ-ի գլխավոր տնորեն Ռալֆ Յիրիկյանը շնորհակալություն հայտնեց հայ մարզիկներին, որոնք մեր հայ անունը եւ պատիվը բարձր պահեցին: «Ես հուսով եմ, որ նույնը կկրկնվի, եւ մեր մարզական նվաճումները կշատանան: Մեր կորպորատիվ-սոցիալական ծրագրերի շրջանակներում միայն առողջապահական, կրթական կամ բնապահպանական ոլորտները չեն ընդգրկված: Ունենք նաեւ մարզական ծրագրեր: Այս ցուցահանդեսը մի փոքր շնորհակալություն է մարզիկներին, որոնք Պեկինում մեր հայ ժողովրդին պատվեցին: Մենք էլ ցանկանում ենք այս ցուցահանդեսը կազմակերպելով՝ իրենց պատվել: Թող մարդիկ գան, դիտեն լուսանկարները, տեսնեն, թե ինչպիսին էր մթնոլորտն օլիմպիական խաղերում, մեկ անգամ էլ վերապրեն այն օրերի զգացմունքները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել