Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՎԱՏ ԲԱՆ ՉԻ ԵՂԵԼ

Հոկտեմբեր 17,2008 00:00

Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 1-ի իրադարձություններից հետո հետախուզման մեջ է գտնվում, բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռ/կ-ին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե՝ «դուք հայտարարել էիք հեղափոխության մասին: Ի՞նչ եղավ այդ հեղափոխությունը՝ հետաձգվե՞ց, լռվեց-մնա՞ց, թե՞ այժմ շարունակվում է», Ն. Փաշինյանը կարծիք է հայտնել, թե՝ «հեղափոխության հետ ոչ մի վատ բան տեղի չի ունեցել: Ընդհակառակը, վերջին 9 ամիսները ցույց տվեցին, որ Հայաստանում օրինականության, սահմանադրական կարգի, ժողովրդի իշխանության վերականգնման ոչ հեղափոխական բոլոր միջոցները սպառված են: Վերցնենք թեկուզ ՏԻՄ վերջին ընտրությունները: Դրանցից բխող եզրակացությունը մեկն է՝ ժողովուրդը, որին պատկանում է իշխանություն ձեւավորելու բացառիկ սահմանադրական իրավունքը, զրկված է այդ իրավունքի իրացման ազատությունից եւ հնարավորությունից: Ու հեղափոխությունը այդ ազատությունը վերականգնելու, Հայաստանում օրինականություն հաստատելու միակ տարբերակն է»: Նա նաեւ ասել է, որ «համաժողովրդական շարժումը զերծ մնաց կոշտ քայլերից՝ ինչ-որ իմաստով իշխանություններին շանս տալով ապացուցելու, որ առանց հեղափոխության, այսինքն՝ առանց գործող իշխանությունների հեռացման, հնարավոր է երկրում հաստատել օրինականություն, վերականգնել քաղաքացիական իրավունքները, խոսքի ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը: Բայց հենց իշխանությունը իր գործողություններով ապացուցեց, որ հեղափոխությունը օրինականության հաստատման միակ տարբերակն է»:

Ըստ նրա, իշխանությունները նաեւ իրեն մեղադրում են սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ. «Այսինքն՝ մարտի 1-ի սպանությունները կազմակերպելու մեջ: Սա մի աննախադեպ իրավական աբսուրդ է, որովհետեւ այդ մեղադրանքը ենթադրում է, որ սպանությունների անմիջական կատարողները ոչ միայն բացահայտված են, այլեւ ապացուցված է, որ նրանք գործել են ընդդիմության հրամանով»: Խոսելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու հեռանկարի մասին՝ Ն. Փաշինյանն ասել է, թե իշխանությունը նրանց ազատ կարձակի, եթե այլ տարբերակ չունենա, իսկ իշխանությանն այդ այլընտրանքից զրկելը Հայ ազգային կոնգրեսի, համաժողովրդական շարժման անելիքն է. «Եթե իշխանությունը մեր ընկերներին բանտում պահելու հնարավորություն ունի, ուրեմն՝ մենք նրան տվել ենք այդ հնարավորությունը: Ես մեր շարժման բոլոր մասնակիցներին, համակիրներին կոչ եմ անում քաղբանտարկյալների ազատության հարցը դիտարկել հենց այս տեսանկյունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել