Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻ ԼԱՅՆ. «ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ ՕՐԵՆՔԻ ԱՌՋԵՎ՝ ԱՆԿԱԽ ՉԱՓՍԻՑ»

Հոկտեմբեր 21,2008 00:00

ՎիմպելԿոմ ԲԲԸ-ի՝ ԱՊՀ երկրներում հասարակության հետ կապերի գծով ղեկավար Արտյոմ Մինաեւը իր հարցազրույցում, մեր կարծիքով, փորձել է աղավաղված կերպով ներկայացնել հանրությանը որպես «բիլայն» հնչող ապրանքանիշերի շուրջ առաջացած իրավիճակը: Այդ կապակցությամբ՝ անհրաժեշտ եմ գտնում ներկայացնել իրական դրությունը:

Վկայակոչելով Միջազգային արտոնագրային գործակալությունը՝ պրն Մինաեւը պնդում է, թե ՎիմպելԿոմը Հայաստանում ունի «Beeline» ապրանքանիշի օգտագործման բոլոր իրավունքները եւ զարմանում է, թե ինչո՞ւ «Բի Լայն» ՍՊԸ-ն անդրադառնում է միայն տնտեսական դատարանի որոշմանը, երբ «հարցը լուծված է միջազգային մակարդակով»: Մինաեւի խոսքերն աչքակապության փորձ են՝ քողարկված մոգական «միջազգային» բառով: Ո՛չ մի որոշակիություն, ո՛չ մի իրավաբանական կոռեկտություն: Պրն Մինաեւը լռության է մատնում այն, որ ՎիմպելԿոմի հիշատակած «Beeline» ապրանքանիշը միջազգային գրանցում է ստացել միայն 2005 թվականին: Մեր հայկական «Բի Լայն» ընկերությունը, որ գործում է Խանջյան 50 հասցեով, գրանցել է իր ֆիրմային անվանումը հեռավոր 1996 թվականին, իսկ ապրանքանիշերը՝ 1997 եւ 2001թթ., այսինքն՝ ՎիմպելԿոմի ապրանքանիշերի միջազգային գրանցումից առաջ: Հայաստանում որպես «բիլայն» հնչող ապրանքանիշերի նկատմամբ հայկական «Բի Լայն» ընկերության առաջնայնությունն անվիճելի է:

Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունը, լիովին հիմնավորված կերպով, 2006թ.-ին մերժել է ՎիմպելԿոմի «Beeline» ապրանքանիշի գրանցումը Հայաստանում: Այդ որոշումը վիճարկվել էր ՎիմպելԿոմի կողմից տնտեսական դատարանում, առանց «Բի Լայն» ընկերությանը դատավարությանը ներգրավելու եւ չեղյալ էր ճանաչվել տնտեսական դատարանի անհեթեթ որոշմամբ, որը ՎիմպելԿոմի եւ մեր «Բի Լայն» ընկերության ապրանքանիշերի հնչողության միջեւ տարբերություն էր հայտնաբերել: Նույնիսկ անգլերեն տարբերակում «Beeline»-ը հնչում է «բիլայն», ինչպես եւ մեր ֆիրմային անվանումն ու ապրանքանիշերը: Բացառապես տնտեսական դատարանի այդ անարդար որոշման հիման վրա «Beeline» ապրանքանիշի միջազգային գրանցումը տարածվեց Հայաստանում 2008 թ. ապրիլից: Միջազգային արտոնագրային գործակալության գործողություններն ամբողջովին պայմանավորված են ազգային դատարանի որոշմամբ, որն ունի որոշիչ նշանակություն Հայաստանում: Հուսով եմ, որ այժմ պրն Մինաեւի համար լիովին պարզ է, թե ինչո՞ւ ենք մենք «վկայակոչում միայն տնտեսական դատարանի որոշումը»: Քանզի դատարանը, այլ ոչ թե Միջազգային արտոնագրային վարչությունն է բացել «ետնամուտքի» դռները դեպի հայկական շուկա ՎիմպելԿոմի «Beeline» ապրանքանիշի համար: Ի դեպ, դատարանի այդ որոշումը մենք բողոքարկել ենք վճռաբեկ ատյանում: Եթե Հայաստանի վճռաբեկ դատարանը վարույթ ընդունի եւ բավարարի մեր բողոքը, «Beeline» ապրանքանիշը Հայաստանում գործածելու մասին ՎիմպելԿոմը ստիպված կլինի մոռանալ: Միաժամանակ, ուրախալի է, որ ՎիմպելԿոմը նույնպես կամաց-կամաց սկսել է զատվել տնտեսական դատարանի անհեթեթ որոշումից, ըստ որի «Beeline»-ը պիտի կարդացվի «բիիլայն»՝ երկու «ի»-ով:

Այնուհետեւ, Մինաեւը պնդում է, թե վիճելի հարցերը ՎիմպելԿոմն ուզում էր հանգուցալուծել առանց դատական քննության՝ բանակցությունների ճանապարհով, ինչից մենք, իբր, հրաժարվեցինք: Եթե բանակցություններ ասելով Մինաեւը նկատի ունի ոչ պաշտոնական զրույցները՝ «ԱրմենՏելի» կողմից ապրանքանիշի փաստացի գործածմանը զուգընթաց, ապա ամեն ինչ ճիշտ է: Իսկ իրականում, ՎիմպելԿոմը նույնիսկ չնշանակեց լիազորված բանակցողի, իսկ «բանակցությունները» ավելի նման էին մեր ապրանքանիշերից եւ ֆիրմային անվանումից մեզ հրաժարվել ստիպելու փորձերի: «ԱրմենՏելն» սկսել էր Հայաստանում արգելված «Beeline» ապրանքանիշի գործածումը եւ առաջխաղացումը դեռ բանակցությունների ընթացքում եւ համառորեն շարունակում էր նույն ոգով՝ չնայած մեր բազմաթիվ բանավոր եւ գրավոր բողոքների: Այդ կերպ փորձ էր արվում փաստացիորեն ճնշել մեր ապրանքանիշը եւ «բիլայն» հնչումը կապել «ԱրմենՏելի» հետ: Հենց այդ էր պատճառը, որ մեր «Բի Լայն» ընկերությունն ստիպված եղավ դիմել դատարան: Իսկ բանակցություններից մենք երբեւէ չենք հրաժարվել, ի տարբերություն ՎիմպելԿոմի: Դրանից բացի, Մինաեւը մոռացել է «ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի հայտարարությունն այն մասին, որ լայնածավալ «րեբրենդինգի» հապաղումը կապված է «ԱրմենՏելի» կապի ցածր որակի հետ, որի հետ ՎիմպելԿոմը չի ցանկանում կապել իր միջազգային «Beeline» ապրանքանիշը: Այսպիսով, պատճառը մենք չէինք, այլ «ԱրմենՏելի» կապի որակը, որն այսօր էլ, կարծում ենք, անթերի չէ եւ ստվեր է գցում նաեւ մեր ընկերության վրա-

Պրն Մինաեւի մտորումներն այն մասին, թե «փոքր ընկերությունը» ցանկանում է իրեն շահեկան կերպով ներկայացնել «խոշորի» հաշվին՝ հայտարարելով, թե գլոբալ կորպորացիան յուրացրել է նրա իմիջի կամ ապրանքանիշի մի մասը՝ պարզ ձեռնածություն է- Ակնհայտ է բոլորովին այլ իրադրություն՝ «մեծ ընկերությունը փորձում է իրեն շահեկան կերպով ներկայացնել իր միջազգային ապրանքանիշի ներքո, սակայն անում է դա մեկ այլ ընկերության հաշվին՝ ոտնահարելով դրա ազգային ապրանքանիշը, որն ունի ավելի վաղ առաջնայնություն: Թեեւ օրենքի առջեւ հավասարության համար չափսը նշանակություն չունի: Այնուհետեւ, մենք երբեք չենք հայտարարել, թե ՎիմպելԿոմը յուրացրել է մեր կերպարի կամ ապրանքանիշի մասը: Սակայն դա չի նշանակում, թե ՎիմպելԿոմի ապրանքանիշը շփոթության աստիճանի նման չէ մեր ընկերության ֆիրմային անվանմանը եւ ապրանքանիշերին:

Պրն Մինաեւի պնդումները, իբր «ՎիմպելԿոմը» Հայաստանում երբեք չէր մեկնարկի «Beeline» ապրանքանիշը եւ չէր վտանգի իր գործարար համբավը, եթե հայտնվեին թեկուզ չնչին կասկածներ Հայաստանում ապրանքանիշի օգտագործման օրինականության հաշվով», մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, եթե, իհարկե, չենթադրել, որ դատական գործերի ելքը կանխորոշված է եղել: Մենք արդեն բազմիցս նշել ենք, որ «ԱրմենՏելն» սկսել է գործածել Հայաստանում «Beeline» ապրանքանիշը դեռեւս 2007թ.-ից, մինչդեռ դատարանի որոշումն ուժի մեջ էր մտել 2008թ.-ին: Բոլոր ապացույցները ներկայացված են դատարանին: Ի դեպ, ի տարբերություն ՎիմպելԿոմի հայցի, որը լսվեց «բլիցկրիգ» ռեժիմով, մեր հայցը մինչ այսօր քննված չէ դատարանի կողմից:

Դժվար է չհամաձայնվել պրն Մինաեւի հետ, որ սեփական ներկայության ամբողջ տարածքում միասնական ապրանքանիշով աշխատելու ՎիմպելԿոմի ցանկությունը լիովին տրամաբանական է: Սակայն՝ տրամաբանական ամեն ինչ չէ, որ օրինական է: Բայցեւ տրամաբանության հարթության մեջ ցանկալի էր պրն Մինաեւից մի շարք հարցերի պատասխան ստանալ: Մի՞թե տրամաբանական է, երբ դատարանը համեմատում է միայն «Beeline» եւ «Bi Line» ապրանքանիշերը: Մի՞թե տրամաբանական է, երբ դատարանը չի համեմատում ՎիմպելԿոմի «Beeline» եւ «ըՌսՈռվ» ապրանքանիշերը մեր ֆիրմային անվանման եւ «Բի Լայն»-ի ռուսերեն եւ հայերեն ապրանքանիշերի հետ: Տրամաբանակա՞ն է առհասարակ, երբ դատարանը որոշում է կայացնում «Beeline»-ի եւ մեր ապրանքանիշերի նման չլինելու մասին՝ առանց մեր մասնակցության եւ մեր փաստարկները հաշվի առնելու: Կարծում ենք՝ բացասական պատասխանն ակնհայտ է:

Միաժամանակ, մի՞թե տրամաբանական չէ, որ հայկական «Բի Լայն» ընկերությունը չի ցանկանում, որպեսզի այլ անձինք աշխատեն Հայաստանում որպես «բիլայն» հնչող ապրանքանիշով: Տրամաբանական չէ՞, որ մենք չենք ցանկանում, որպեսզի «ԱրմենՏելի» ծառայությունների որակի հետ կապված տարաբնույթ գանգատները եւ, առավել եւս, ազգային անվտանգության մարմինների տարածած հաղորդագրությունն այն մասին, որ «Բիլայն» ընկերության աշխատակցի նկատմամբ քրեական գործ է հարուցված հեռախոսային խոսակցությունների ապօրինի գաղտնալսման համար՝ չկապվեն մեր անվան հետ: Հանդգնում ենք համարել, որ ոչ միայն տրամաբանական է, այլեւ լիովին օրինական:

Պրն Մինաեւը կարծում է, թե ապրանքանիշի վերաբերյալ գործը գրավում է հանրության ուշադրությունը, քանի որ «դատավարությունը բավականին երկար է տեւում»: Իսկ մենք կարծում ենք, որ նա հիանալի գիտի, որ դա այդպես չէ: Դատավարությունը ուշադրություն է գրավում՝ նախեւառաջ դատական եւ վարչական կամայականության բացահայտ ցինիզմով եւ իրավական նիհիլիզմով: Ըստ ռուսական ասացվածքի, բիզը պարկում չես թաքցնի. «Բի Լայն»-ը «Բի Լայն» է, ինչպես էլ շրջես: Եվ դա պարզ է բոլորի համար: Իսկ հայկական դատարանների որոշումներն այնքան անհեթեթ են, որ ոչ մի կասկած չկա, որքան երկար էլ դատավարությունը տեւի՝ վաղ թե ուշ արդարությունը կհաղթի: Թեկուզ Եվրոպական դատարանի միջոցով:

Ապշելու հետեւողականությունը, որով Հայաստանի ամենատարբեր վարչական եւ դատական մարմինները կոպտորեն ոտնահարում են օրենքը եւ «Բի Լայն» ընկերության իրավունքները՝ ի հաճո ՎիմպելԿոմի, հանգեցնում է այն եզրակացության, որ դրանք բոլորը մեկ շղթայի հանգույցներ են, որը շարժման մեջ է դրվում միասնական մեխանիզմով: Հատկանշական է, որ ՎիմպելԿոմը, որի բաժնետոմսերը գնանշվում են նյույորքյան ֆոնդային բորսայում “VIP” նշանով, 20-F ձեւով իր տարեկան հաշվետվության մեջ, «Դատավարություններ» բաժնում չի հիշատակել հայկական «Բի Լայնի» հետ շարունակվող դատական վիճաբանությունը եւ դրա հնարավոր հետեւանքները: Միաժամանակ, կաշառում է իր անկեղծությամբ ՎիմպելԿոմի «Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում գործունեության հետ կապված ռիսկերը» բաժնում արված հետեւյալ խոստովանությունը (տե՛ս էջ 28-29, թարգմանությունն անգլերենից իմն է), «…Զարգացող շուկաների կառավարություններն ու դատարանները հաճախ կիրառում են լայն, անսանձ հայեցողություն եւ ենթակա են չարաշահումների եւ կաշառակերության… Մեր բիզնեսը, մասամբ, կախված է այն երկրների իշխանությունների որդեգրած քաղաքական եւ տնտեսական կուրսերից, որոնցում մենք աշխատում ենք: … Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի նախաձեռնություններին, Ռուսաստանում եւ ԱՊՀ-ում, ինչպես շատ այլ շուկաներում, շարունակում են գործել կոռուպցիան եւ պաշտոնական անձանց շահերի բախումները, որոնք ավելացնում են անորոշությունները, որոնց մենք բախվում ենք, եւ կարող են մեծացնել մեր ծախսերը»:

Հետաքրքիր է, արդյո՞ք Նյու Յորքի ֆոնդային բորսայում գնանշվող համաշխարհային ՎիմպելԿոմի վրա չի տարածվում «U.S. Foreign Corrupt Practices Act»-ի գործողությունը (ԱՄՆ Դաշնային օրենք արտասահմանում կոռուպցիոն գործելակերպի մասին): Կարծես ժամանակն է հարցում հղել համապատասխան ամերիկյան իշխանություններին:

«Բի Լայն» ընկերության նախագահ՝ Հայկ Խանջյան

Ըստ՝ «Արմինֆոյի» հետ ունեցած հարցազրույցի նյութերի

Նյութն ամբողջությամբ www.arminfo.info կայքում է

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել