Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԸ ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔԻՑ

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Հայ-ամերիկյան համատեղ նախաքննության արդյունքում հաշմանդամ կնոջ վրայից մեղադրանքը հանվեց

ԱՄՆ հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի(ՀՖԲ) առաջարկությամբ՝ Ռիտա Խալաթյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությանը մասնակցելու կապակցությամբ, սեպտեմբերի 14-29-ը ԱՄՆ-ում էին Կոտայքի մարզի դատախազ, արդարադատության 3-րդ դասի խորհրդական Գրիշա Միքայելյանն ու մարզի ավագ դատախազ Խաչատուր Բաղդասարյանը: Աբովյան քաղաքի բնակչուհի Ռ. Խալաթյանը, որը 3-րդ կարգի հաշմանդամ է, անկողնային հիվանդ, մեղադրվում էր 1999 թ. ապրիլից-սեպտեմբեր ամիսներին $476.000 խարդախությամբ յուրացնելու մեջ:

Ինտերպոլով նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, իսկ հայաստանյան իրավապահներն այդ մասին տեղեկացել էին 2007թ. դեկտեմբերին, երբ ԱՄՆ ՀՖԲ-ն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան միջոցով ՀՀ գլխավոր դատախազությանն էր տրամադրել գործի նյութերը:

Նշենք, որ մինչ օրս գոյություն չունի հայ-ամերիկյան իրավական համագործակցության մասին համաձայնագիր:

Կոտայքի մարզի դատախազ Գ. Միքայելյանն «Առավոտին» ասաց, որ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնի կողմից այս տարվա հունվարի 9-ին հարուցվեց քրեական գործ, ընթացավ նախաքննություն: Նախաքննությամբ պարզվեց, որ խոսք է գնում Կալիֆոռնիայի նահանգային կառավարությունների կողմից ֆինանսավորվող «Մեդիքալ» ծրագրի գումարների մասին, որն, իբր, հայ քաղաքացին հափշտակել է՝ կեղծ հաշիվ-ֆակտուրաներ ներկայացնելու միջոցով, մասնավորապես «զբաղվել» է «Դե Սոտո» բժշկական ապրանքների բիզնեսով՝ բանկերից ստանալով հսկայական գումարներ: Կոտայքի մարզի իրավապահներին Ռ. Խալաթյանը ցուցմունք էր տվել, որ ԱՄՆ է մեկնել 2 անգամ՝ 1988-ին, 45 օրով, հյուրընկալվելով քրոջը, երկրորդ անգամ էլ՝ 1998-ի սեպտեմբերին, դարձյալ Գլենդելում հանդիպել է քրոջը: Փաստորեն, ըստ Կոտայքի մարզի դատախազի, Հայաստանում պարզվեց, որ ԱՄՆ-ում հանիրավի մեղադրվողը 1999-ի նշված ժամկետում չի եղել ԱՄՆ-ում, հետեւաբար չէր կարող հափշտակել $476 հազարը: Մի կարեւոր հանգամանք էր հիշել Ռ. Խալաթյանը. վատառողջ լինելու ժամանակ քույրն իրեն տարել է Հոլիվուդում գտնվող «Նորթ» կլինիկա, որի տնօրենը հայ էր, եւ կլինիկայում իր անձնագրի տվյալներով հիվանդության պատմություն են գրանցել: Ռ. Խալաթյանը մի անգամ էլ է «բաժանվել» անձնագրից, երբ վիզան երկարացրել է մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ փաստաբանը հայ էր: Այս տարվա մայիսի 11-ին քրեական գործի նախաքննությունը Հայաստանում կասեցվեց, քանի որ բավարար ապացույցներ ձեռք չբերվեցին ենթադրյալ հանցագործության վերաբերյալ: Կոտայքի մարզի դատախազ Գ. Միքայելյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի միջոցով ԱՄՆ ՀՖԲ-ի համակարգող, Թբիլիսիում գտնվող Ջեֆրի Պիլազին է ուղարկվել 24 կետից բաղկացած առաջարկ-գործողությունների մասին ցանկը: Մարզի երկու դատախազներին ամերիկացիները հրավեր են ուղարկել: Լոս Անջելեսում նրանք սկսեցին նախաքննություն իրականացնել ՀՖԲ առողջապահության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վարչության ղեկավար Մեթյու Մակլեյջլինի «վարույթում»: «Աշխատանքը սկսվում էր առավոտյան ժամը 6-ին եւ ավարտվում 18.00-ին: Մենք եղանք կասկածյալների բնակարանում: Ամերիկյան օրենսդրությամբ՝ դատախազը մասնակցում է բոլոր խուզարկություններին, ձերբակալություններին»,- պատմեց պարոն Միքայելյանը: Մեր այն հարցին, թե կասկածյալների դիմադրության ժամանակ դատախազի անվտանգությունն ինչպե՞ս է իրականացվում, պարոն Միքայելյանը հավելեց՝ «նախ՝ ոտնաշղթաներ էին հագցնում խուզարկվողին, եւ անձը հնարավորություն չուներ անգամ շարժվելու: Ի դեպ, խուզարկությունների ժամանակ մեզ հետ էին նաեւ ԶԼՄ ներկայացուցիչները»: Մարզի դատախազի տեղեկացմամբ, ապացույցների ձեռքբերման առումով շատ էին տարբերությունները: Փաստորեն, ԱՄՆ-ում այս գործով քրեական հետապնդումը սկսվել էր 1999-ից եւ նրանց մոտ քննության ժամկետ հասկացություն չկար: «Երբ վկայակոչեցինք Հայաստանի օրենսդրությունը, ասելով, թե դատախազն իրավունք չունի մասնակցել հարցաքննություններին, ամերիկացիները հարցրին, թե այդ դեպքում ինչպե՞ս է դատախազը գնահատում ապացույցները: Եթե դատախազը չգիտի, թե ինչպիսի հարցեր են եղել, ապա լավ կլինի գործը դատարան չտանի»,- պնդել էին ամերիկացիները: Տեղեկացանք նաեւ, որ մինչ խուզարկությունը դատախազները հատուկ հեռուստացույցով տեսնում են դեպքի վայրը եւ իրենք են հանձնարարում, թե ո՞ր ապացույցը վերցվի դեպքի վայրից: Ռ. Խալաթյանի գործով ձերբակալվեցին 19 հոգի, որից 5-ը հայեր էին, 5-ից 2-ը՝ կանայք: Նրանք միասին $200 մլն էին յուրացրել: Այս կարգի հանցագործությունները ԱՄՆ-ում դասվում են ինտելեկտուալ հանցագործությունների խմբին: Նախաքննության ժամանակ Ռ. Խալաթյանի անմեղությունը ապացուցվեց, եւ նրա նկատմամբ քրեական հետապնդումը Ինտերպոլով դադարեցվեց: Ըստ հայ դատախազի՝ ամերիկացիների վերաբերմունքը՝ մարդկային, մասնագիտական առումով, նույնպես փոխվեց, եւ իրենց է փոխանացվել եւս 5 քրգործ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ, որոնք զեկուցվելու են ՀՀ գլխավոր դատախազին: Ի դեպ, ըստ Գ. Միքայելյանի՝ Գլենդելում հայերը հանցագործությունների թվով չեմպիոնական բարձունքի վրա են: Միայն անցյալ տարի Գլենդելում հայերի մասնակցությամբ եղել է 23 սպանություն, 71 մարմնական վնասվածքներով դեպքեր, 114 ավտոմեքենայի առեւանգում, 3 քաղաքացու առեւանգում, խարդախության՝ 15 եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 146 դեպք: Այնտեղ գործում է «Հայկական ուժ» գանգստերական կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել