Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանդրադառնամ Ղարաբաղին»

Հոկտեմբեր 21,2008 00:00

\"\"Ասում է ղարաբաղյան արմատներ ունեցող՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը

Մանկապատանեկան ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ անգամ Հայաստանում է կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ ժողովրդական արտիստ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը: «Հայաստան այցելելն ինձ համար երկրորդ կյանքի հնարավորություն ստանալու նման մի բան է: Ես արմատներով կապված եմ այս հողին,- ասում է ռեժիսորն ու շարունակում:- Ամեն անգամ այստեղ գալը շատ լավ հնարավորություն է որդիներիս՝ Հայաստանի հետ ծանոթացնելու համար: Նախորդ անգամ մեծ տղայիս հետ էի եկել, այս անգամ փոքրիկիս՝ Վասյայի»: Ինչպես նշում է կինոռեժիսորը. «Ամեն անգամ շատ կարճ ժամանակով եմ այստեղ լինում, չեմ հասցնում Ղարաբաղ այցելել: Դե, հայրս արմատներով ղարաբաղցի է… Եթե այստեղ ֆիլմ նկարեմ, ապա անպայման կանդրադառնամ Լեռնային Ղարաբաղին: Բայց հայ ռեժիսորի օգնության կարիքը կունենամ»: Ինչ վերաբերում է հայ կինոռեժիսորների հետ համատեղ աշխատելուն, «ցանկությունը, բնականաբար, մեծ է, բայց առաջարկներն են քիչ»: Հետո էլ, որպես արդարացում, Կ. Շահնազարովն ավելացնում է. «Մեզ դիմող ցանկացած ռեժիսոր, սցենարիստ պետք է համապատասխանի բոլոր այն չափանիշներին, որոնցով աշխատում է «Մոսֆիլմը»: Մենք երբեք ոչ ոքի չենք մերժում, բայց «Մոսֆիլմում» որեւէ գործ անելն այնքան էլ դյուրին չէ, որքան թվում է: Մեր դռները հայ կինոգործիչների համար բաց են, բայց երեւի հասկանում եք՝ ռուսական կինոինդուստրիան իր օրենքներն ունի»:

Ապագա սերնդի մասին ռեժիսորը դժվարանում է կարծիք հայտնել. «Երիտասարդ կինոգործիչների մեջ լավերը շատ կան, բայց նրանց ստեղծած ֆիլմերը ինձ այդքան էլ չեն բավարարում: Սովետական ֆիլմերի հետ համեմատելի չեն: Սովետականները ֆենոմեններ էին, դրանց ստեղծողները՝ նույնպես: Այսօր օրական մի ֆիլմ է նկարահանվում, բայց ես դրանց հետագա ճակատագիրը չեմ տեսնում»: Ըստ Կ. Շահնազարովի, կինոփառատոներում մրցանակներ ստացած ժամանակակից ֆիլմերը փառատոներից հետո անհայտ կորչում են. «Նախկինում մրցանակակիր ֆիլմերն ու դրանց հեղինակները դառնում էին հանրության կուռքերը…»:

Փառատոնին ռեժիսորը ներկայացել է նոր՝ «Կորուսյալ կայսրություն» ֆիլմով, որը պատմում է անցյալ դարի 70-ական թվականների մասին: Ֆիլմի սյուժեի հիմքում սիրային դասական եռանկյունի է, որի մասն են կազմում երկու պատանի եւ մի աղջիկ: Նրանք սովորում են նույն ինստիտուտում, վիճում են, հաշտվում, առաջին անգամ հիասթափություն ապրում, տանում առաջին հաղթանակները, նույնիսկ չկռահելով, որ երկիրը, որտեղ նրանք ծնվել եւ ապրում են՝ շուտով կանհետանա աշխարհի քարտեզներից: «Ֆիլմում նկարագրել եմ իմ երիտասարդությունը: Սա այն նյութն է, որն ինձ հոգեհարազատ է: Փորձել եմ պատկերել այդ թվականների վարքն ու բարքը. ինչ էինք հագնում, ինչով էինք զբաղվում, ինչ էինք մտածում… Իսկ գաղափարը տվել էին իմ երիտասարդ կոլեգաները: Թե ինչու եմ անդրադարձել այդ թեմային՝ տարիներ անց, երբ հետադարձ հայացք եմ նետում, հասկանում եմ, որ այդ ժամանակներն այլեւս ետ չես բերի… Դա մի կայսրություն էր, որն անվերադարձ կորցրել ես»: Գլխավոր դերում Արմեն Ջիգարխանյանն էր նկարահանվել: «Նրանից լավ ոչ ոք չէր կարող վերարտադրել այն կերպարը, որը ես ցանկանում էի ստանալ»,- մեկնաբանում է ֆիլմի հեղինակը: Ինչ վերաբերում է մանկապատանեկան կինոփառատոնին. «Այն ինձ շատ է դուր գալիս, հրավերներն էլ հաճույքով եմ ընդունում, ձեռնունայն էլ չեմ կարողանում գալ: Ըստ իս, սա եւս համագործակցության մի ձեւ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել