Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻ 1-Ի ԷՋԸ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՓԱԿԵԼ

Հոկտեմբեր 22,2008 00:00

\"\"Մարտի 1-2-ի դեպքերի թեման խորհրդարանում քննարկվեց երկու ճակատով՝ այդ դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի նիստի ժամանակ եւ ապա՝ խորհրդարանի նիստերի դահլիճում:

Իսկությունը չե՞նք իմանա

Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի երեկվա նիստում պարզաբանումներ տվեցին «Ա1+»-ի օպերատոր Հովսեփ Հովսեփյանը, «Մելտեքս» ընկերության (որին պատկանում է «Ա1+»-ը) նախագահ Մեսրոպ Մովսեսյանը եւ «Ժամանակ Երեւան» թերթի լրագրող Ծովինար Նազարյանը: Հիշեցնենք, որ օպերատորի պարզաբանումների կարիքը զգացվեց այն պահից, երբ հանձնաժողովականները դիտեցին «Ա1+»-ի նկարահանած տեսաժապավենը մարտի 1-2-ի «մարտի դաշտից», եւ որից անմիջապես հետո ոստիկանության փորձագետ Շոթա Վարդանյանը հանձնաժողովում հայտարարեց, թե կադրում երեւացողը ոչ թե մարդու, այլ խոճկորի ծնոտ է, իսկ լեզուն հորթի է: Հանձնաժողովի նիստից հետո «Մելտեքս» ընկերության նախագահ Մեսրոպ Մովսեսյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես այդ նիստից այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ էին վերջապես ուզում մեզանից պարզել՝ կատարվե՞լ է իրադարձություն, եղե՞լ է սպանություն, եղե՞լ է մարտի 1, թե՝ չի եղել, չգիտես ինչու՝ հարցնում էին մեր օպերատորից, որը ֆիքսել է միայն փաստերը, այն՝ ինչ կատարվել է: Անտրամաբանական է, որ օպերատորը դեռ պետք է բացատրություն տա, թե ինչո՞ւ է նկարել եւ որտե՞ղ: Հիմնականում սա էր խնդիրը, ուզում էին պարզել՝ ե՞րբ է նկարել, որտե՞ղ եւ ինչի՞ համար»: Մեր հարցին՝ հանձնաժողովականներն օպերատորի եւ «Ա1+»-ի նախագահի հետ զրույցի արդյունքում համոզվեցի՞ն, որ մարտի 1-ի այդ արյունոտ կադրերը մոնտաժված չեն, հորինված չեն եւ արտացոլում են իրականությունը, պարոն Մովսեսյանը պատասխանեց. «Ես չէի ասի՝ իրենք համոզվեցին, որովհետեւ քննարկումները շարունակվում են, համոզմունքի երանգներ ես չտեսա, համոզվելը կլինի երեւի իրենց հրապարակելիք եզրակացությամբ»: Հիշեցնելով, որ հանձնաժողովը դիմել է ԱԺ-ին՝ երկարաձգելու հատկացված աշխատանքի ժամկետները, ուզեցինք իմանալ «Ա1+»-ի ղեկավարի կարծիքը՝ երկարաձգման դեպքում իրական պատասխան կստանա՞ մարտի 1-ի «առեղծվածը»: Այս հարցում մեր զրուցակիցը լավատես չէ. «Այս մթնոլորտում, այս միջավայրում, այս երկրում, այս կանոններով ես համոզված եմ, որ երբեւէ իսկությունը մենք չենք էլ իմանա»:

Ինչո՞ւ է հանձնաժողովն ուզում ավելի երկար աշխատել

Մարտի 1-2-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող հանձնաժողովի դիմումը՝ երկարաձգել աշխատանքի ժամանակը, քանի որ դեռեւս քիչ բան է արված հիմնական հարցի՝ զոհերի մահվան պատճառների ուսումնասիրության հարցում, ԱԺ նիստում բուռն կերպով քննարկվեց: «Ժառանգության» անդամ Լարիսա Ալավերդյանը շեշտեց, որ քանի դեռ պատասխան չի տրվել «ցավոտ հարցերին, մասնավորապես՝ ովքե՞ր կամ ո՞վ է տվել հրաման՝ մարտի 1-ի առավոտվա ժամը 7-ից շուտ սկսել ողբերգական հետեւանքներ ունեցած գործողությունները, արդյոք դա ահաբեկչության նշաններո՞վ չի սկսվել՝ վախեցնելու կամ պարզապես մարելու համար բողոքի ալիքը», եւ այլն, չի կարելի խոսել ճշմարտությունը բացահայտելու մասին: Նա հայտարարեց, որ կատարվածի պատասխանատուն երկրի բոլոր նախագահներն են՝ առաջինը, երկրորդը եւ գործողը: Նաեւ նկատեց, որ մարտի 1-ի ճշմարտությունը վեր հանելն առաջին հերթին բխում է իշխանությունների շահերից: ՀՀԿ-ից Արմեն Աշոտյանը, դիմելով ազատազրկված պատգամավորներին, ասաց. «Հարգելի գործընկերներ, ովքեր գտնվում եք կալանավայրերում, որ խորհրդարանական ընդդիմություն չեք, դուք հո լավ գիտեք, որ ձեր տեսակին, ձեր կերպարին, ձեր հոգեկերտվածքին եւ մենթալիտետին ավելի մոտ են ներկայիս իշխանությունները, քան՝ խորհրդարանական ընդդիմությունը, ձեր տեսակն այս խորհրդարանական ընդդիմությունը չէ, որը ձեր պրոբլեմով, ձեր դարդով եւ դարմանով ընդամենը փորձում է մաքսիմալ օգուտներ ստանալ համապատասխան քարոզչական դաշտում: Ինձ թվում է՝ այնքան էլ ճիշտ չէ, որ դուք էլ, մենք էլ մի քիչ կախված ենք խորհրդարանական ընդդիմությունից, առավել եւս դուք՝ հարգելի արտախորհրդարանական գործընկերներ»: «Ժառանգությունից» Ստեփան Սաֆարյանը նկատեց, որ որքան էլ երկարացվի հանձնաժողովի գործունեության ժամկետը, միեւնույն է՝ չի կարողանալու իրականացնել իր առջեւ դրված խնդիրները. «Ընդդիմությունը չէ, որ շոուներ է սարքել, ինքներդ նշեցիք, թե քանի ասուլիս է կազմակերպել այդ հանձնաժողովը, եւ եթե հարցազրույցները կամ ասուլիսները շոուներ են, ապա այդ մեղադրանքը մեզ չէ, որ պետք է հասցեագրվի»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց. «Այդ միտումը, երբ խոսքը գնում է մեր հասարակության մեջ մարդկանց, քաղաքացիներին մենթալիտետի տարբերությամբ առանձնացող տեսակների բաժանելու մասին, բացարձակապես ընդունելի չէ»: Մարտի 1-ի հանձնաժողովի մասին ասաց. «Չվստահելու պատճառ չէի ունենա նաեւ ընդդիմության ներկայացուցիչներին, եթե նրանք բարեհաճեին լինել այդ գործի մեջ»: Հակադարձելով ընդդիմության պահանջին՝ պարզել, թե ո՞վ է տվել մարտի 1-ին ցուցարարների վրա կրակելու հրամանը, Վ. Հովհաննիսյանը հայտարարեց. «Երբ դժգոհություն արտահայտող զանգվածը զենքի կիրառման է գնում, էդ ո՞ր երկրում է ոստիկանությունը զանգում վերադասին ու թույլտվություն հարցնում՝ հակադարձելու, ո՞ր հրամանն եք որոնում, ո՞ր արխիվների մեջ: Միացրեք հեռուստացույցը ու տեսեք՝ ինչ է կատարվում շատ երկրների քաղաքների փողոցներում»: ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հանձնաժողովը եւս տարբեր հարցերի կապակցությամբ ունի տարակույսներ, մեզ եւս չեն բավարարում պետական տարբեր մարմիններից ստացված պատասխանները մեր հարցադրումներին, կոնկրետ ինձ համար տարօրինակ էր, թե ինչպես Պարոնյան փողոցում կարող էր հայտնվել մոլորված խոճկոր, այն էլ՝ հորթի լեզվով, բայց այս հարցերի պատասխանները ստանալու համար պետք է ժամանակ, աշխատանք եւ փորձագիտական լուրջ եզրակացություն, ինչը եւ անում է հանձնաժողովը»:

Հանձնաժողովի աշխատանքի ժամկետը երկարացնելու մասին հարցը կքվեարկվի այսօր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել