Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԱԺԵՇՏ ՑԻՆԻԶՄԻՆ ԵՎ ԿՐԻՄԻՆԱԼԻՆ

Հոկտեմբեր 23,2008 00:00

\"\"Օրերս գյումրեցիներին այսպիսի կոչ արեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր, ծնունդով գյումրեցի Վարդան Խաչատրյանը:

Գյումրիում տիրող վախի մթնոլորտի մասին են վկայում մեր հարցումներին գյումրեցիների տված խուսափողական պատասխանները: Մարդիկ կարծում են, թե հարցում անողն անպայման քաղաքապետի թեկնածուներից որեւէ մեկի թիմից է եւ ուզում է իրենց գլխին «սարքել»: Իսկ ովքեր որեւէ բան էին ասում, ապա հրաժարվում էին ներկայանալ: «Առավոտի» հարցումներից պարզ դարձավ, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանն իր իշխանական լծակներն օգտագործում է եւ հոգեբանական ճնշումների միջոցով փորձում է խոչընդոտել իր մրցակցի հանդիպումները բնակչության հետ:

Գյումրեցիներից շատերն ասում են, որ սոցիալական բաժնի աշխատողները մեկ առ մեկ հանդիպում են նպաստառու ընտանիքներին եւ սպառնում, որ եթե անգամ ներկա լինեն Մարտուն Գրիգորյանի հանդիպումներին, ապա կզրկվեն ընտանեկան նպաստից: «Առանց էդ էլ դժվարությամբ ենք էդ նպաստին հասել, մի քանի ամսվանն էլ թողել ենք իրենց, նոր սկսել ենք մենք ստանալ: Հիմի նորից դրանից էլ զրկվե՞նք»,- մտահոգություն հայտնեց գյումրեցի տարեց մի կին, որն իր խնամքի տակ ունի 4 ծնողազուրկ երեխա: Բյուջետային հիմնարկների աշխատողներին, հատկապես՝ մանկավարժներին նույնպես հրահանգված է դպրոցներում չհանդիպել վերոնշյալ թեկնածուի հետ, հակառակ պարագայում նրանց սպառնում է գործազուրկի կարգավիճակը:

Օրերս գյումրեցիների հետ հանդիպեց նաեւ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Վարդան Խաչատրյանը եւ հայտարարեց, որ կուսակցությունն այս քաղաքում պաշտպանում է անկուսակցական Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը, եւ որ կուսակցության անդամներն ու պատգամավորները ներկա են լինելու քվեարկության օրը եւ պայքարելու են ընդդեմ բռնության ու կեղծիքների: Պատգամավորը ընտրողներին վստահեցրեց, որ Գյումրին լինելու է հանրապետությունում առաջին քաղաքը, որտեղ որոշիչ է լինելու ժողովրդի ձայնը, ոչ թե իշխանության հովանավորության ներքո կրիմինալի հետեւանքով ստեղծված վախի գործոնը, որ վերջապես քաղաքն ազատվելու է ցինիզմի եւ կրիմինալի ճիրաններից, արմատախիլ են արվելու քաղաքապետարանում տիրող կոռուպցիոն երեւույթները եւ որ, վերջապես, Գյումրին վերականգնելու է իր նախկին դիմագիծը: Նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել նաեւ ԱԺՄ, ՀՌԱԿ եւ ՀՅԴ կուսակցությունները: ՀՅԴ-ն իր հայտարարության մեջ նշել է. «Նկատի ունենալով Գյումրիում ՏԻՄ կողմից վերջին տարիներին թույլ տված տարաբնույթ թերացումների, չարաշահումների, բացթողումների հետեւանքով ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը, մարդկային հարաբերություններում առկա լարվածությունը, անվստահությունը, թերահավատությունը համայնքային իշխանությունների՝ քաղաքապետի եւ ավագանու գործունեության նկատմամբ, հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում պաշտպանում է անկուսակցական Մարտուն Գրիգորյանի թեկնածությունը»:

Ի դեպ, Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ Վարդան Ղուկասյանը ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ սպառնացել է գերի վերցնել գեներալ Սամվել Բաբայանին, որը նույնպես սատարում է իր մրցակցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել