Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինայի ազգային մրցույթի հայ դափնեկիրը

Հոկտեմբեր 23,2008 00:00

\"\"Վիգեն Հակոբյանը շուրջ 20 տարվա ընդմիջումից հետո հանդես կգա հայրենիքում«

Առավոտը» բազմիցս անդրադարձել է օտար մշակութային միջավայրում հաջողությունների հասած արվեստագետներին: Այս անգամ խոսքը Խարկովի ազգային օպերայի եւ բալետի թատրոնի մենապարող, Ուկրաինայի բալետի արտիստների ամենամյա ազգային մրցույթի դափնեկիր Վիգեն Հակոբյանի մասին է, որին վստահված են համաշխարհային բալետային արվեստի առաջատար դերապարեր:

Նշենք, որ Վ. Հակոբյանի կարիերայի սկիզբը համընկավ 1990-ի սկզբներին, երբ անիմաստ էր խոսել մշակութային կյանքի մասին ընդհանրապես: Ստացվեց այնպես, որ արտիստն ընդունվեց Երեւանի օպերային թատրոն եւ այլեւս նրա մասին չլսեցինք, մինչդեռ մասնագետները բալետի արտիստին մեծ ապագա էին խոստանում: Շուրջ 20 տարվա լռությունից հետո արվեստագետը կրկին հայրենիքում է, թեեւ ոչ մի հայտագիր դեռ չի հրավիրում նրա մասնակցությամբ բալետային ներկայացման:

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 8-ին Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետային ներկայացման մեջ Վ. Հակոբյանը հանդես կգա Բազիլի, իսկ 15-ին՝ Ադանի «Ժիզելում»՝ Ալբերտի մենապարերով: Ակնկալում էինք, որ «ավանդույթի» համաձայն՝ Եվրոպայում հանդես եկող մեր բալետի արտիստների պես հայաստանյան հյուրախաղերին Վիգենն էլ կցուցադրի մոդեռն արվեստը, սակայն նա հայտնեց, որ այլ կերպ կվարվի: Վիգեն Հակոբյանն ասաց, որ Խարկովի թատրոնի բալետային խաղացանկը բաղկացած է դասական արվեստի նմուշներից, որոնց զուգահեռ ընթանում են ժամանակակից բալետային արվեստի երեկոներ:

Հիշեցնենք, որ ամերիկաբնակ բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանն այս ամռանը մեր թատրոնում բեմադրել է ժամանակակից բալետ՝ Պիացոլայի հանրահայտ տանգոների հիման վրա, մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, Ուկրաինայում դեռ նոր պիտի կայանա ժամանակակից բալետի պրեմիերա՝ հանձին՝ Դելիբի հանրահայտ «Կոպելիայի»:

Հարցին, թե հայ արտիստը ի՞նչ հաճախականությամբ է բեմ բարձրանում, Վ. Հակոբյանն ասաց, որ ինքը զբաղված է խաղացանկային շուրջ 15 ներկայացումներում, իսկ ամսական բեմելը կազմում է 8 անգամ: Հետաքրքրությանը՝ բացի ամսական աշխատավարձից, արտերկրում աշխատող արտիստները ամեն ներկայացումից ստանո՞ւմ են հոնորար՝ մեր զրուցակիցը նշեց, որ 2009թ. սկզբից Խարկովի օպերայի եւ բալետի արտիստների աշխատավարձը բարձրանալու է 100%-ով՝ կազմելով ավելի քան $1000:

Զրույցի ընթացքում նկատեցինք, որ մեր շատ հարցերի պատասխաններում հնչում էր «բայց»-ը: Օրինակ, երբ հարցրինք՝ ինչո՞ւ միջնորդ չեք հանդիսանում Խարկովի թատրոնի բալետային խմբի հայաստանյան հյուրախաղերի համար, մանավանդ՝ ուկրաինացի արտիստները սպասված են աշխարհի լավագույն բեմերում, Վիգեն Հակոբյանը պատասխանեց, որ կմիջնորդեր, բայց ֆինանսական խնդիրներ պիտի լուծվեն. «Այսօր ավելի հեշտ է հյուրախաղեր կազմակերպել եվրոպական երկրներում, քան Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել