Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվեց «Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսը

Հոկտեմբեր 23,2008 00:00

Երեկ Երեւանի Մոսկվայի տանը մեկնարկեց «Կրթություն եւ կարիերա EXPO 2008» իններորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Մասնակցում են Հայաստանում եւ արտասահմանում գործող 41 կրթօջախ, միջազգային դոնոր կազմակերպություններ:

«Ընդունելության շրջանում թե՛ հեռուստատեսությունը, թե՛ մամուլը ողողված են կրթության ծառայություններ մատուցող ընկերությունների գովազդով… Բայց բոլորս էլ գիտենք, որ դրա չնչին մասն է համապատասխանում իրականությանը: Մյուս կողմից էլ, շրջելով տաղավարներով, հասկացա, որ կա ընտրության լայն հնարավորություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՆ նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը: Նա հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կօգնի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու ուսումնական հաստատությունների մասին: Ինչպես պարզեցինք կազմակերպիչներից, առաջիկա երեք օրերի ընթացքում Երեւանի եւ մարզերի դպրոցների բարձր դասարանների աշակերտները հատուկ նախատեսված ավտոբուսներով կայցելեն ցուցահանդես: Ըստ ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանի, ցուցահանդեսը կարելի է որակել որպես կրթության գովազդ. «Այսօր ամեն ինչն է գովազդվում, ամեն ինչը գովազդի կարիք ունի, կրթությունն առավել եւս… Հենց այս «գովազդի» միջոցով ե՛ւ մասնակիցները, ե՛ւ այցելուները կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ուսումնական կենտրոններին: Հետաքրքիրն այն է, որ այստեղ կողք կողքի են պետական եւ ոչ պետական համալսարանների, կրթօջախների տաղավարները: Սա կօգնի կրթական հաստատություններին հասկանալ, թե իրենց հարեւան հաստատությունները ինչով են զբաղվում, ինչ առաջընթաց եւ ինչ խոցելի տեղեր ունեն, մրցակցության պայմաններում գնահատել իրենց դերը»:

ՀՀ ԿԳՆ գնահատման եւ թեստավորման կենտրոնն առաջին անգամ է մասնակցում նմանատիպ ցուցահանդեսի: Ըստ կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանի, կենտրոնի աշխատանքային գործունեությունը շատ կարճ ժամանակահատված է ընդգրկում, սակայն արված աշխատանքները բավարարում են ցուցահանդեսին արժանվույնս ներկայանալ. «Փորձել ենք այս փոքրիկ տաղավարում հնարավորիս ներկայացնել այն ամենը, ինչ արել ենք այս երկու տարվա ընթացքում»: Թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորոսյանը նույնպես հավատում է ցուցահանդեսի արդյունավետությանը. «Կրթական այս բարեփոխումների պայմաններում մեր աշակերտները չեն կարողանում որոշումներ կայացնել մասնագիտության ընտրության հարցում, ուստի ցուցահանդեսը ճիշտ ժամանակին է»: Ըստ ԵՊՀ շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնի տնօրեն Արմեն Եսայանցի, բացի ցուցահանդեսի օգտակարությունից, կա նաեւ ինֆորմացիայի տրամադրման մրցակցություն՝ ցուցահանդեսին մասնակցող ուսումնական հաստատությունների միջեւ. «Բոլորս էլ գիտենք, որ ԵՊՀ-ն մայր բուհ է, եւ երեւալու խնդիր, թվում է՝ չունի, բայց մյուս կողմից էլ՝ չէինք կարող ներկայացված պետական եւ ոչ պետական համալսարանների կողքին մեր տաղավարը չունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել