Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅՈ՞ՒՆ

Հոկտեմբեր 24,2008 00:00

Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը անակնկալ մատուցեց խորհրդարանի նիստերը լուսաբանող լրագրողներին: Նիստը սկսվելուց անմիջապես հետո աշխատակազմի ղեկավար Հայկ Քոթանյանը՝ ասելով, թե կատարում է ԱԺ նախագահի հրահանգը, կարգադրեց, որ լրագրողները նիստի ընթացքում ելումուտ չանեն նիստերի դահլիճ: Իսկ սա նշանակում է, որ լրագրողները ուղղակի պատանդի կարգավիճակով ստիպված են լինելու ժամերով նստել դահլիճում՝ պատգամավորներից կամ նախարարներից որեւէ հարցի կապակցությամբ պարզաբանում ստանալու հնարավորությունից զրկված: Իհարկե, խորհրդարանական լրագրողները նման իրավիճակ պարզապես չէին կարող հանդուրժել: Նրանք միանգամից արձանագրեցին, որ ԱԺ նախագահի այս հրահանգը ուղղակիորեն խոչընդոտում է նրանց աշխատանքը: Մանավանդ, փառք Աստծո, չկա օրենք՝ լրագրողների՝ ԱԺ նիստերի դահլիճ ելումուտն արգելելու մասին:

Երեկվա միջադեպը ցույց տվեց, որ, ի տարբերություն որոշ քաղաքական գործիչների, լրագրողները կարողանում են պայքարել եւ հասնել իրենց նպատակների իրականացմանը: ԶԼՄ-ների բոլոր ներկայացուցիչների համառ ջանքերի եւ բարձրացրած բողոքի ալիքի հետեւանքը եղավ այն, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների բողոքը ներկայացրեց ԱԺ խոսնակին, եւ վերջինս բանավոր կերպով ետ վերցրեց իր հրահանգը: Առայժմ զինադադար է: Հավանաբար, ԱԺ նախագահը, բացի լրագրողների աշխատանքից, կանոնակարգելու շատ ավելի կարեւոր բաներ ունի. մասնավորապես, ապահովի պատգամավորների ներկայությունը նիստերի դահլիճում, արգելի նրանց ուրիշների փոխարեն կոճակ սեղմել… Խիստ ցանկալի կլիներ նաեւ, որ մեր օրենսդիրներն իրենց դժգոհությունը այդ նույն դահլիճում եւ միջանցքներում չարտահայտեն հայհոյանքներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել