Լրահոս
Օրվա լրահոսը

«Թանկացրել ենք, որ կարողանանք գոյատեւել»

Հոկտեմբեր 24,2008 00:00

Արտադրողները կաթնամթերքի թանկացումը հիմնավորում են դրսից ներկրվող հումքի եւ գյուղացիներից մթերվող կաթի գնի բարձրացմամբ:

Հայաստանում կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերություններ բարձրացրել են իրենց արտադրանքի գինը: Եթե ընդամենը 2 օր առաջ, ասենք, «Աշտարակ կաթի» յոգուրտն արժեր 160 դրամ, այսօր այն արդեն վաճառվում է 180-190 դրամով, նախկին 330 դրամի փոխարեն 1 լիտր կաթը վաճառվում է 350-360 դրամով: Ընկերությունը 20-30 դրամով թանկացրել է նաեւ կաթնաշոռը: Երեկվանից իր արտադրատեսակների գները բարձրացրել է նաեւ «Մարիաննա» ընկերությունը: Նախկին 200 դրամի փոխարեն 500 գրամ մածունը խանութներում վաճառվում է 220 դրամով: 20 դրամով թանկացել են նաեւ կաթնաշոռը, կաթը եւ կեֆիրը: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերություններն այս թանկացումները հիմնավորում են նրանով, որ, բացի միջազգային շուկայի գնաճից, Հայաստանի գյուղացիական տնտեսությունները եւս թանկացրել են կաթը եւ նախկին 100-120 դրամի փոխարեն այսօր 1 լիտրը վաճառում են 150 դրամով:

«Առավոտի» հետ զրույցում «Աշտարակ կաթ» ընկերության վաճառքի գծով տնօրեն Ռուդիկ Չալյանն իրենց արտադրատեսակների գների բարձրացումը այսպես հիմնավորեց. «Որոշ տեսականիների մասով մենք աշխատում էինք վնասով: Այժմ էլ ունենք ապրանքներ, որ շատ քիչ շահութաբերություն են ապահովում, բայց ֆիրման դա իր միջոցներով է փակում եւ չի ցանկանում արտադրանքն ամբողջությամբ թանկացնել: Մասամբ թանկացրել է, որ գոնե կարողանա գոյատեւել: Գնաճը պայմանավորված է ոչ միայն դրսից ներկրվող ապրանքների թանկացումով: Գյուղացիները նույնպես զգալիորեն թանկացրել են կաթը»:

«Մարիաննա» ընկերության փոխտնօրեն Տաթեւիկ Հակոբյանի հավաստմամբ էլ, նախկին գներով վաճառքն այլեւս հնարավոր չէր, քանի որ իրենց գործարանն արդեն սկսել էր աշխատել վնասով: Նրա խոսքերով. «Այս թանկացումը վաղուց պետք է արվեր, բայց քանի որ ամեն ինչի գինը բարձրացավ, մեր խիղճը պարզապես թույլ չէր տալիս, որ մենք էլ մեր արտադրանքը թանկացնեինք: Մթերքների ինքնարժեքն արդեն այնքան էր բարձրացել մեզ մոտ, որ գործարանն էլ չէր կարողանում աշխատել: Կաթնամթերքի թանկացումը բացատրվում է եւ գազի, եւ ներմուծված հումքերի գների աճով: Թանկացել են մինչեւ անգամ փաթեթավորման համար օգտագործվող փայլաթիթեղը, յոգուրտների պատրաստման համար անհրաժեշտ մուրաբաները, բացի այդ՝ գյուղացիներն էլ կաթն են թանկացրել: Շատ դժվար է ապրելը, ո՞նց չթանկացնեն: Մինչեւ հիմա գնաճը զսպել ենք մեր օգուտների հաշվին: Իսկ, ընդհանրապես, արտադրություն պահելն այսօր Հայաստանում ահավոր դժվար է»:

«Առավոտի» հետ զրույցում «Արզնի կաթ» ընկերության փոխտնօրեն Նարինե Սաֆարյանն ասաց, որ չնայած իրենց գործարանի կաթնամթերքը դեռեւս չի թանկացել, բայց բավականին թանկացել է արտադրության մեջ օգտագործվող հումքը. «Մենք թանկացումներ չունենք: Իսկ ունենալու ենք, թե ոչ՝ հստակ ժամկետ չեմ կարող նշել: Միգուցե որոշ ժամանակ հետո կունենանք: Համենայնդեպս, մոտ օրերին չի սպասվում: Մեր հումքը հիմնականում ստացվում է սեփական գործարանից: Սակայն ընդունենք նաեւ այն, որ գործարանի արտադրանքը միայն կաթից չի կարող ստացվել: Մենք օգտագործում ենք նաեւ կարագ, որը շատ է թանկացել: Թանկացել են նաեւ տարաներն ու ընդհանրապես արտադրության հետ կապված ամեն ինչ»:

«Բիո կաթ» ընկերության փոխտնօրեն Սեյրան Հովհաննիսյանն էլ ասաց, որ թեեւ իրենց արտադրատեսակների գինը նույնն է մնացել, սակայն տեղական շուկայի կաթի գնաճը կարող է անդրադառնալ նաեւ իրենց ընկերության արտադրանքի վրա: Նրա խոսքերով. «Մենք դրսից հումք չենք ներկրում, այլ օգտագործում ենք միայն տեղական կաթ: Գյուղացին էլ ինչ-որ մի բանից ելնելով՝ կարող է կաթի գինը բարձրացնել: Եթե համատարած նման բան լինի, մենք էլ այդ ժամանակ կթանկացնենք մեր արտադրանքը, այսօրվա դրությամբ այդպիսի բան չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել