Լրահոս
Օրվա լրահոսը

Գումար հավաքողները կազատվեն աշխատանքից

Հոկտեմբեր 24,2008 00:00

«Եթե ինչ-որ մեկի պարտադրությամբ՝ կանխիկ մեկ դրամ դպրոց մուտք գործեց, այդ մարդն այլեւս դպրոցում չի աշխատելու»,- երեկվա ասուլիսին հայտարարեց ԿԳ փոխնախարար Բագրատ Եսայանը: ԿԳ նախարարությունը որոշել է խստորեն պայքարել հանրակրթական դպրոցներում պարտադրված դրամահավաքի դեմ, քանի որ օրերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարական է ուղղել ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանին՝ այս արատավոր երեւույթը արմատախիլ անելու համար: Փոխնախարարը հիշեց, թե Հայաստանում երբ են «դրվել» դրամահավաքի հիմքերը: «Այն սկիզբ է առել 1990-ականներին, երբ գործ ունեինք այնպիսի հանրակրթական համակարգի հետ, որը կանգնած էր կազմալուծման եզրին, երբ ուսուցիչների աշխատավարձը 5000-6000 դրամ էր, եւ դպրոցին բավարար միջոցներ չէին տրամադրվում: Դա էր պատճառը, որ դպրոցի տնօրենները հայացքներն ուղղեցին դեպի ծնողները… Ցավոք, երեւույթը իներցիայով շարունակվում է: Դպրոցներում գումար են հավաքում նույնիսկ տնօրենի դստեր նշանդրեքի կամ դասղեկի երեխայի ծննդյան օրվա համար…»: Նախարարությունում կազմվել է արագ արձագանքման աշխատանքային խումբ, կշարունակի գործել նաեւ «թեժ գիծը»՝  (010) 527343  հեռախոսահամարով: «Երեւույթը ոչ միայն տնօրենների եւ ուսուցիչների մեղքով է, այլեւ հաճախ՝ ծնողների քաղքենիության: Նրանք են որոշում, որ գումար հավաքվի, ասելով, թե ո՞նց կլինի դասղեկի ծննդյան համար փող չհավաքենք: Իսկ որ ամենավտանգավորն է՝ փողը երեխայի ձեռքն են տալիս եւ ուղարկում դպրոց: Մենք ուսումնասիրում ենք «թեժ գծին» եկած բոլոր զանգերը, գնում դրանց հետքերով: Բայց հիմնականում ծնողը, տնօրենի կամ այլ մարդկանց ճնշման տակ, հրաժարվել է տեր կանգնել իր զանգին, արդարանալով, թե սկեսուրն է զանգել, որը ոչինչ չգիտի դպրոցի մասին: Երբ ունենանք գոնե մեկ դեպք ու հաստատվի այդ երեւույթը՝ տվյալ անձնավորությունը միանգամից կազատվի աշխատանքից»,- վստահեցնում է Բ. Եսայանը: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ երաշխիք, որ այդ ինֆորմացիան տալուց հետո աշակերտը չի տուժի: «Ծնողները թող 130-140%-ով վստահ լինեն, որ իրենց երեխաները չեն տուժի: Եթե որեւէ ծնող կամ երեխա իր բողոքից հետո հավելյալ ճնշումների ենթարկվի՝՝ մենք այլ կերպ կխոսենք այդ դպրոցի տնօրենի հետ»,- պատասխանեց փոխնախարարը: Լրագրողների այն հարցը, թե անպայման նախագա՞հը պիտի կարգադրեր, որ զբաղվեին արատավոր երեւույթով՝ փոխնախարարը շրջանցեց: Չնայած երեկ առավոտյան ՀՀ կառավարության աշխատակազմի՝ քաղաքացիների ընդունելության, դիմում-բողոքների քննարկման վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Ղազարյանը «Առավոտին» հայտնել էր, որ թիվ 9 եւ թիվ 15 հատուկ դպրոցների հնարավոր միացման հարցը հետագայում կքննարկվի, սակայն ասուլիսին Բ. Եսայանը հայտարարեց, որ կառավարությունն արդեն միավորման որոշումն ընդունել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել