Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեբոկի եւ Արթուրի գործերը նման են

Հոկտեմբեր 25,2008 00:00

Հայկական գործի եվրոպական նախադեպը

2007-ի դեկտեմբերի 7-ից ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Վ. Դաղունցի վարույթում էր գտնվում ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի եւ ՀՀ ոստիկանության ներքին զորքերի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործը: Նրանք ծեծել էին «Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Այվազյանին, կոտրել վերջինի քիթը, պատճառել նրան

տարբեր տիպի վնասվածքներ: Նույն օրը Արթուրի հարցաքննության ժամանակ նրա պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկ Ալումյանը, գրավոր միջնորդել էր, որ քննություն սկսվի այդ վնասվածքների պատճառման փաստի վերաբերյալ:

2006թ. ապրիլի 29-ին, բռնության ենթարկվելուց հետո, Ա. Այվազյանը բողոքեց գլխավոր դատախազությանը, եւ այն ժամանակ դատաբժշկական փորձաքննությամբ պարզվեց, որ դատապարտյալը ստացել է միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով: Հիշեցնենք, որ, Այվազյանի պնդմամբ, իրեն շղթայված ծեծի էին ենթարկել ՔԿՀ նախկին պետի ներկայությամբ, ծեծողներն էլ եղել են 20-30 հոգի: Սակայն բողոքն անհետեւանք էր մնացել, ինչին «Առավոտը» բազմիցս անդրադարձել է: Վերջապես, 2008-ի սեպտեմբերի 12-ին Ա. Այվազյանը ճանաչվել է տուժող: Փաստաբան Հայկ Ալումյանը դիմել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հղում անելով մի շարք նմանատիպ միջազգային գործերին, մասնավորապես՝ «Ռիբիչն ընդդեմ Ավստրիայի», «Ասենովն ընդդեմ Բուլղարիայի», «Ռեբոկն ընդդեմ Սլովենիայի»:

Հակիրճ անդրադառնանք վերջին դեպքին: Ռեբոկը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Նրա պնդմամբ, ձերբակալման պահին իրեն շրջապատել է 6 զինված տղամարդ, որոնք առանց նախազգուշացման հարձակվել են իր վրա: Չնայած Ռեբոկը չի դիմադրել, սակայն նրան «կոպիտ ձեւով շպրտել են ավտոմեքենայի մեջ, հագցրել ձեռնաշղթաներ, այդ ընթացքում 4 տղամարդիկ փայտերով եւ ձեռքերով հարվածել են դեմքին»: Սլովենիայի կառավարությունը ԵԴ ուղարկած պարզաբանումներում պնդել էր, որ հարկադրանքի նման միջոց կիրառելը համապատասխանել էր կասկածյալի վարքագծին: ԵԴ-ում Ռեբոկը շահել էր դատը, որովհետեւ, դատարանի գնահատմամբ, «ուժի կիրառման աստիճանը եղել է չարդարացված ու չափազանց մեծ»:

Արթուր Այվազյանը նույնպես շղթայված լինելով՝ զրկված է եղել դիմադրություն ցույց տալու հնարավորությունից: Մինչդեռ, նմանօրինակ գործերով կա Եվրոպական դատարանի հետեւյալ որոշումը. «Ազատագրված անձի նկատմամբ ֆիզիկական ուժի ցանկացած կիրառումը, եթե այն ծայրահեղ անհրաժեշտ չի եղել այդ անձի սեփական վարքագծի պատճառով, նվաստացնում է նրա մարդկային արժանապատվությունը եւ սկզբունքորեն Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է համարվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031