Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴԱՏԱԽԱԶԻՆ ՆԻՍՏԻՆ ՉԹՈՂՆԵԼԸ ԽԱԽՏՈՒՄ Է, ԲԱՅՑ ՆԱԽԱԴԵՊ ՉԷ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"Վստահ է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը

– Պարոն Ավետիսյան, ՀՀ վճռաբեկ դատարանը միայն նախադեպային որոշումներ է կայացնում: Սակայն կան երկրներ, որտեղ հստակ գործում է օրենքը: Ո՞րն է արդյունավետ:

– Կան եվրոպական մի շարք երկրներ, որոնք աշխատում են զուտ նախադեպով, կան այնպիսիք, որոնք հարցերը լուծում են օրենսդրական կարգավորումներով: Այսօր գնում է այդ երկու իրավական ավանդույթների մերձեցում: Կյանքը ցույց է տալիս, որ արդյունավետ իրավական համակարգն այնտեղ է, որտեղ գործում են ե՛ւ օրենսդրական կարգավորումները՝ օրենքները, ե՛ւ նախադեպը: Ոչ մի օրենք հնարավոր չէ այնպես գրել, որպեսզի պատասխան տրվեն բոլոր հարցերին, որոնք կյանքում պատահում են: Մեր երկրի օրենքներում էլ ամեն ինչ գրված է եղել, դատարաններն այդ օրենքի պահանջները փորձում են կիրառել: Սակայն միայն օրենքով առաջնորդվելը հարցի լուծում չէ: Ամեն ինչ օրենքի վերածելը դյուրին չէ, մանավանդ, որ կյանքն առաջ է գնում, մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններ: Այդ պարտավորություններն իրավական բազայի բաղկացուցիչ մասն են կազմում: Մինչ օրենսդիրը կհասցնի փոփոխություններ կատարել՝ անհրաժեշտություն է առաջանում կայացնել դատական նախադեպային որոշումներ:

– Դուք ասացիք, որ օրենսդիրը հաճախ չի հասցնում օրենսդրական փոփոխություններ կատարել, այդ դեպքում ի՞նչը կարող է դատական նախադեպի հիմք հանդիսանալ:

– Ընդունենք, թե ունենք մի իրավիճակ, որը օրենքով կարգավորված չէ: Օրենքի մեկնաբանմամբ կորոշվի դրա կիրառման պրակտիկան: Այդ իրավասությունն էլ տրված է ՀՀ վճռաբեկ դատարանին, որը երկրի բարձրագույն դատական ատյանն է, եւ բացի սահմանադրական արդարադատության հարցերից, մնացած բոլոր ոլորտներում կոչված է ապահովել օրենքների միատեսակ կիրառումը: Իսկ դրա անհրաժեշտ պայմանը նախադեպային որոշումների ընդունումն է: Կարճ ժամանակահատվածում կուտակված փորձը ցույց է տալիս, որ այդ ճանապարհով գնալն արդյունավետ է:

– Բերեք մի օրինակ:

– Նախադեպ ձեւավորեցինք, որ 15-օրյա կալանքը քրեական պատիժ է եւ պետք է քննվի քրեական դատավարության կարգով՝ ապահովելով Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված քրեական հանցագործություն կատարած անձի ազատություններն ու իրավունքները: Մինչդեռ նախկինում այդ կարգի գործերը քննվում էին վարչական դատարանում: Այդ որոշումից հետո մեր դատարանները դադարեցրին վարչական կալանքի կիրառումը: Վարչական կալանքի կիրառման ինստիտուտը մեր երկրում ընդհանրապես դադարեց: Որոշ ժամանակ անց օրենսդիրն էլ համապատասխան փոփոխություն մտցրեց գործող օրենքում:

– Պարոն Ավետիսյան, այս տարվա 9 ամիսների ընթացքում որքա՞ն նախադեպային որոշումներ են կայացվել: Մասնավորապես, որպես իրավաբան-քրեագետ, կուզեինք գնահատեիք Վճռաբեկում վերջերս քննության դրված՝ «Առավոտում» մինչ այդ հրապարակված երկու զարհուրելի գործերը: Մեկը Լոռու մարզի Օձուն գյուղում ոստիկանների կողմից հրապարակայնորեն գնդակահարված, շիզոֆրենիայով հիվանդ Սեյրան Այվազյանի (30.08.2008) եւ Կապանի զորամասում հանցագործ խմբի կողմից սպանված Աղվան Հարությունյանի (4.10.2008) գործերն են: Տեղյակ ենք, որ այդ գործերով Վճռաբեկ դատարանը օրերս որոշումներ է կայացրել:

– Այս տարի 10-12 գործով ենք որոշում կայացրել: Կար ժամանակ, երբ Վճռաբեկում մեծ տոկոս էին կազմում խուլիգանության գործերը: Մինչ այդ՝ խուլիգանության հանցակազմը տարածական մեկնաբանություն էր ստացել: Քիչ էր մնում, որ մեկը մյուսի հետ բարձրաձայն զրուցելն էլ համարեին խուլիգանություն կամ քրեորեն պատժելի արարք: Մի շարք հանցակազմեր՝ ծեծը, վիրավորանքը, սկսեցին չգործել: Այն բանից հետո, երբ հրաժարվեցինք տարածական մեկնաբանությունից, խուլիգանության գործերը զգալիորեն նվազեցին: Որովհետեւ քննիչը պետք է ապացուցեր ուղղակի դիտավորությունը, ապացույցներ ունենար: Դա բխեց նաեւ մարդու իրավունքների շահերից:

«Առավոտում» հրապարակված գործերով մենք փորձեցինք լուծել հետեւյալ հարցերը. Եվրոպական դատարանի որոշումներն օգտագործելի՞ են այդ գործերով, որո՞նք են այդ չափանիշները: Հիվանդ քաղաքացու գործով որքանո՞վ էր իրավաչափ ոստիկանների կողմից զենք կիրառելը եւ քաղաքացուն կյանքից զրկելը: Հաշվի առանք կոնկրետ գործի հանգամանքները: Գործով հարցաքննվել են դեպքին ականատես ոչ բոլոր ոստիկանները: Վարույթն իրականացնող մարմինը չի ապահովել Ս. Այվազյանին կյանքից զրկելու հետ կապված բոլոր ապացույցները: Ոչինչ չի ձեռնարկվել ոստիկաններին մեկուսի պահելու համար: Չնայած չկա որեւէ ապացույց, որ ոստիկանները գաղտնի համաձայնության են եկել միմյանց հետ, սակայն միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:

Ինչ վերաբերում է Կապանի զորամասում սպանված զինվորի գործին, 2 անձի մեղադրանք էր առաջադրվել, որ «խուլիգանական դրդումներով, խմբով»՝ կախաղանի միջոցով սպանել են զինվորի: Առաջին ատյանը գտել էր, որ խումբ չի եղել կամ խուլիգանական դրդում չի եղել («Առավոտում» նշվել են «համաներմամբ» ազատվածների կամ ժամկետից շուտ զորացրվածների անունները, որոնք կասկածվել են զինվորի սպանության առնչության մեջ- Ռ. Մ.): Վճռաբեկն այդ գործը վարույթ էր ընդունել, որպեսզի հստակեցնի, թե ի՞նչ է նշանակել «խուլիգանական դրդումներով կատարված սպանություն» ասվածը, կամ տվյալ գործով խմբո՞վ են եղել, ի՞նչ ենք հասկանում «խումբ» ասելով: Մեր մոտեցումները, գնահատականները, հավանաբար, այսուհետեւ կստանան այն տեսքը, որն առաջին ատյանում չէր ստացել:

– Անցյալ շաբաթ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի այն դրույթը, որով միայն հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանը կարող է դիմել ՀՀ վճռաբեկ դատարան, նաեւ ոչ բոլոր քաղաքացիները: Ուժի մեջ մտնելուց հետո չի՞ ավելանա դիմումների հոսքը Վճռաբեկ դատարան, ինչի՞ արդյունքում հարկ կլինի վերանայել դատարանի լիազորություններն ու կարգավիճակը:

– Քաղաքացիներից շատերը դժգոհում են, որ ոչ բոլոր գործերն են Վճռաբեկի վարույթ ընդունվում: Քաղաքացիներն իրավացիորեն ցանկանում են ստանալ պատասխան՝ դատական բարձրագույն ատյանից նույնպես, իրականացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը: Վճռաբեկ դատարանը, փաստորեն, ոչ թե 3-րդ ատյան է, այլ՝ ինքնուրույն ատյան: Մի գործով դատախազը բողոք էր բերել, որ իրեն մասնակից չեն դարձրել գործի քննությանը: Խախտում է կատարվել, բայց դա բոլորովին նախադեպային որոշում չի կարող դառնալ: Սխալը կարող է ուղղվել ստորադաս ատյանների ներսում: Սահմանադրական դատարանի որոշման հետ համաձայն եմ, քանի որ դատարան դիմելու մատչելիության իրավունքը սահմանադրական իրավունք է: Մենք գործ ունենք իրավունքի սահմանափակման հետ: Վճռաբեկ դատարանը պիտի հնարավորություն ունենա նախադեպային որոշումներից բացի, այլ որոշումներ կայացնելու՝ ընդունելով բոլոր քաղաքացիների բողոքներն ու գանգատները:

Վճռաբեկ դատարանի գործունեությունն արդյունավետ կլինի արդարադատության իրականացման, դատական պրակտիկայի ամբողջական ձեւավորման առումով: Այս կազմով՝ երկու պալատներով՝ քրեական եւ քաղաքացիական (3 դատավորներով) չի կարող հոսքն ապահովվել: Առաջին փոփոխությունը կլինի թվակազմն ավելացնելը: Մասնագիտական դատարանների գործունեությունը երկրագնդի բեւեռների սկզբունքով՝ հյուսիսային-հարավային, իրեն չարդարացրեց: Ըստ էության, գործ ունեցանք «վրիպակի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել