Լրահոս
Օրվա լրահոսը

Առեւանգողը, բռնաբարողն ու ծեծողն ազատվել է գրավով

Հոկտեմբեր 25,2008 00:00

Չնայած նման բան օրենքով նախատեսված չէ

Արմավիրի մարզի ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում Արտամետ գյուղի բնակիչ, երկու անչափահաս երեխաների հոր՝ Էդգար Մեխակյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն ավարտվել է, եւ գործը ներկայումս գտնվում է ՀՀ հարավային քրեական դատարանում։

Ըստ նախաքննության մարմնի, Է. Մեխակյանը «համակրել եւ սիրահետել է իր հարեւանուհուն՝ Հ. Մ.-ին» եւ «նրանք բջջային հեռախոսով պարբերաբար կապ են պաշտպանել միմյանց հետ, գաղտնի հանդիպել եւ սեռական հարաբերություններ են ունեցել ոչ բնական, այլ խաթարված ձեւերով, նպատակ ունենալով չխախտել Հ. Մ.-ի կուսությունը»։ Այս մտերիմ կապի մասին տեղեկացել են համագյուղացիները, Մեխակյանի հարազատները, կինը, մայրը։

Այնուհետեւ Հ. Մ.-ն դադարեցրել է իր հարաբերությունները հարեւանի հետ, չի պատասխանել նրա հեռախոսազանգերին, թեեւ Էդգարը փորձել է հանդիպել նրան, պարզաբանումներ ստանալ։ Էդգարն, ըստ գործի նյութերի, պարբերաբար սպառնացել է Հ. Մ.-ին՝ չհանդիպելու դեպքում գնալ նրանց տուն, ստիպողաբար նրան դուրս բերել այնտեղից։ Վերջնական պարզաբանման համար Հ. Մ.-ն համաձայնում է Էջմիածին քաղաքում հանդիպել նախկին ընկերոջ հետ։ Գործով ձեռք բերված ապացույցների համաձայն, Էդգարն իր մեքենայով Հ. Մ.֊ին տարել է Հայանիստ գյուղում գտնվող «Թիկնոց» հյուրանոցային համալիր։ Էդգարը գարեջուր է խմել։ Հ. Մ.-ի՝ լվացարանում գտնվելու ժամանակ, «ասպետը» սիրած աղջկա սուրճի բաժակի մեջ քնաբեր է լցրել, որը հետագայում խմելուց հետո Հ. Մ.-ն վատ է զգացել։ Հ.Մ.-ի քնած լինելու ժամանակ Է. Մեխակյանը բռնաբարել է նրան։ Վերջինս, արթնանալով, հասկացել է իր հետ կատարվածը, վախեցել է խմած վիճակում գտնվող Էդգարին հարցեր տալ, խնդրել է իրեն տուն տանել։

Հարբած վիճակով Է. Մեխակյանը Հ. Մ.-ի հետ, քեռու տուն է գնացել, նորից խմել, ապա վերադարձել են Արտամետ։ Գնումներ կատարելու համար իջել է մեքենայից, Հ. Մ.-ն նույնպես, վերջինս էլ գնացել է հորեղբոր տուն։ Երբ Էդգարը վերադարձել է ու տեսել, որ ընկերուհին մեքենայում չէ, զայրացել է ու սկսել նրան փնտրել։ Երեկոյան ընկերուհուն տեսել է տուն գնալու ճանապարհին՝ հորեղբոր տղայի ուղեկցությամբ։ Մեխակյանը հարձակվել է նրանց վրա, ծեծել, բռնության ենթարկել Հ. Մ.-ին, հորեղբոր որդուն, ապա առեւանգել Հ. Մ.-ին։ Իմանալով, որ Հ. Մ.-ն գլխի վիրահատության է ենթարկվել եւ 2-րդ կարգի հաշմանդամ է, նախկին սիրեկանը, դաշտամիջյան ճանապարհի վրա հարվածել է նրա գլխին, դեմքին, մեքենայից դուրս բերած գարեջրի շշերը կոտրելով՝ վնասել է Հ. Մ.֊ի պարանոցը։ Գազազած վիճակով նա նորից է բռնաբարել՝ ծեծից, կոտրվածքներից ուժասպառ աղջկան։ Հորեղբոր որդուց իմանալով իրենց աղջկա առեւանգման մասին, հարազատները սկսել են փնտրել նրան։ Գիշերվա ժ.1-ի սահմաններում Հ. Մ.֊ն տուն է եկել «գունատ, փոշոտ շորերով, լաց լինելով»։ Նա ուշագնաց է եղել։ Ի դեպ, հետագայում Հ. Մ.-ն երկու անգամ ենթարկվել է վիրահատության՝ Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում։

Բռնարարքների ենթարկվածն ի վիճակի չի եղել խոսել։ Այնուամենայնիվ, հայտարարություն է տրվել, հարուցվել է քրեական գործ եւ Մեխակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Սակայն կալանավորումից 10 օր անց Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Մեխակյանի փաստաբանի միջնորդությունը եւ ծանր հանցագործության մեջ մեղադրվողին գրավով ազատել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել