Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿԵՂԾԻՔԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԴԱՀԿ-Ն ՄՆԱՑ «ԱՆՍԱՍԱՆ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

ԴԱՀԿ աշխատակիցները 8 տարի շարունակ չեն կատարում դատարանի որոշումը

Դեռեւս 1997թ. Մուշեղ Ղարիբյանը փոխառությամբ $2300 է տվել Անդրեաս Շահինյանին (մարզի նախկին դատավորի որդուն): Վերջինս այդ մասին գրավոր ստացական է տվել եւ պարտավորվել գումարը վերադարձնել մեկ ամսից, սակայն մինչ օրս չի վերադարձրել:

2000թ. դեկտեմբերի 28-ին հօգուտ Մ. Ղարիբյանի վճիռ է կայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը (նախագահությամբ՝ դատավոր Մ. Մարտիրոսյանի) եւ վճռել Ա. Շահինյանից բռնագանձել $3450, որից $2300-ը՝ որպես փոխառությամբ տրված գումար, իսկ $1150-ը՝ պատճառված վնասի հատուցում: Կատարողական թերթի հիման վրա 26.01. 01թ. հարուցվել է վարույթ, ապա որոշում է կայացվել Ա. Շահինյանի գույքի վրա արգելանք դնելու մասին: Նույն թվին Արմավիրի մարզի ԴԱՀԿ ստորաբաժանման պետ Գ. Հովասափյանը գրավոր պատասխան է ուղարկել Մ. Ղարիբյանին, նշելով, թե անշարժ գույքի կադաստրից ստացված տեղեկանքով պարզվել է, որ Ա. Շահինյանն իր անվամբ որեւէ անշարժ գույք չունի: Ավտոտրանսպորտային միջոց նույնպես չի ունեցել: Գ. Հովասափյանի գրության մեջ նշված է նաեւ, որ Փարաքարի գյուղապետի կողմից տրված տեղեկանքով նույնպես հաստատվում է, որ Ա. Շահինյանը գյուղում սեփականություն չունի: Մինչդեռ նույն գյուղապետը 2000-ին տվել էր մի քանի տեղեկանք, ըստ որոնց՝ Ա. Շահինյանը Փարաքարում իր անվամբ ունի 600 քմ տնամերձ հողամաս, որի վրա կառուցված է ավտոտնակ եւ կիսակառույց շինություն, եւ այդ տնամերձ հողամասը 20.11.92թ. նրան նվիրատվության պայմանագրով նվիրել է հայրը:

«Ես մի քանի անգամ գնացել եմ այս գործը վարող՝ Էջմիածնի տարածքի հարկադիր կատարող Ներսես Հարությունյանի մոտ եւ նրանից պահանջել, թե ինչո՞ւ Շահինյանի գույքը աճուրդի չի դրվում, եւ չեն հատուցվում իմ վնասները: Նա ամեն անգամ պատասխանում էր, որ շուտով կանեն եւ ավելորդ տեղը չանհանգստանամ: Իսկ երբ հարկադիր կատարող Հարությունյանի քաշքշուկների մասին բողոք գրեցի, պարոն Հովասափյանի ստորագրությամբ ստացա ինձ անհասկանալի այդ պատասխանը, թե իբր նա որեւէ տեղ գույք չունի»,- ասաց Մ. Ղարիբյանը: Երկար քաշքշուկներից հետո 2001-ի հոկտեմբերին որոշվել է արգելանք դնել նվիրատվության պայմանագրով Ա. Շահինյանին անցած կիսակառույց տան եւ տնամերձ հողամասի վրա: Դատական գործընթացներն այսքանով չեն ավարտվել եւ այս անգամ էլ դատական ատյաններին է դիմել Ա. Շահինյանի մայրը, նշելով, որ ամուսինն առանց իր գիտության է որդուն նվիրել տնամերձ հողամասն ու կիսակառույցը: Նրա պահանջը բավարարել եւ նվիրատվության պայմանագիրը մասնակիորեն անվավեր է ճանաչել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը: Սակայն հետագայում պայմանագիրն ամբողջությամբ անվավեր են համարել, ինչպես նաեւ գույքի վրա դրված արգելանքը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները լրիվ հանել են:

Հետո միայն պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Գ. Սարգսյանը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, ԴԱՀԿ-ին տվել է կեղծ տեղեկանք, թե իբր Ա. Շահինյանի անվամբ գյուղում սեփականություն չկա գրանցված: Հենց այս կեղծ տեղեկանքի հիման վրա են դատական ատյանները վճռել՝ գույքը հանել արգելանքից: Իսկ իրականում՝ Ա. Շահինյանի անվամբ Փարաքարում գրանցված է ոչ թե 600 քմ, այլ 1300 քմ տնամերձ հողամաս: Սակայն այս ամենից հետո էլ ԴԱՀԿ Արմավիրի ստորաբաժանումը մատնված է անգործության եւ արդեն 8 տարի է՝ խիստ անտարբեր է դատարանի պահանջի նկատմամբ: Մ. Ղարիբյանը քանիցս դիմել է տարբեր պաշտոնյաների՝ խնդրելով վերականգնել իր ոտնահարված իրավունքները, բայց՝ ապարդյուն:

Իրավական մշակույթ ունեցող երկրներում այս փաստով գոնե կանցկացվեր ծառայողական քննություն, բայց արհամարհելով քաղաքացու՝ օրենքով պաշտպանվող օրինական իրավունքներն ու շահերը, ԴԱՀԿ-ն «անսասան» է մնում՝ կարծես ոչինչ էլ չի եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031