Լրահոս
Օրվա լրահոսը

Օրգանների պահանջարկը մեծ է

Հոկտեմբեր 25,2008 00:00

Ծիսական սպանությունների խնդրով զբաղվող իրավապահներն անհանգստացած են: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության գյուղական շրջանների բնակիչները ահաբեկված են տեղական կախարդներից եւ նրանց օգնականներից, որոնք զբաղված են մարդաորսով՝ նրանց սեռական օրգաններին տիրանալու համար: Լիմպոպո գավառի բնակիչներն այնքան են վախեցած, որ բաժանվել են ջոկատների, եւ մինչեւ ուշ գիշեր բոլոր ուղղություններով հետախուզում են տեղանքը: Մարդիկ ստիպված են իրենք ապահովել իրենց անվտանգությունը, գյուղերում նույնիսկ սահմանված է «պարետային ժամ»: Անվտանգության միջոցառումներն ավելորդություն չեն, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ տարվա սկզբից երկրի այս շրջանում սպանվել է ավելի քան 300 մարդ: Մարդասպանները կտրում են զոհերի սեռական օրգանները, այնուհետեւ վաճառում դրանք տեղի կախարդներին ու շամաններին՝ թուրմեր, դեղանյութեր պատրաստելու համար:

Կախարդներն ու հեքիմները՝ սանգոմասները, մեծ իշխանություն ունեն Հարավային Աֆրիկայի բնիկների վրա: Տարրական բժշկական գիտելիքների բացակայության պատճառով մարդիկ հավատում են, որ կախարդները, իրոք, դարմանում են իրենց ֆիզիկական եւ հոգեկան ցավերը: Օկուլտիզմով զբաղվող «բժիշկների» համար առավել թանկ են մարդկային սեռական օրգանները, հատկապես մանուկներինը, դրանք համարվում են բուժիչ թուրմերի ամենաարդյունավետ բաղադրիչները: Երբեմն նույնիսկ օգտագործվում է մարդու դաստակը՝ «կախարդված դաստակը», որն իբր եկամուտ բերելու հատկություններով է օժտված: Այսպիսի «դաստակների» մեծ պահանջարկ կա հատկապես գործարարների մոտ: Կախարդները խորհուրդ են տալիս խանութպաններին մինչեւ աշխատանքային օրվա սկիզբը դրանք թափահարել խանութներում՝ հաճախորդ գրավելու համար:

Ինչպես վկայում են ծիսական սպանություններով զբաղվող իրավապահները, կախարդները վարձում են հատուկ մարդկանց՝ մարդկային օրգաններ հայթայթելու համար, պատվիրելով մատակարարել միայն կենդանի մարդուց «կտրված» օրգաններ (դրանք իբր ավելի բուժիչ են): Ավանդական ծիսական տոնավաճառում մարդկային օրգանները գնահատվում են մոտ $500, իսկ մարդու գլուխը արժե $1000: Նշենք, որ գործազրկության մեծ տոկոս կազմող եւ կյանքի ցածր մակարդակ ունեցող երկրում այդ գումարը բավականին մեծ է:

Չնայած ոստիկանության ջանքերի շնորհիվ հանցագործները, այնուամենայնիվ, բռնվում են, սակայն սպանությունները չեն դադարում: Պատճառը նաեւ այն է, որ կախարդները միշտ ստվերում են եւ երբեք չեն ձերբակալվում: Տեղի բնակչությունը, վախենալով վրեժից, միշտ չէ, որ հայտնում է սպանությունների մասին: Նույնիսկ եթե ծիսական սպանությունը բացահայտ է, այն քննության չի ենթարկվում՝ ինչպես հարկն է, հաճախ նաեւ քննիչների ավանդապաշտության պատճառով, որոնք վախենում են բացահայտել գործը եւ հավատում են մարդկային օրգաններով եւ արյամբ պատրաստված խառնուրդների «հրաշագործությունների» մասին հեքիաթներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել