Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Հոկտեմբեր 25,2008 00:00

Լույս է տեսել Գագիկ Մանասյանի «Խորհրդանշանների հանրագիտարանը»: Գրքում ներկայացված է կենդանիների, թռչունների, բույսերի, թանկարժեք քարերի առավել հայտնի եւ ավելի քան 1000 խորհրդանշան: Ընթերցողի համար շահեկան է գրքի յուրաքանչյուր բաժնին վերաբերող հեղինակի կողմից ներկայացվող մշակութամեթոդաբանական եւ գիտահանրամատչելի վերլուծությունը, քանի որ խորհրդանշանի ըմբռնումը պահանջում է որոշակի գիտելիք եւ իմացություն: Օրինակ՝ մեկնաբանված է ամենատարածված խորհրդանշաններից մեկը՝ սվաստիկան (կեռխաչը), որը արիական ծագում ունի եւ հայտնի է եղել աշխարհի տարբեր մշակույթների զարդանախշերում: Հանրագիտարանում ասվում է, որ հին հռոմեացիները սվաստիկան համարել են Զեւսի, Հելիոսի, Արտեմիսի հատկանշանը, սկանդինավյան ժողովուրդների համար այն համարվում էր օդի, հաջողության եւ արեւի աստված Տորոյի մուրճը: Մասոնական ավանդույթներում սվաստիկան օգտագործվում է որպես չարը վանող խորհրդանշան, իսկ քրիստոնյաները հնում այն պատկերում էին մահարձանների վրա՝ որպես «ծպտված» խաչ: Ծայրերով աջ թեքված սվաստիկան Գերմանիայի ֆաշիստներն են օգտագործել:

Ուշագրավ է գրքի «Կենդանիների խորհրդակարգ» բաժինը, որտեղից տեղեկանում ենք, որ, օրինակ, ճանճը Եգիպտոսի Հին եւ Միջին թագավորությունների ժամանակ հմայիլի նշանակություն է ունեցել, իսկ Նոր թագավորության շրջանում կախարդը սպառնացել է. «Ճանճի պես կմտնեմ մարմնիդ մեջ եւ այն ներսից կտեսնեմ»: Ճանճը այնտեղ համարվել է նաեւ քաջության խորհրդանշան, իսկ զիվորները պարգեւատրվել են ոսկե ճանճերով: Հին ասորական դիցաբանության մեջ խավարը ներկայացնող Ահրիմանն է աշխարհ թափանցել ճանճի տեսքով: Ինչ վերաբերում է քրիստոնեական խորհրդակարգին, այստեղ ճանճը հոգեւորի եւ մարմնականի խորհրդանշան է: Ուզում եմ առանձնացնել նաեւ «Քարերի խորհրդակարգ» բաժինը: Հանրագիտարանից տեղեկանում ենք, որ հնագույն ժամանակներից քարերն օգտագործվել են բուժական նպատակներով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել