Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ»

Հոկտեմբեր 28,2008 00:00

Այսպես բնորոշեց Ապարանի քաղաքապետի ընտրությունը «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, որը կիրակի հետեւել էր քվեարկության ընթացքին: Դրա արդյունքում գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Գոռ Աբրահամյանը հաղթեց՝ ստանալով 2256 ձայն, իսկ նրա միակ մրցակիցը՝ նախկին քաղաքապետ Ռազմիկ Պետրոսյանը, որին սատարելու մասին հայտարարությամբ հանդես էին եկել «մարտի 1»-ի գործով կալանավորված մի շարք քաղբանտարկյալներ՝ ստացավ 1225 քվե: «Կարող եմ գնահատել միայն տեղամասերում տեղի ունեցած իրադարձությունները,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:- Եվ պետք է ասեմ, որ առաջին անգամ տեսա նման ընտրություններ, որոնք կարելի է բնութագրել իսկապես իբրեւ իդեալական: Շատ փոքրիկ խախտումներ են արձանագրվել: Ասենք, ամենակոպիտ խախտումը եղել է այն, որ ամուսիններով միասին են քվեարկել՝ մի քանի նման դեպք է գրանցվել: Իսկ մնացած առումներով, կարծում եմ, շատ նորմալ ընտրություն էր: Եվ հստակ երեւաց, որ քաղաքական կամքի առկայության պայմաններում, երբ հրահանգ է լինում, որ պետք է նորմալ ընտրություն անցկացվի՝ դրանք իրոք նորմալ են անցկացվում, գոնե տեղամասերի առումով»:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանը, որը նույնպես հետեւել էր Ապարանում քվեարկության ընթացքին՝ ներկայացրեց իր տեսակետը. «Իշխանությունները շատ լավ յուրացրել են, որ կարող են ժողովրդին պահել սոցիալական նվազագույն շեմի վրա, ամենախեղճ վիճակում եւ դրանով լուծել «նորմալ» ընտրությունների ընթացքի հարցը: Ժողովրդի մի ստվար հատված կարոտ է ընտրակաշառքին եւ սիրով վերցնում է այն: Եվ այլեւս խախտում պետք չի անել՝ ընտրության ընթացքը շատ նորմալ կազմակերպում են: Ու մենք՝ ընդդիմադիրներս, դուրս ենք գալիս ու հայտարարում, թե քվեարկությունն անցավ նորմալ: Բայց ժողովուրդը եկավ ու քվեարկեց այն մարդու օգտին, որն իրեն ստորացրել, կաշառք էր տվել»: Մեր հարցին, թե Գոռ Աբրահամյանը կաշա՞ռք է բաժանել՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Այո, ասացին, որ բաժանել է: Մենք այնտեղ լսեցինք, որ 10 հազարական դրամ է բաժանվել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել