Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պուրակը սեփականաշնորհել է

Հոկտեմբեր 28,2008 00:00

Քանաքեռ ՀԷԿ-ի մի խումբ բնակիչներ պնդում են, որ պետական տարածքը վաճառվել է մի շարք կեղծիքներով:

Որքան էլ մեր երկրում օրենքները հստակեցվում են եւ դրանց իրագործման նկատմամբ վերահսկողությունը խստացվում է, միեւնույն է՝ չինովնիկները դրանք շրջանցելու հնարամիտ միջոցներ են գտնում: Ապօրինի օգտագործվող հողատարածքը սեփականաշնորհելու համար օրենքը պահանջում է, որպեսզի տվյալ հողատարածքը տնօրինողը զբաղեցրած լինի մինչեւ 2001 թվականը, եւ ինչ-որ նպատակներով օգտագործի: Սակայն պարզվում է, եթե անգամ այդ հողը չեն օգտագործել եւ նույնիսկ որեւէ կառույց հողի վրա չեն ունեցել, հոգ չէ, ընդամենը պետք է համապատասխան մարմինների հետ լեզու գտնել, «մաղարիչ» անել եւ փաստաթղթերը ձեւակերպել այնպես, ինչպես պետք է: Արաբկիր համայնքում, Քանաքեռ ՀԷԿ-ի հարեւանությամբ գտնվող եղեւնիների պուրակը, որը մինչեւ վերջերս համարվել է պետական սեփականություն, Ցոլակ Թանգամյանը որոշել է սեփականաշնորհել: Մոտ 30 տարի այդ պուրակը խնամող Լաուրա Խալաթյանի պատմելով՝ Ց. Թանգամյանը պուրակին տիրանալու համար դիմել է «խարդախ» միջոցների. «Այս ամբողջ տարիների ընթացքում պուրակն իմ աչքի առաջ էր, եւ ոչ մի անգամ ես չեմ տեսել, որ Ցոլակն այդտեղ ինչ-որ կառույց ունենար կամ այդ տարածքում հող մշակեր: Իսկ ինքը թաղապետարանի հետ հաջողացրել է եւ փաստաթղթեր է կեղծել, իբր 1997 թվականից այդտեղ զբաղվում է գյուղատնտեսական գործունեությամբ եւ այդտեղ 1997 թվականից կրպակ է ունեցել: Մենք բազմաթիվ վկաներ ունենք, որ այս 30-40 տարիների ընթացքում այդտեղ ոչ մի Ցոլակ Թանգամյան չի աշխատել ու կրպակ էլ չի ունեցել: Միայն այս տարվա գարնանը Ցոլակը պուրակում մի մետաղյա կրպակ է տեղադրել, որպեսզի թաղապետարանի աշխատակիցներին ապացուցի, իբր ինքն այդտեղ կրպակ ունի: Սակայն բնակիչների բողոքների հիման վրա թաղապետարանն այդ կրպակն ապամոնտաժել է»:

«Առավոտը» 27. 09. 2008 թ. «Պուրակի փոխարեն օբյե՞կտ են կառուցում» հրապարակման մեջ արդեն անդրադարձել էր բնակիչների այն մտավախությանը, որ շուտով այդ պուրակում սպասարկման օբյեկտներ կառուցելու համար մի քանի տասնյակ ծառեր կհատվեն:

Բնակիչների կանխատեսումները գրեթե իրականանում են, քանի որ մեր ձեռքի տակ եղած փաստաթղթերը հաստատում են, որ նշյալ հողատարածքը քաղաքապետարանը հատկացրել է Ց. Թանգամյանին: Ընդ որում, 300 քմ-ից ավելի տարածքը, ըստ օրենքի, պետք է հատկացվեր աճուրդային կարգով, ինչը չի արվել: Մոտ 506 քմ-անոց պուրակը պարզապես օտարվել է ՀՀ կառավարության «Ինքնակամ կառույցների օրինականացման եւ տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912/-Ն որոշման համաձայն:

Բնակիչների ներկայացմամբ, Ց. Թանգամյանն արդեն այդ հողատարածքի նկատմամբ սեփականության վկայական էլ է ձեռք բերել. «Նրա հողատարածքի հատակագծում ֆիքսված է անգամ գոյություն չունեցող կրպակը, թե ինչպես է քաղաքապետարանն իր համաձայնությունը տվել եւ կեղծ փաստաթղթերը հիմք համարել՝ անհասկանալի է»:

Նկատենք, որ մեր ձեռքի տակ է նաեւ թաղապետարանի կողմից Ց. Թանգամյանին տրված տեղեկանքը, որտեղ նշված է, որ նա 1997-ից ինքնակամ զբաղեցրել եւ այգեգործական նպատակներով տնօրինում է պուրակը եւ 15 քմ կրպակը:

Մեր հարցին, թե՝ ինչպե՞ս է քաղաքապետարանը կեղծ փաստաթղթերի հիման վրա տարածքը տրամադրել Ց. Թանգամյանին, Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Հրաչյա Մուրադյանը պարզաբանեց, որ իրենց համար հիմք են թաղապետարանից ստացած փաստաթղթերը, որոնց վրա դրված են թաղապետի տեղակալի եւ թաղապետի ստորագրությունները. «Դուք ոնց եք պատկերացնում՝ յուրաքանչյուր նման գործի կասկածենք եւ ինքներս գնանք ստուգենք՝ ասենք կրպակ կա, թե ոչ: Եթե կասկածներ կան, իրավապահ մարմինները թող զբաղվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել