Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Հոկտեմբեր 28,2008 00:00

Կրամնիկի վիճակն օրհասական է

Բոննում շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 12 պարտիայից բաղկացած Վիշվանաթան Անանդ-Վլադիմիր Կրամնիկ մրցամարտը մոտենում է եզրագծին եւ ռուսաստանցու գործերը, մեղմ ասած, լավ չեն: 9-րդ տուրից հետո նա հնդիկ գրոսմայստերից ետ էր մնում երեք միավորով՝ 3:6:

Երեկ շախմատիստները հանդիպում էին 10-րդ անգամ: Կրամնիկի համար ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ նա հաշիվը հավասարեցնելու եւ մրցաշարի կանոնակարգով նախատեսվող թայ բրեք անցնելու համար պարտավոր է մնացած երեք տուրերում անպայման հաղթանակներ տանել, ինչը, դատելով Անանդի մարզավիճակից եւ ցուցադրած խաղի մակարդակից, անհնարին է թվում: Այնպես որ, բացառված չէ, որ այսօր, երբ ընթերցողը կարդում է այս տողերը, Վիշվանաթան Անանդն արդեն աշխարհի չեմպիոն հռչակված լինի:

Անհատական մեդալներ ունեցանք

\"\"Հունաստանի Կալիթեա քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային առաջնություններում Հայաստանը ներկայացնող չորս (տղամարդկանց՝ 3 եւ կանանց՝ 1) ակումբներն անմասն մնացին թիմային մեդալներից:

Տղամարդկանց պայքարում «Բանկային Արքան» գրավեց 7-րդ, «Միկան»՝ 12-րդ, ՖԻՄԱ-ն՝ 20-րդ, իսկ կանանց մրցաշարում «Միկա Երեւանը» պայքարը եզրափակեց 5-րդ տեղում:

Այդուհանդերձ, մեր ակումբները համալրած շախմատիստներից մի քանիսն իրենց խաղատախտակների միջեւ ծավալված պայքարում անհատական մեդալներ նվաճեցին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է «Բանկային Արքայի» փորձառու գրոսմայստեր Արտաշես Մինասյանին: Նա, հանդես գալով 6-րդ խաղատախտակի առջեւ, 7 տուրերից մասնակցեց 6-ին եւ բոլորն էլ գրանցելով իր օգտին (100%-անոց արդյունք)՝ արժանացավ ոսկե մեդալի: «Արծաթի» արժանացավ «Միկա» ակումբի խաղացող, երիտասարդ գրոսմայստեր Արման Փաշիկյանը (6-րդ խաղատախտակ, 5 միավոր), իսկ վրացուհի Նինո Խուրցիձեին, որ հանդես էր գալիս 4-րդ խաղատախտակի առջեւ (5 միավոր)՝ հանձնվեց բրոնզե մեդալ:

Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը Կալիթեայում ներկայացնում էր Իսպանիայի «Լինեքս Մաջիկ» ակումբը: Նա ամբողջ մրցաշարն անցկացրեց վերելքով եւ 4-րդ խաղատախտակի առջեւ վաստակելով անհատական 6 միավոր՝ նույնպես տուն վերադարձավ «ոսկիով»:

Մրցաշարում իրեն գերազանց դրսեւորեց ֆրանսահայ Տիգրան Ղարամյանը՝ «Շառլերուայից»: Ճիշտ է, նրա գլխավորած ակումբը 64 թիմերի մեջ բավարարվեց 42-րդ տեղով, սակայն մեր հայրենակիցը վաստակած միավորներով հավասարը չունեցավ 1-ին խաղատախտակների առջեւ հանդես եկող գրոսմայստերների մեջ: Հետաքրքրական է, որ առաջատարների պայքարում նրան հաջորդեց մեր մյուս հայրենակիցը՝ Սերգեյ Մովսիսյանը, որը պաշտպանում էր «Բոսնայի» պատիվը:

Պարտվեցին Իսպանիայի 17 տարեկաններին

Երեկ Իսպանիայում ավարտվեց ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության 1-ին որակավորման փուլի մրցաշարը՝ 13-րդ խմբում: Այստեղ, բացի տանտերերից, ընդգրկված էին Հայաստանի, Անգլիայի եւ Էստոնիայի հավաքականները:

Մեր տղաները մեկնարկային հանդիպումն անգլիացիների հետ անցկացրին բավականին հաջող եւ հասան զրոյական ոչ-ոքիի: Սակայն երկրորդ խաղը տանուլ տվեցին դաշտի տերերին՝ 0:2: Երեկ Երեւանի ժամանակով ուշ երեկոյան մեր ֆուտբոլիստները, որոնք մեկ միավորով ընթանում էին մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականում, ուժերը պետք է չափեին վերջին տեղն զբաղեցնող էստոնացիների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել