Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԻՄԱ ՔՎԵԱՐԿՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆ»

Հոկտեմբեր 29,2008 00:00

\"\"ԱԺ նախկին նախագահը չի ափսոսում իր նախկին քվեարկությունների համար

– Ձեր «Նահանջ՝ երգով» հոդվածը տարբեր մեկնաբանությունների տեղիք տվեց: Մեկնաբանություն թիվ 1. ըստ որոշ հանրապետականների, հոդվածում արտահայտում եք մտքեր, որոնք համահունչ են ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս հնչեցրած մտքերին:

– Նման մեկնաբանությունների նպատակն ակնհայտ է. սա շարունակությունն է այն ասեկոսեների, թե, իբր, Վարդան Օսկանյանի հետ կուսակցություն ենք ստեղծում: Նման բան գոյություն չունի, ես որեւէ մեկի հետ կուսակցություն ստեղծելու հետ կապված որեւէ քննարկում չեմ ունեցել: Թեեւ չեմ համարում, որ անգամ եթե նման բան եղած լիներ, դա որեւէ մեկի խնդիրն է:

– Հաջորդ մեկնաբանությունը. եթե անհանգստություններ ունեիք, դրանց մասին կարող էիք խոսել ԱԺ նախագահի պաշտոնում եղած ժամանակ, ոչ թե՝ այն թողնելուց հետո:

– Եթե որեւէ մեկը նախկինում բարձր պաշտոն է զբաղեցրել, ապա հետո չպիտի՞ ոչ մի բանի մասին տեսակետ արտահայտի: Իրավիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում էապես տարբերվում է նախորդ ինը տարիներից: Այդ տարիների ընթացքում ես երկրի նախագահի հետ հանդիպելու անսահմանափակ հնարավորություն ունեի եւ հանդիպում էի բավական հաճախ ու իմ բոլոր մտահոգություններն արտահայտում էի, եւ ամեն ինչի մասին չէ, որ անհրաժեշտ էր լինում հրապարակավ արտահայտվել: Ինչ վերաբերում է տարածաշրջանային վերջին իրադարձությունների վերլուծությանը կամ երկրի նախագահի ելույթին ՄԱԿ-ի ամբիոնից, ապա տարօրինակ կլիներ, եթե ես, օրինակ, մայիսին խոսեի օգոստոսին կամ սեպտեմբերին տեղի ունենալիք իրադարձությունների մասին: «Նահանջ՝ երգով» հոդվածում վերլուծվող իրադարձությունների ճնշող մեծամասնությունը վերաբերում էր հենց այս ժամանակահատվածին: Ինչ մնում է հոդվածի այն հատվածներին, որոնք վերաբերում են անցյալում եւս առկա հարցերին, ապա դրանց մասին միշտ եմ խոսել, օրինակ, միշտ էլ ասել եմ, որ ամեն ինչ պետք է անել, որ վերականգնվի ԼՂ միջազգայնորեն ճանաչված կարգավիճակը՝ որպես բանակցությունների լիարժեք կողմ: Ապրիլին ԱԺ-ի ընդունած հայտարարությունում էլ, որի հեղինակը ես էի, արձանագրվում էին թե՛ մտահոգություններ, թե՛ անհրաժեշտ քայլեր: Երբ վերլուծությանն այդ կերպ են արձագանքում, ասելով՝ իսկ ինչո՞ւ այն ժամանակ չէր ասում եւ այլն, մնում է մեկ հետեւություն՝ այդ ամենը շատ հիմնավոր է, եւ հակադրելու այլ բան չեն գտել: Ի դեպ, ոչ այդ եւ ոչ էլ հետագա հոդվածներում կամ հրապարակումներում նպատակ չեմ ունեցել եւ չունեմ որեւէ մեկին մեղադրելու: Պիտի յուրաքանչյուրը, եւ առաջին հերթին՝ իշխանությունը, շահագրգռված լինի, որ «շատ լավ էր, շեֆ ջան»-երի կողքին արտահայտվեն անաչառ տեսակետներ:

– Պաշտոնը թողնելուց հետո Ձեր անձնական քվեարկության պատկերը բոլորովին փոխվել է. հիմա քվեարկում եք կամ ընդդիմադիրի, կամ ընդդիմադիրին մոտ կեցվածքով:

– Քաղաքականության մեջ երրորդ վիճակ չկա. եթե իշխանության մեջ չես՝ ինքնաբերաբար ընդդիմություն ես: Երբ մարդ մի միջավայրում է գտնվում՝ կուսակցություն, իշխանություն, ընդդիմություն եւ այլն, բնական է, որ իր գործողություններն այս կամ այն չափով պիտի պայմանավորված լինեն այդ միջավայրով: Այդ առումով որոշ կաշկանդումներ եղել են: Թեեւ այն ժամանակ էլ որոշ դեպքերում ես չեմ քվեարկել այնպես, ինչպես՝ շատերը: Կարեւորը՝ ցանկացած քվեարկության ժամանակ համոզված եմ եղել, որ ճիշտ եմ վարվել: Հիմա մի փոքր այլ է. ես քվեարկում եմ միայն որպես Տիգրան Թորոսյան եւ պարտադրված չեմ կոմպրոմիսային այլ հնարավորություններ գտնելու: Վերջերս մի խնդրի կապակցությամբ նման հարցադրում եմ լսել. ինչո՞ւ նույն հարցի կապակցությամբ հիմա այլ ձեւով եմ քվեարկում, իսկ մարտին՝ այլ: Անցել է 7 ամիս, այդ ընթացքում 3 պատգամավորները գտնվում են կալանքի տակ: Սա սովորական երեւույթ չէ, անհրաժեշտ են քննարկումներ, եւ անհրաժեշտ է, որ համապատասխան մարմինները ներկայացնեն հիմնավորումներ, թե ինչ է բացահայտվել այս ընթացքում, ինչու պիտի պատգամավորների նկատմամբ շարունակվի կիրառվել նույն խափանման միջոցը՝ կալանքը: Դրանից հետո միայն խորհրդարանը կկարողանար ունենալ հիմնավոր դիրքորոշում: Ինչ վերաբերում է մարտի քվեարկությանը, ապա այնպիսի իրադարձություն էր տեղի ունեցել, որի նախադեպը չկա մեր երկրի պատմության մեջ: Զոհվել էին մարդիկ, եւ բնական է, որ գլխավոր դատախազի հարցադրումն ուշադրության արժանի էր, պետք էր հնարավորություն տալ, որ բացահայտվի ճշմարտությունը: Պատգամավորները դատավճիռ չեն կայացնում: Նրանք դժվար, բայց ճիշտ որոշում պետք է ընդունեին: Հիմա էլ այն կարծիքին եմ, որ մարտի սկզբին քվեարկությունը ճիշտ էր (պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելը- Մ. Ե.): Հակոբ Հակոբյանն ինքն էլ ասաց, որ շատ կուզենար ամեն ինչ բացահայտվի, եւ հանուն դրա ինքը պատրաստ է կալանքի տակ մնալ:

– Դուք խոսում եք այն մասին, որ պատգամավորները 7 ամիս կալանքի տակ են եւ այլն, սակայն մոռանում եք, որ այդ ամիսներին, ավելի կոնկրետ՝ 5,5 ամիսներին Դուք ԱԺ նախագահն էիք, այս սրտացավությունն ինչո՞ւ այդ ժամանակ չդրսեւորվեց: Հիմա չե՞ք ափսոսում, որ մարտի 1-ի դեպքերի հետ կապված հենց Դուք էիք շարունակ երեւում էկրանից եւ ինչ-որ բան էիք ասում մարդկանց:

– Նախ, ոչինչ չեմ մոռացել: Որպես ԱԺ նախագահ՝ իմ պաշտոնավարման վերջին 4 ամիսների ժամանակահատվածում գրեթե օր չէր լինում, որ պատվիրված որեւէ հոդված չտպվեր, երբեմն օրվա մեջ նաեւ փունջ էր լինում: Եվ այդ ընթացքում իմ կողմից հնչեցված նման հրապարակային հարցադրումներն այլ կերպ էին ընկալվելու: Իսկ ոչ հրապարակային հարցադրումներ եղել են: Միշտ խուսափել եմ շահարկումներից: Ինչ վերաբերում է մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված ԱԺ հատուկ նիստում իմ ելույթին, թե այն քանի անգամ է ցուցադրվել՝ չգիտեմ եւ ցուցադրման հետ որեւէ առնչություն չունեմ: Ելույթի համար չեմ ափսոսում, ուղղակի համարժեք չի եղել որոշ մարդկանց կողմից ընկալումը՝ հաշվի առնելով խիստ հուզական եւ ծանր հոգեբանական մթնոլորտը: Ի դեպ, շատ քաղաքացիներ շնորհակալություն են հայտնել այդ ելույթի համար: Հիմա էլ պատրաստ եմ ցանկացած լրագրողի հետ դիտել այն եւ, կարծում եմ, որեւէ մեկը չի կարողանա որեւէ խնդիր ներկայացնել, որի հետ կապված ես անաչառ եւ անկեղծ չեմ եղել: Կարծում եմ՝ շատ ավելի ազնիվ է շիտակ ներկայացնել սեփական տեսակետը, քան սուսուփուս թաքնվել քվեարկության կոճակի տակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել