Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոչ հոգնած եմ, ոչ էլ սպառված»

Հոկտեմբեր 29,2008 00:00

Ասում է Գյումրիի քաղաքապետը՝ արդեն իսկ պատրաստվելով քաղաքապետի հաջորդ ընտրություններին

Երեկ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպեց լրագրողների հետ: Նախ հայտարարեց, որ ինքը «ներողամիտ մարդ է», հանուն իր քաղաքի պատրաստ է համագործակցել բոլորի՝ «ջահել» պատգամավորի (քաղաքապետի ընտրություններում իրեն պարտված Մարտուն Գրիգորյանի), իրեն սատարող ու չսատարող կուսակցությունների, անգամ՝ լրատվամիջոցների հետ, սակայն նախ խայթեց թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանին, ապա անցավ Մարտուն Գրիգորյանին, երեւանյան թերթերին, չմոռացավ քաղաքապետի նախկին թեկնածու Կարապետ Ներսիսյանին, ով քարոզարշավի յոթերորդ օրը ինքնաբացարկ հայտնելով միացել էր Մարտուն Գրիգորյանին:

Քաղաքապետը հակառակորդ թիմին մեղադրեց ընտրակաշառք բաժանելու ու գյումրեցիների հոգեբանությունը պղտորելու մեջ, իսկ Կարապետ Ներսիսյանին որակեց «ստալինյան ինծիլիգենծիկ», որն, ըստ իրեն՝ մարդկային ամենասարսափելի տիպն է: Հոգեւոր առաջնորդի մասին էլ ասաց. «Թեմի առաջնորդն իրավունք չուներ քարոզչությամբ զբաղվելու, ո՞ր հոգեւորականին եք տեսել, որ դուրս գա եւ իր խոսքն ասի, զարմանում եմ նրա վրա, իմ պեսը չկա ՀՀ քաղաքապետերի մեջ, որ էդքան եկեղեցու նկատմամբ գործ արած լինի եւ էդքան բարյացակամ վերաբերմունք ցույց տված լինի, բոլոր հավատացյալ ժողովուրդն է զարմանում: Գիտեք ի՞նչն է պատճառը, որ էդ մարդը կարող էր ինձ չընդունել, մենակ այն, որ ես կարող է ասեմ՝ պետք է իրոք հավատքի մեջ լինեք, ժամերգություն անեք, պատարագ մատուցեք, եկեղեցու կանոնների մեջ լինեք, ուրիշ ճանապարհներով հոգեւորականը չպիտի գնա, փողը իր համար չպիտի դառնա պաշտամունքի առարկա: Ես իրեն ոչ մի անգամ վատ խոսք չեմ ասել, չհաշված, որ հիմա, որ մտնում եք Աստվածածնա եկեղեցին, ամբողջ խորանի հատակը «մրամրով» ես եմ արել, մի անգամ էդ մարդուց չլսեցի, որ ինձ բան ասեր: Պատկերացրեք, Վարդավառի օրը 150 ոչխար մատաղ եմ անում Ամենափրկիչ եկեղեցում, իրեն ասում եմ՝ արի մատաղը օրհնի, չի գալիս…»:

Քաղաքապետը «կպավ» նաեւ իրեն քննադատող թերթերին ու «քաղաքը չսիրող» լրագրողներին՝ մեղադրելով թեկնածուների միջեւ լարվածություն ստեղծելու մեջ. «Ես ասել եմ էն գլխուց, որ ոչ մեկի քթից արյուն չի թափվելու, տեսաք էն լրատվական ձեր կառույցները, որ ներկայացնում էիք՝ «ով կենդանի մնա, նա էլ կլինի քաղաքապետ», էդ ձեր չարակամությունը չիրականացավ: Էդ ամեն ինչի պատճառը լրագրողներն են, թերթերն են հրահրում, որպեսզի նմանատիպ դեպքեր տեղի ունենան: Թերթեր կան, որ ասում են՝ փողը տուր, քեզ չենք զրպարտի, երեւանյան այդ փտած, խայտառակ մեխանիզմը ուզում են աշխատացնել Գյումրիում, բայց ես էստեղ չեմ թալանում, որ իրենց տամ, ես էդպես չեմ անի, երբեք»: Քիչ ավելի ուշ ասաց նաեւ հետեւյալը. «Ես զարմանում եմ՝ ով վախ է սփռում, ինքն էլ խոսում է վախի մթնոլորտից, թող հլը մեկն ասի, թե ինչ-որ մեկին ահաբեկել եմ, ասել եմ՝ քեզ կազատեմ, եթե ինձ չընտրեք: Եթե գայիք քարոզարշավին, կտեսնեիք, թե մարդիկ ոնց էին մեզ սիրում, մարդիկ կային, որ դրեցին իրենց թեկնածությունը եւ տեսան, թե ինչ արժեն իրենց թիմով, եւ 32 000 ձայն ունեցող քաղաքապետին արդեն չորրորդ-հինգերորդ անգամ մշտական էսպես սուտ դեմոկրատիայի տակ պարփակվելով՝ քննադատել, ես չեմ ընդունում: Ես երբեք ընտրակաշառք չեմ բաժանում, ձայն չեմ գողանում, իմ ապրած կյանքը ես էդպես եմ ապրել եւ էդպես ապրելու եմ մինչեւ վերջ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել