Լրահոս
Օրվա լրահոսը

ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵՑ «ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27»-ի ՈՃԻՐԸ

Հոկտեմբեր 29,2008 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՀ դատախազի նախկին

տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի դատավարությունը:

Գ. Ջհանգիրյանը դատավարության սկզբում հանդես եկավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործությանը վերաբերող հայտարարությամբ. «Հոկտեմբերի 27»-ը ՀՀ-ն շեղեց առաջընթացի բնականոն ուղուց, աննկարագրելի վնաս հասցրեց պետական կառույցներին ու հաստատություններին, երկրի միջազգային վարկին ու հեղինակությանը, խախտվեց երկրի ժողովրդի հավատն արդարության ու ապագայի նկատմամբ: Այդ օրը ԱԺ-ում գլխատվեց ժողովրդի արդար քվեն ստացած «Միասնություն» դաշինքը, որի արդյունքում յուրացվեց ժողովրդի ու պետական իշխանությունը: Այսօր «Հոկտեմբերի 27»-ը հիշատակելն ու պաշտոնական վարկածից դուրս արտահայտվելը նույնքան վտանգավոր ու քրեորեն պատժելի է, որքան 9 տարի առաջ: Ջհանգիրյանի օրինակը (նկատի ունի իրեն- Գ. Մ.)՝ ձեզ ապացույց: Եղել ու մնում եմ նույն կարծիքին, որ «27»-ը հստակ ծրագրավորված ու սառնասրտորեն իրականացրած ծանրագույն պետական հանցագործություն է: Գործող ռեժիմի պայմաններում հնարավոր եղավ քրեական պատասխանատվության ու պատժի ենթարկել միայն հիմնական կատարողներին, հանցակիցների մասով վարույթը կարճվեց օրենսդրության կոպիտ խախտումներով: Նախաքննությունը վերսկսելը, ոճրագործության բոլոր հանցակիցներին հայտնաբերելը ու քրեական պատասխանատվության ենթարկելը ՀՀ ապագա օրինական իշխանությունների խնդիրն է: Միայն այդ միջոցներով է հնարավոր վերականգնել հայ ժողովրդի հավատը սեփական պետության ու արդարության նկատմամբ»:

Պաշտպանական կողմի միջնորդությամբ ցուցմունք տվեց նախկին ոստիկան Սամվել Հովհաննիսյանը, ով փետրվարի 23-ին ներկա է եղել Էջմիածնից վերադառնալու ճանապարհին տեղի ունեցած բախմանը: Վերջինս պատմեց իր տեսածն ու լսածը, թե ինչպես են «6»-ի դիմակավորված աշխատակիցները շուրջկալել իրենց մեքենաները, ապա լսվել են կրակոցներ. «Ես կռված տղա եմ, ըտենց բան միայն Ղարաբաղում էի տեսել: Գ. Ջհանգիրյանը միայն ասում էր՝ ես եմ պետք՝ ինձ վերցրեք, ուրիշներին վնաս մի տվեք: Կրակոցներ լսվեցին նաեւ այն ժամանակ, երբ հարձակվեցին Վարդան Ջհանգիրյանի վրա»: Մեղադրող Կորյուն Փիլոյանի եւ դատավոր Ժորա Վարդանյանի հարցին, թե ի՞նչ կապ ունես Ջհանգիրյանների ընտանիքի հետ, վկան ասաց. «Որպես հավատարիմ մարդ՝ եղել եմ նրանց հետ»: Նա նաեւ վկայեց, որ «6»-ի աշխատակիցներն այդ օրը եկել էին իրենց սպանելու մտադրությամբ: Տեղեկացնենք նաեւ, որ դատարանում պետք է վկայություն տային երեք այլ անձինք եւս, այդ թվում՝ Վարդան Ջհանգիրյանը: Վերջիններս չէին ներկայացել: Կ. Փիլոյանը առաջարկեց դատը չհետաձգելու համար լսել տուժողներին, ինչին պաշտպանական կողմը չառարկեց: Իսկ Գագիկ Ջհանգիրյանը կրկին հայտարարություն արեց. «Քանի որ մեծ ցանկություն ունեմ չգտնվել, այսպես կոչված՝ տուժողների հարցաքննությանը, խնդրում եմ ինձ նիստից հեռացնել, թեեւ կանոնակարգը խախտվելու է: Հաշվի առեք նաեւ այն, որ ես համբերատար եմ, 8 ամիս սպասում եմ, ամեն ինչ իր չափն ու սահմանն ունի: Չեմ կարող ունկնդրել այդ լկտի կեղծարարների կեղծ ցուցմունքները»: Նախագահողը մերժեց Գ. Ջհանգիրյանի պահանջը, հաջորդ դատական նիստը նշանակելով նոյեմբերի 4-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել