Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոֆեսորը՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտորի

Հոկտեմբեր 29,2008 00:00

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ

գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանն աշխատանքի իր իրավունքը փորձում է վերականգնել դատարանով:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լսվեց ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի նախկին վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանի հայցն՝ ընդդեմ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի (դատավոր՝ Գայանե Կարախանյան): Ինչպես ներկայացրեց հայցվորի ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը. «2008 թ. մարտ ամսին համալսարանում տեղի են ունեցել տնտեսագիտության ֆակուլտետի կառավարման եւ գործարարության ամբիոնի վարիչի ընտրություններ, որը մինչ այդ պաշտոնավարում էր պաշտպանյալս՝ պրոֆեսոր Սարգիս Ղանթարջյանը: Ընտրությունների արդյունքում պաշտպանյալս վերընտրվել է, ում հետ համալսարանը 5 տարով պայմանագիր է կնքել, որի ժամկետը լրանում է 2013 թ. մարտին: Պայմանագիրը կնքելուց երեք ամիս հետո այն լուծվել է: Սարգիս Ղանթարջյանին ամբիոնի վարիչի պաշտոնից հեռացրել են՝ պատճառաբանելով, որ տարիքն անցել է: Սույն գործի հետ կապված կա նաեւ աշխատանքային տեսչության պետի որոշումն այն մասին, որ իրավունք չունեին պաշտպանյալիս ազատել աշխատանքից»:

Պատասխանողի ներկայացուցիչ, ԵՊՀ իրավաբանական վարչության պետ Արմեն Թադեւոսյանն ասաց, որ ԵՊՀ-ն հայցադիմումի վերաբերյալ առարկություններ ունի. «Ըստ Աշխատանքային օրենսգրքի, կենսաթոշակային տարիք ընդունված է համարել 65-ը: Այնպես որ, օրենքը թույլ է տալիս այդ տարիքայինների հետ կնքած պայմանագրերը լուծարել»: Հայցվորի ներկայացուցիչը դատավորին տեղեկացրեց, որ վերջերս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Գոլոս Արմենիին» տված հարցազրույցում հայտարարել է, որ, ըստ համալսարանի որդեգրած քաղաքականության, պրոֆեսորներն աշխատելու իրավունք ունեն մինչեւ 75 տարեկանը: Ա. Թադեւոսյանը հավաստեց. «Հայտարարությունը ճիշտ է, բայց դա վերաբերում է պրոֆեսորներին, ոչ թե շարքային դասախոսներին: Հայցվոր կողմին, տվյալ դեպքում՝ Սարգիս Ղանթարջյանին այս օգոստոսին ռեկտորի կողմից համալսարանում առաջարկվել է զուտ գիտական աշխատանք, սակայն առաջարկը մերժվել է»: «Առավոտի» հետ զրույցում Ս. Ղանթարջյանը պարզաբանեց. «Առաջարկ եղել է, բայց կես դրույքային, ես էլ հրաժարվել եմ: Ի դեպ, ես 60 տարեկան եմ, ոչ թե 65»: Ա. Թադեւոսյանն էլ մեզ հայտնեց. «Յուրաքանչյուր ուսումնական տարվա վերջին, այն ոլորտներում, որտեղ սերնդափոխությունը ռեալ հնարավոր է իրականացնել, կադրերի առկայության դեպքում կատարում ենք կրճատումներ»:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 11-ին, ժ. 17:30-ին:

Նշենք, որ ԵՊՀ ռեկտորն աշխատանքից ազատել է նաեւ տնտեսագիտության ֆակուլտետի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Դավթյանին: Նա էլ «Առավոտին» հայտնեց. «Չեմ հասկանում, թե ինչ խաղեր են գնում: Երեկ էլ իմ դատն էր: Արամ Սիմոնյանի վարած քաղաքականությունը կապված է զուտ անձնական հարցերի հետ՝ ինչ մտքով անցնում է՝ անում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել