Լրահոս
Օրվա լրահոսը

Այլընտրանքային երթուղիներ կան

Հոկտեմբեր 29,2008 00:00

Հոկտեմբերի 28-ին Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանն ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու, թե ժամանակավորապես ինչպես է երթեւեկելու տրանսպորտը Հերացի փողոցից դեպի Նորք-Մարաշ եւ հակառակ ուղղությամբ: Հոկտեմբերի 26-ից նշված ճանապարհը փակ է, քանի որ այս հատվածում քանդվել է Նորքի հին կամուրջը, ինչն, ըստ Կարեն Դավթյանի, պայմանավորված է Սարալանջի մայրուղու նորակառույց թունելի ձախ ելքով դեպի Խորենացի եւ Տիգրան Մեծի պողոտա ձգվող նոր ճանապարհի շինարարական աշխատանքներով:

Կամրջի ապամոնտաժումը, փոխքաղաքապետի խոսքերով, պարտադիր էր, քանի որ դրանով կկանոնակարգվի Հերացիով Մարաշ բարձրացող եւ թունելի կողմից եկող հոսքերի երթեւեկը՝ Արմենակյան փողոցի հետ հատման մասում, բացի այդ՝ կմեծանա Մարաշի ուղղությամբ տրանսպորտային հոսքերի թողունակությունը:

Քաղաքապետի տեղակալը նշեց, որ քաղաքապետարանի կողմից առաջարկված այլընտրանքային ուղղությունների մասին տեղեկատվությունը մինչեւ շինարարական աշխատանքներն սկսվելը՝ հոկտեմբերի 24-ին տեղադրվել է քաղաքապետարանի ինտերնետային կայքում եւ տարածվել զանգվածային լրատվամիջոցներով: Այլընտրանքային երթուղիները հետեւյալն են. Նոր Նորքի Գյուրջինյան փողոցից Հին եւ Նոր Նորքը միացնող անցուղով դեպի Խանզադյան փողոց կամ Դավիթ-Բեկի փողոցից Գ. Հովսեփյան փողոցով դեպի Ա. Արմենակյան փողոց:

Թվարկված փողոցները, Կարեն Դավթյանի հավաստմամբ, աշխատանքներն սկսելուց դեռ երկու շաբաթ առաջ բարեկարգվել են, վերականգնվել է արտաքին լուսավորության համակարգն ու ընդհանրապես արվել է ամեն ինչ՝ նշված ուղղություններով բնականոն երթեւեկությունն ապահովելու համար:

Քաղաքապետի տեղակալն անդրադարձավ նաեւ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» տեղեկատվական ծրագրի՝ հոկտեմբերի 27-ի հիմնական թողարկման ժամանակ հեռարձակված ռեպորտաժին, որտեղ նշվում էր, թե նշված ճանապարհահատվածում շինարարական աշխատանքներն սկսելիս Երեւանի քաղաքապետարանը նորմալ այլընտրանքային ճանապարհներ չէր նախատեսել, ու մարդիկ ստիպված երթեւեկում են քարուքանդ ու գրեթե անանցանելի փողոցներով: Կարեն Դավթյանն, ըստ էության, հերքեց այդ տեղեկատվությունը, այն, մեղմ ասած, «անտեղյակության հետեւանք» համարելով:

Փոխքաղաքապետի խոսքերով, եթեր են հեռարձակվել ներհամայնքային, երրորդական նշանակության, ավելին, բոլորովին այլ համայնքի՝ նախատեսված այլընտրանքայինի հետ որեւէ առնչություն չունեցող փողոցի կադրեր: Այնինչ, նույն «Հայլուրը» մի քանի օր առաջ հենց ինքն էր հանրությանը իրազեկել Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող ժամանակավոր այլընտրանքային երթուղիների մասին՝ նշելով փողոցների ճիշտ անվանումները:

Քաղաքապետի տեղակալը նշեց նաեւ, որ ժամանակավոր անհարմարությունը երկար չի տեւի, եւ մինչեւ տարեվերջ արդեն Նորք-Մարաշ բարձրացող նոր, բարեկարգ ու հարմարավետ ճանապարհ կունենանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել