Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթամշակութային խճանկար

Հոկտեմբեր 30,2008 00:00

Հոգուն վրա հասան

Այսօր Ավան համայնքի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցում պետք է կայանային տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ: Տեղեկացրել էինք, որ դպրոցի խորհրդի նախկին կազմը անօրեն ճանապարհով ցրվել էր եւ նոր խորհուրդ ձեւավորվել, որպեսզի տնօրեն դառնար «վերեւներին» հաճելի թեկնածուն՝ Ավանի ոստիկանության բաժնի պետ Արմեն Իսրայելյանի կինը՝ ուսմասվար Հայկուշ Նիկոյանը, ում կոլեկտիվը տեսնել անգամ չի ցանկանում: Լինելով քաղաքապետարանի ֆավորիտը եւ ազդեցիկ պաշտոնյաների բարեկամը, հավանաբար, հենց տիկին Նիկոյանն էլ տնօրեն «կընտրվեր», եթե վերջին պահին ընտրությունները չկասեցվեին: Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանը երեկ «Առավոտին» փոխանցեց. «Քանի որ այս պահին կրթության պետական տեսչությունն այդ դպրոցում ստուգումներ է անցկացնում, այնտեղ առայժմ նպատակահարմար չէ ընտրություններ իրականացնել»:

Գ. Հ.

Մարզպետի «մարդը» չանցավ

Երեկ Գյումրիի թիվ 11 դպրոցում տնօրեն ընտրվեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն՝ 28-ամյա Հրայր Կարապետյանը, որը այս դպրոցի հիմնադիրներից մեկի՝ Ռուդիկ Կարապետյանի որդին է: Տեղեկացնենք, որ վերջինիս մահից հետո տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր նրա քույրը, որի պաշտոնավարման ժամկետն արդեն իսկ ավարտվել էր, եւ նա վերընտրվելու ցանկություն չէր հայտնել: Երեկ դպրոցի կոլեկտիվը անհանգստացած ու լարված սպասում էր, որ տնօրենի աթոռը կզբաղեցնի մյուս հավակնորդը՝ Գեղարվեստի ակադեմիայի դասախոս Հասմիկ Շատվորյանը, քանի որ նրա թիկունքին Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն է կանգնած: Սակայն այս թեկնածուն առաջին փուլից դուրս մնաց. չկարողացավ նույնիսկ համակարգիչը բացել, թեեւ բավական պրիմիտիվ պահանջ էր ներկայացված. ինչպես ասում էր ԿԳՆ հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյուշա Սարգսյանը. «Չենք ասում անգլիացու պես անգլերեն իմանաք, ֆրանսիացու պես էլ՝ ֆրանսերեն, համակարգչով ձեր անուն-ազգանունը գրեք ու պահպանեք»: Իսկ երիտասարդը, որի բախտը չէր բերել Գյումրիի ավագանու անդամ դառնալ, քանի որ նրա հետ մրցակցության էին դուրս եկել մի քանի «ավտարիտետներ» ու հաղթել, կարողացավ քննությունը բարեհաջող հանձնել ու դառնալ դպրոցի տնօրեն:

Ա. Ն.

Կոստանյանի հիշատակին

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգ արանում կայացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի կամերային անսամբլի ամբիոնի հիմնադիր, պրոֆեսոր Կարեն Կոստանյանի հիշատակին նվիրված միջոցառում: Տեղի ունեցավ հայտնի երաժշտին նվիրված գրքի շնորհանդեսը: Հուշերով ներկայացան Կ. Կոստանյանի ընկերները, գործընկերները, ուսանողները:

Կայացավ նաեւ ճանաչված երաժշտի անունը կրող կամերային անսամբլների (դաշնամուրային դուետ, տրիո, կվարտետ եւ այլն) մրցույթի վիճակահանությունը: Մրցույթը կավարտվի նոյեմբերի 3-ին՝ հաղթողների գալա համերգով: Ի դեպ, կուլիսներում խոսվում էր նաեւ մեկ այլ երախտավորի՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երբեմնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր Զարեհ Տեր-Սահակյանցի մասին, որի անվան մրցույթի անցկացումը ինչ-ինչ պատճառներով առայժմ կյանքի չի կոչվել:

Սեփ. լր.

Ժամանակավոր անդամ ենք

Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի հրավերով Հայաստանում է Պարի եւ սպորտային պարերի համաշխարհային խորհրդի փոխնախագահ, շոտլանդացի Ստյուարտ Սանդերսը: 2008թ. մայիսի 28-ին Հայաստանը դարձել է Պարի եւ սպորտային պարերի համաշխարհային խորհրդի ժամանակավոր անդամ: «Խորհրդի անդամ լինելը հեշտ բան չէ, Հայաստանում ունենք սպորտային պարերի միայն մեկ պրոֆեսիոնալ զույգ: Նրանք, բազմաթիվ քննությունների արդյունքում, այս տարվա մայիսին Անգլիայում տեղի ունեցած առաջնությանը հռչակվեցին խորհրդի ժամանակավոր անդամ»,- նշեց Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի նախագահ, «Կաստանիետ» սպորտային պարերի խմբի ղեկավար Մարինա Մամյանը:

Պարոն Ստյուարտը պարզաբանեց, թե Հայաստանն առայժմ ինչու է ժամանակավոր անդամ. «Խորհրդին անդամակցելու մի քանի աստիճան կա. փորձնական փուլ, ժամանակավոր անդամություն եւ լիիրավ անդամություն: Համաշխարհային խորհրդի առաքելությունն է՝ հնարավորություն տալ երիտասարդ երկրներին՝ պարարվեստում գտնել իրենց ուղին: Համապատասխանելով որոշակի չափանիշների, փորձնական փուլից Հայաստանն անցավ ժամանակավորի»: Ս. Սանդերսը նշեց նաեւ, որ, ի տարբերություն Հայաստանի, Շոտլանդիան, ինչպես եւ Նորվեգիան պրոֆեսիոնալ զույգեր չունեն. «Կարեւորում եմ պրոֆեսիոնալիզմը, որովհետեւ խորհրդի անդամ լինելու համար պետք է տվյալ երկիրը ներկայանա օրինական գրանցված պրոֆեսիոնալ զույգով: Օրինակ, այս տարվա նոյեմբերի 29-ին Ավստրիայում կայանալիք աշխարհի սպորտային պարերի առաջնությունում Հայաստանի դրոշը կծածանվի, բայց իմ հայրենիքինը՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել