Լրահոս
Օրվա լրահոսը

Դրամը վճարվել է նաեւ կամովի

Նոյեմբեր 06,2008 00:00

Ուսումնասիրություններ՝ սոցիալական-առողջապահության ոլորտներում

ՀՀ գլխավոր դատախազության հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, առանց լրատվամիջոցների մասնակցության, ԳԴ պետական շահերի պաշտպանության վարչությունը ներկայացրեց պետական մարմինների՝ ՀՀ առողջապահության, բնապահպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, ֆինանսների նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության, Մաքսային պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից 2007թ. հարուցված կամ նրանց դեմ ներկայացված հայցերը, ուսումնասիրությունների արդյունքները:

Ըստ պետական շահերի պաշտպանության վարչության, 2007 թ. ընթացքում պետական մարմինները հարուցել են 5109 հայց՝ 9 մլրդ 162 մլն դրամ եւ $3 մլն 400 հազար՝ հօգուտ պետական բյուջեի բռնագանձելու պահանջով: Ներկայացված հայցերից բավարարվել է 2842-ը (56%)՝ 6 մլրդ դրամի չափով, 80 հայց բավարարվել է մասնակի՝ 6 մլն 575 հազար դրամի չափով, 457 հայց մերժվել է (9%), որոնցով հայցապահանջի գումարը կազմել է 258 մլն դրամ:

Հարուցված 2413 կատարողական վարույթով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 4 միլիարդ 341 մլն դրամ: Կայացված 410 դատական ակտեր կատարման չեն ուղարկվել, քանի որ բռնագանձման ենթակա 1 մլրդ 700 մլն դրամը վճարվել է կամովի:

ՀՀ բնապահպանության նախարարությունում 

Ըստ ԳԴ նշված վարչության ուսումնասիրության արդյունքների, պարզվել է, որ «Հայցերը, որպես կանոն, հարուցել է նախարարության բնապահպանական պետական  տեսչությունը՝ վարչական տուգանքների բռնագանձման, ինչպես նաեւ բնապահպանության օրենսդրության պահանջների խախտումներով արձանագրված վնասների վերականգնման պահանջներով»:

Մասնավորապես, բնապահպանական պետական  տեսչության  կիրառած տուգանքների գումարը կազմել է 54 մլն դրամ, իսկ պետությանը պատճառված, արձանագրված վնասը կազմել է 226 մլն դրամ, որից ստուգվող ժամանակաշրջանում ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 98 մլն դրամ, այդ թվում նաեւ նախորդ՝ 2006 թ.-ին արձանագրված վնասների գումարներից:

Դատախազությունը «ցնցող» օրինակ է բերել: Նախարարության բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժինը 2007թ. փետրվարի 1-ին հայց է հարուցել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ոչ արոտային հանդակներում ապօրինի անասուններ արածեցնելու եւ անտառտնտեսությանը վնաս պատճառելու համար Վասիլ Սարգսյանից 50 600 դրամ տուգանք բռնագանձելու պահանջով:

Հայցվորի ներկայացուցիչը, պատշաճ ծանուցված լինելով դատական նիստի տեղի եւ ժամանակի մասին, չի ներկայացել դատական նիստին եւ դիմումով խնդրել է գործը քննել իր բացակայությամբ: Դատաքննությամբ հաստատվել է, որ պատասխանողն անասուններ չունի եւ խախտումը կատարել է նրա հայրը՝ Սարգիս Սարգսյանը, իսկ վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմվել է 30-օրյա ժամկետի խախտմամբ՝ 2007թ. հուլիսի 23-ին՝ իրավախախտում թույլ տալուց 61 օր անց:

Արձանագրվել էր ապօրինի ջրօգտա գործման 339 դեպք, որոնցով բնապահպանական պետական տեսչությունը որոշ դեպքերում նշանակել է տուգանքներ, սակայն պատճառված վնասները չի հաշվարկել եւ դրանք հատուցելու պահանջով հայցեր չի հարուցել:

Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 8-ի վճռով մերժվել է նախարարության հայցը՝ ՀՀ ջրային օրենսգրքի 21-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ջրօգտագործման համար Ազատեկ համայնքի գյուղապետ Մարգար Զաքարյանից 150 000 ՀՀ դրամ՝ վարչական տուգանքի գումար բռնագանձելու պահանջի մասին, նկատի ունենալով, որ վարչական իրավախախտման արձանագրությունում չի նշվել այն կազմելու տարին, ամիսը եւ օրը:

Որոշ դեպքերում նախարարությունը վիճելի դատական ակտերը չի բողոքարկել:

ՀՀ առողջապահության նախարարությունում

ՀՀ առողջապահության նախարարության գործունեության ուսումնասիրությամբ պարզվել է, որ պետական շահերի պաշտպանության բնագավառում հայցեր են հարուցվել նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության, նրա մարզային եւ տարածքային կենտրոնների կողմից: Վարչական տուգանքներ բռնագանձելու պահանջով դատարաններ են ներկայացրել 219 հայցադիմում՝ 10 մլն 600 հազար դրամ գումարի չափով:

Դատական նիստերին հայցվորի չներկայանալու պատճառով առանց քննության է թողնվել 2 հայցադիմում, իսկ 6 հայցադիմում առանց քննության է թողնվել պատասխանողների կողմից 240 000 դրամ տուգանքը վճարելու հիմքով, ընթացքի մեջ է 7 հայցադիմումի դատաքննություն:

Նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային կենտրոնը 2008թ. փետրվարի 5-ին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Մ.Գ.Մ Անդրգրաունդ» ընկերության տնօրեն Մուշեղ Մարգարյանի՝ վարչական 80 000 դրամ տուգանքի գումարը բռնագանձելու պահանջով: 2008թ. մայիսի 29-ի որոշմամբ հայտարարվել է պատասխանողի ու նրա գույքի հետախուզում, իսկ վարչական գործի վարույթը կասեցվել է:

Վարչական տուգանքներ գանձելու վերաբերյալ դատարանների կողմից մերժված 1 միլիոն 270 հազար դրամ գումարի 22 հայցադիմում վերաքննության կարգով չի բողոքարկվել:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում

Եղեգնաձորի քաղաքապետ Սիրակ Բաբայանի կողմից ճարտարապետահատակագծային առաջադրանքները սահմանված կարգի խախտմամբ տրամադրելու համար տեսչությունը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1572-րդ հոդվածով 50 հազար դրամ վարչական պատասխանատվության է ենթարկել քաղաքապետին: Միաժամանակ վարչական տույժ նշանակելու մասին որոշմամբ Ս. Բաբայանին տրվել է պարտադիր կատարման ցուցում՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը քաղաքաշինության նախարարի հետ համաձայնեցնելու մասին, ինչը նա չի կատարել, որի համար Բաբայանը վարչական պատասխանատվության է ենթարկվել նաեւ  նույն օրենսգրքի 15710 հոդվածով՝ 50 000 դրամի չափով: Բաբայանից՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի, 100 հազար դրամ բռնագանձելու հայցով տեսչությունը դիմել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարան: Դատաքննությամբ պարզվել է, որ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի  255-րդ հոդվածի պահանջների խախտմամբ՝ կազմված արձանագրությունը չի ստորագրվել իրավախախտում թույլ տված անձի կողմից: Բաբայանի հակընդդեմ հայցը՝ տույժի ենթարկելու վերաբերյալ որոշումը վերացնելու պահանջի մասին, բավարարվել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930