Լրահոս
Օրվա լրահոսը

«Իքս» ժամից ԼՂ-ն պետք է մասնակցի բանակցություններին

Նոյեմբեր 08,2008 00:00

Կոալիցիոն ուժերը դեռ չեն քննարկել, բայց վստահ են, որ Ղարաբաղի հարցում ամեն ինչ լավ է լինելու

Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման գործընթացը թեւակոխել է նոր եւ առայժմ ոչ ամբողջովին ընկալելի փուլ: Շարքային քաղաքացիները, ում հայտնի չեն մանրամասները եւ ոչ էլ «մադրիդյան սկզբունքներն» են ծանոթ, միայն մի բան են ուզում հասկանալ՝ Ղարաբաղի հարցը լուծվելու է «հայանպա՞ստ», թե՞ ոչ այնքան: Քանի որ միակ՝ հասարակությանը հայտնի փաստաթուղթը երեք նախագահների կողմից ստորագրված Հռչակագիրն է, քաղաքական ուժերը քիչ թե շատ վստահ դատողություններ են անում հենց այդ փաստաթղթի վերաբերյալ: Օրերս ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում թեպետ հայտարարել էր, որ Հռչակագիրը, ընդհանուր առմամբ, դրական է, բայց եւ նշել էր մի շարք մտահոգիչ կետեր:

Ի տարբերություն ՀՅԴ-ի, «Բարգավաճ Հայաստանի» համար Հռչակագրում ամեն ինչ OK է, չկա ոչ մի տարակուսելի եւ վստահություն չներշնչող բան: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը կարծում է, որ փաստաթղթով մոտակա մի քանի տարիների համար մենք ստացել ենք խաղաղության իրավական երաշխիք. «Որովհետեւ պայմանագրով կողմերը եկել են այն եզրակացության, որ ռազմական ճանապարհով այս հակամարտությունը լուծում չունի»: Ըստ պարոն Սաֆարյանի, կարեւոր է, որ բանակցությունների շարունակման մասին որոշում կա. «Կարծում եմ, մի բան հաստատ է՝ եթե բանակցությունները ընթանալու են միջազգային ընդունված նորմերի շրջանակում, ինչպես արձանագրված է Հռչակագրում, ապա այդ իրավական նորմերից մեկն էլ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքն է, եթե այս իրավունքը Ադրբեջանը վերջնականապես ճանաչեց, ապա բոլոր մյուս հարցերը, կարծում եմ, բանակցությունների ճանապարհով հեշտությամբ լուծվելու են»: Մեր հարցին՝ ե՞րբ է, ի վերջո, Ղարաբաղը դառնալու իր հարցի տերը, պարոն Սաֆարյանը պատասխանեց՝ նախ մատնանշելով Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ղարաբաղյան անցյալը. «Ինձ համար տարօրինակ է, երբ ինչ-որ մեկը կարող է կասկածի տակ դնել նրանց հայրենասեր լինելու եւ Ղարաբաղի հարցում շահագրգիռ լինելու ամենաուղղակի հանգամանքը: Իմ վստահությունը կոնկրետ այսօր բանակցությունները վարող ՀՀ նախագահի նկատմամբ հիմնված է այն փորձի վրա, որն ինձ տալիս է մեր նախկին 20 տարին: Այսինքն՝ նրա կենսագրությունը եւ անցած ուղին իմ մեջ չեն արթնացնում կասկածներ, որ նա կարող է աննպաստ դիրքի առաջ կանգնեցնել Ղարաբաղը եւ Հայաստանը»: Պատգամավորը նաեւ վստահ է, որ «իքս» ժամից սկսած, Ղարաբաղի իշխանությունները պետք է մասնակցեն այս բանակցություններին, որովհետեւ Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը առանց Ղարաբաղի ժողովրդի չի որոշվելու:

Հանրապետականների կարծիքը մեր թերթի միջոցով օրերս փոխանցել էր ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա վստահեցրել էր, որ Ղարաբաղի հարցը լուծվելու է միմիայն միջազգային ընդունված նորմերի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի շրջանակներում:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե Հռչակագրի ստորագրումը «ՀՀ նախագահի կողմից համարձակ քայլ էր»: Ըստ տիկին Բիշարյանի՝ «Հռչակագիրը իր դրական ազդեցությունը կունենա Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում»: Ի դեպ, բոլոր քաղաքական ուժերը իրենց նախընտրական ծրագրերում հատուկ կետ են հատկացրել ղարաբաղյան հարցի կարգավորման մասին: Դրանք հիմնականում գրեթե նույնի մասին են եւ նույն շեշտադրմամբ, մնում է սպասել կոնկրետ իրավիճակում յուրաքանչյուր ուժի կողմից կոնկրետ գործողությունների դրսեւորմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել