Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԻՈՎԱՌԵԼԻՔԸ «ԿԽՓԻ՞» ԲԵՆԶԻՆԻ ԲԻԶՆԵՍԻՆ

Նոյեմբեր 08,2008 00:00

\"\"Ի տարբերություն հեղուկ վառելիքի բիզնեսով զբաղվողների, փորձագետները պնդում են, որ այլընտրանքային վառելիքի արտադրության համար Հայաստանն ունի բոլոր պայմանները:

Բենզինի փոխարեն ավտոմեքենաների համար այլընտրանքային վառելիք ստեղծելու հարցն արդեն մի քանի տարի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է: Փորձագետների հավաստմամբ, այլընտրանքային կամ, այլ կերպ ասած՝ բիովառելիքը ոչ միայն նպաստում է տվյալ երկրի տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը, այլեւ շրջակա միջավայրի աղտոտման պատճառ չի հանդիսանում: Զարգացած գյուղատնտեսություն ունեցող շատ երկրներում բիովառելիքն աստիճանաբար մեծ տարածում է գտնում: Մասնավորապես, այսօր Ավստրալիայի եւ Ամերիկայի գրեթե բոլոր բենզալցակայաններում վաճառվում է էթանոլ, որը փոխարինում է բենզինին: Նշենք, որ բիովառելիքը ստացվում է ցորենի, եգիպտացորենի, սոյայի, արեւածաղկի կամ յուղատու այլ բույսերի մշակումից:

Այս տարի գարնանը Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում, հանրապետության նախագահի եւ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, բարձրացրել է մեր երկրում բիովառելիքի արտադրության անհրաժեշտության հարցը, սակայն առ այսօր մեր պետության ղեկավարների կողմից կոնկրետ առաջարկներ կամ գործողություններ այդ ուղղությամբ չեն արվել: «Առավոտի» հետ զրույցում Ա. Թարվերդյանը հավաստիացրեց, որ Հայաստանը բավարար ռեսուրսներ ունի գյուղատնտեսական արդյունավետ արտադրություն կազմակերպելու, հետեւապես՝ բիովառելիք ստանալու համար: Նրա խոսքերով. «Ելնելով այն բանից, որ սեփական էներգետիկ ռեսուրսներից մենք զրկված ենք, գյուղատնտեսական մթերքների արտադրությունը կարող է դառնալ էներգետիկ ռեսուրսների աղբյուր: Բնականաբար, այդ արտադրությունը կազմակերպելու համար Հայաստանում կան եւ հողային, եւ ջրային, եւ բնակլիմայական բոլոր անհրաժեշտ պայմանները»: Մեր այն հարցին, թե արդյո՞ք կարող ենք արտադրել այնքան հացահատիկ, որ բավականացնի թե հացի, թե վառելիքի պահաջարկը, պարոն Թարվերդյանը պատասխանեց. «Մեր ռեսուրսները հնարավորություն են տալիս մեզ ապահովել սեփական հացահատիկով, իսկ այլ մշակաբույսերը օգտագործել որպես բիովառելիքի աղբյուր: Սա կլուծի ինչպես էկոլոգիական, այնպես էլ պարենային եւ էներգետիկ անվտանգության խնդիրները»:

Ա. Թարվերդյանի հավաստմամբ, եթե ավանդական վառելիքները՝ նավթը, քարածուխը, բենզինը եւ գազը օգտագործելիս մեր երկրագնդի էկոլոգիային 50 կամ 100 տարի հետո կարող է մեծ վտանգ սպառնալ, բիովառելիքի պարագայում այդ ժամանակը մի քանի անգամ երկարում է, որովհետեւ դրանք բացարձակապես անվնաս են: Բացի այդ, գիտնականների հաշվարկներով երկրագնդի վառելիքի պաշարները խիստ սահմանափակ են, մասնավորապես, քարածխի պաշարները կբավարարեն մոտ 160-170 տարի, նավթի պաշարները՝ 40-45, իսկ գազինը՝ 60-70 տարի, ինչից էլ պարզ է դառնում, որ այլընտրանքային էներգիայի աղբյուրների որոնումը ինքնին հրատապ խնդիր է:

Մինչ այսօր բիովառելիքի արտադրության ուղղությամբ մեր երկրում ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Չե՞ք կարծում, որ դա ուղղակիորեն կապված է այն բանի հետ, որ Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի բիզնեսով զբաղվողներին դա ձեռնտու չէ եւ նրանք ամեն կերպ փորձում են խոչընդոտել դրան, «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ Ա. Թարվերդյանն ասաց. «Մենք դեռ երկար ժամանակ չենք կարող բիովառելիքի արտադրության մեջ այնքան առաջընթաց ունենալ, որ դա վնասի բենզինի ներկրմամբ զբաղվողներին: Բացի այդ, նրանք էլ ապրում են նույն միջավայրում, որտեղ մենք եւ, կարծում եմ, կողմ կլինեն, որ մեր երկրում օգտագործվի էկոլոգիապես անվտանգ եւ մաքուր վառելիք»: Իսկ այն հարցին, թե նկատի ունենալով, որ համաշխարհային ճգնաժամի հետեւանքով նավթի եւ բենզինի գները անկում են ապրում, այս պայմաններում ե՞ւս ձեռնտու է բիովառելիքի արտադրությունը, պարոն Թարվերդյանը պատասխանեց. «Նման ճգնաժամերը ժամանակավոր բնույթ են կրում եւ սովորաբար մեծ ու հեռանկարային ծրագրերի վրա չեն անդրադառնում»:

Արգենտինական «Oyersa Gnc» եւ «Aspro Gnc» ընկերությունների գիտական խորհրդի փորձագետ, ասիական տարածաշրջանի մասնագետ Արթուր Ղազարյանը եւս «Առավոտի» հետ զրուցում հավաստիացրեց, որ Հայաստանն ունի բավարար ռեսուրս բիովառելիքի արտադրության համար: Ըստ փորձագետի, եթե անգամ եգիպտացորեն աճեցվի միայն Արմավիրի մարզում, ապա դա բավական կլինի մեր սպառողների պահանջարկը բավարարելու համար: Սակայն, Ա. Ղազարյանի հավաստմամբ, այս հարցում կան շատ լուրջ խոչընդոտներ. «Բենզինի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվողներին ձեռնտու չէ այլընտրանքային վառելիքը, եւ նրանք փորձում են ամեն կերպ խոչընդոտել այդ գործընթացին»: Փորձագետի ներկայացմամբ, 1 տոննա եգիպտացորենից կարելի է ստանալ մոտ 500 լիտր էթանոլ:

Ի տարբերություն փորձագետների եւ մասնագետների, բենզինի եւ դիզելային վառելիքի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը վստահ է, որ մեր երկիրը ոչ միայն բիովառելիքի արտադրության համար բավարար ռեսուրս չունի, այլեւ այդ արտադրությամբ զբաղվելը տնտեսապես շահավետ չէ: Նրա խոսքերով. «Այո, այսօր գիտական աշխարհում շատ լուրջ աշխատանքներ են իրականացվում բիովառելիք ստանալու ուղղությամբ: Սակայն խնդիրն այն է, թե տնտեսապես որքանով է այն նպատակահարմար: Նախ, բիովառելիք ստանալու տեխնոլոգիան շատ թանկ է, երբ բենզինը թանկացել էր $1000-ից ավելի, այդ ժամանակ կարծես թե այն նպատակահարմար էր եւ մրցակցային դաշտում կարող էր լինել նաեւ բիովառելիքը: Իսկ այս պայմաններում, երբ բենզինի գինը բավականին իջել է, բիովառելիքը պարզապես մրցակցությանը չի դիմանա: Մենք հետաքրքրվել ենք, թե ինչպես կարող ենք ստանալ այլընտրանքային վառելիք: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ ճանապարհով ենք ստանում: Այն ստացվում է սպիրտից, իսկ սպիրտն էլ իր հերթին՝ ցորենից: Հայաստանում այդքան ցորեն ունե՞նք, որ կարողանանք հաց ուտել, սպիրտ ստանալ, սպիրտից էլ բենզին ստանալ: Իհարկե, այդպիսի պաշարներ մենք չունենք: Եթե աշխարհում շատանան հացահատիկի եւ եգիպտացորենի պաշարները, այս հարցը տնտեսությունն ինքն իրեն կկարգավորի»: «Առավոտի» հարցին, թե որպես հեղուկ վառելիքի խոշոր ներկրողներից մեկը, դեմ չե՞ք լինի Հայաստանում բիովառելիքի արտադրությանը, Բ. Բեգլարյանը պատասխանեց. «Ես երկու ձեռքով կողմ եմ: Դա հրաշալի գաղափար է, պարզապես այն կյանքի կոչելու համար դեռ երկար ժամանակ է պետք եւ հարկավոր է հասկանալ, թե տնտեսապես որքանով է այն անհրաժեշտ: Այսինքն՝ պետք է ֆինանսական հաշվարկ անել, թե ինչ արժե 1 տոննա նավթից ստացվող բենզինը եւ ինչ կարժենա բիովառելիքի ստացումը»:

Մասնագետների հավաստմամբ՝ ավանդական վառելիքի օգտագործումից մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ թունավոր գազեր, ինչի հետեւանքով երկրագնդի ջերմաստիճանը սկսել է բարձրանալ: Սա էլ իր հերթին կարող է հանգեցնել նրան, որ ինտենսիվորեն կհալչեն Հյուսիսային բեւեռների սառցաշերտերը, եւ ընդամենը 50 տարի անց կբարձրանա համաշխարհային օվկիանոսի մակարդակը՝ երկրագնդի համար ունենալով աղետալի հետեւանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել