Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԸ ԽՈՍԵՑ

Նոյեմբեր 11,2008 00:00 Share

Դա ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցվա՞ծ էր

\"\"Նոյեմբերի 2-ին մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Հռչակագրի ստորագրումը եւ դրան հաջորդած ՀՀ նախագահի այցերը եվրոպական երկրներ եւ նրա հանդիպումները եվրոպական ազդեցիկ կառույցների ղեկավարների հետ ոչ միայն հայաստանյան քաղաքական ուժերին, այլեւ ԼՂ իշխանություններին են ստիպել հանդես գալ ԼՂ հարցում իրենց դիրքորոշմամբ: Երեկ Հանրային հեռուստաընկերության «Հայլուր» ծրագրի շրջանակներում ծավալուն ռեպորտաժ հեռարձակվեց Լեռնային Ղարաբաղից: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային այցով մեկնել էր Լաչին եւ Քելբաջար՝ քննարկելու այդ շրջանների զարգացման ծրագրերը: Այդ շրջաններում, որպես զարգացման ամենամեծ խոչընդոտ, Բ. Սահակյանը մատնանշել է բնակչության կասկածամտությունը այդ տարածքների ապագայի վերաբերյալ: «Ազատագրված տարածքներ» եղել են 90-ականների սկզբներին: Այսօր մենք ունենք Սահմանադրությամբ ամրագրված շրջան: «Ազատագրված տարածքն» արդեն պատմության մեջ է: Դուք պիտի մոռանաք եւ այդպիսի վերաբերմունք ցուցաբերեք, եւ սա լուրջ խթան է դառնալու շրջանի զարգացման համար»,- Լաչինում հայտարարել է Բ. Սահակյանը, իսկ Քելբաջարում նաեւ հավելել է, թե՝ «ոչ մի զարգացումներ չեն կարող ազդեցություն ունենալ Շահումյանի շրջանի ճակատագրի հետ կապված: Եթե անգամ ունենա, ապա այդ ազդեցությունը կլինի դրական: Մենք այս շրջանը որակում ենք որպես ռազմավարական նշանակություն ունեցող շրջան մեր երկրի համար, եւ մեր վերաբերմունքը լինելու է համապատասխան»: Իրենց դժգոհությունը «մադրիդյան» սկզբունքների հիման վրա ընթացող բանակցությունների վերաբերյալ, նաեւ ԼՂ-ի՝ բանակցություններին ուղղակիորեն մասնակցելու ձեւաչափը վերականգնելու ցանկությունը հայտնել է նաեւ իշխանական կոալիցիայի անդամ Դաշնակցությունը: Հիշեցնենք, որ ԼՂ-ն բանակցություններից դուրս է մղվել 1998-ին, երբ ՀՀ նախագահ դարձավ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, թե ինքն այդ բանակցություններում ներկայացնում է նաեւ ԼՂ-ն: «Նախկին» իշխանությունները խստորեն քննադատում էին այդ քաղաքականությունը եւ զգուշացնում դրա վտանգավոր հետեւանքների մասին, նույն ԼՂ իշխանություններն ու ՀՅԴ-ն «համեստորեն» լռում էին: Արդյոք հիմա, երբ արդեն ՀՀ նախագահի մակարդակով է խոսվում հակամարտությունը հնարավորինս արագ եւ «մադրիդյան» սկզբունքների հիման վրա լուծելու մասին, այլեւս ուշ չէ՞ խոսել ԼՂ-ին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու մասին: Քաղաքական վերլուծաբան, ՀՀ-ում ԼՂՀ նախկին ներկայացուցիչ Մանվել Սարգսյանի դիտարկմամբ՝ ուշ է. «Եթե դա ժամանակին արվեր, եթե ընդհանրապես Հայաստանին նման մանդատ չտրվեր, որ նա էլ առանց Ղարաբաղի Հռչակագիր ստորագրեր, շատ ավելի ճիշտ կլիներ»: Ըստ նրա՝ հիմա նման հայտարարություններ հնչեցնելը թելադրված է ստեղծված իրավիճակով (խոսքը ԼՂ իշխանությունների հայտարարությունների մասին է): Բայց մի՞թե դժվար չէ «ձիերն ընթացքում փոխելը»: «Շատ դժվար է, բայց ինչ անեն, հո հանգիստ չե՞ն նստելու եւ տան ամեն ինչ»,- ասաց վերլուծաբանը:

Արդյոք ԼՂՀ նախագահի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ ՀՀ եւ ԼՂ իշխանությունների միջեւ այս հարցում լուրջ հակասություններ կան: «Չեմ կարծում: Երեւի հիմա ՀՀ իշխանություններն էլ են հասկացել, թե ինչ վիճակի մեջ են եւ ձեւեր են փնտրում Ղարաբաղի ձեռքերով մի բան անելու, փրկելու կամ տապալելու համար»,- հայտարարեց քաղաքագետը՝ ակնարկելով, որ դա ՀՀ եւ ԼՂ իշխանությունների միջեւ համաձայնեցված որոշման արդյունք է: «Մարդկանց երեւի թվացել է, թե այսպես 100 տարի խաղալով կարելի է ապրել: Բայց գալիս է մի պահ, երբ հասկանում են՝ վիճակը լուրջ է, եւ փորձում են ինչ-որ ձեւեր գտնել դրանից դուրս գալու համար»: Նրա կարծիքով, ինչ-որ բան փոխելը, այնուամենայնիվ, ուշ չէ. «Ի՞նչ է եղել, որ հիմա փոխեն: Դեռ ոչինչ չի եղել: Պիտի փաստաթուղթ ստորագրի (Սերժ Սարգսյանը.- Ն. Մ.), թո՛ղ չստորագրի, թո՛ղ գնա իրենց տուն: Լեւոնը գնաց, չէ՞: Ինքն էլ թող թողնի, գնա, ո՞վ կարող է իրեն ինչ-որ բան պարտադրել»: Նա գրեթե բացառեց, որ ԼՂ հիմնախնդիրը կարող է Հայաստանում ներքաղաքական անկայունության, խժդժությունների առիթ դառնալ. «Ձեզ թվում է, թե հիմա 100 հազարներով վեր են կենալու եւ կո՞ւրծք են ծեծելու, թե տարածքներն ինչի եք տալիս: Այդքան միամի՞տ եք»:

«Հայ կամավորականների ազգային նախաձեռնության» հիմնադիր անդամ Ժիրայր Սեֆիլյանի ասելով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարություններն ամենեւին էլ ուշացած չեն, եթե, իհարկե, դրանք անկեղծ են: Ի տարբերություն Մ. Սարգսյանի, Ժ. Սեֆիլյանը միանգամայն հնարավոր համարեց, որ Հայաստանում ԼՂ հիմնախնդրի լուծման համատեքստում զանգվածային բողոքի ալիք բարձրանա: Նա, իր ասելով, կուզեր, որ «տասնյակ հազարավոր մարդիկ դուրս գային փողոց, եւ մեր ժողովուրդն իր կարծիքը հայտներ բողոքով, եւ հնարավոր չէ, որ դա չազդեր այդ պայմանագիրը պարտադրողների վրա»: Ժ. Սեֆիլյանը խոսում է հայաստանցիների դժգոհության մասին, իսկ ԼՂ ժողովուրդն ինքը դեռեւս չի ընդվզում: Սեֆիլյանի դիտարկմամբ, ճիշտ կլիներ, որ այնպիսի կեցվածք, որ հիմա որդեգրել է Բակո Սահակյանը, ունենար ոչ միայն նա, այլեւ հե՛նց «բակոսահակյանները թույլ տային Արցախի ժողովրդին՝ հայտնելու իր դիրքորոշումը, բողոքը, որովհետեւ գիտեք, թե այնտեղ այսօր ինչ վիճակ է»:

Ժ. Սեֆիլյանի համոզմամբ, ստեղծված իրավիճակից ելքի լավագույն տարբերակը, իհարկե, «Սերժի հրաժարականը կլիներ: Ճիշտ տարբերակը սա է: Միեւնույնն է՝ ուշ, թե շուտ դա լինելու է: Որքան շուտ լինի այդ հրաժարականը, այնքան դյուրին կլինի 7-8 տարիների խայտառակ ետընթացը կասեցնելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել