Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ՍՐԱ՞ՆՔ ԵՆ «ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»

Նոյեմբեր 11,2008 00:00

Այն 11 կետանոց մի փաստաթուղթ է, որի հեղինակը դեռ հստակ չէ

\"\"«Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները մադրիդյան սկզբունքների հիման վրա։ Իսկ թե ինչ է դա նշանակում, ձեզանից յուրաքանչյուրը կարող է ինտերնետում կարդալ այդ փաստաթղթի մասին, այն միջնորդների կողմից գրանցված է կոնկրետ կազմակերպության պահոցներում, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկա»,- Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հոկտեմբերի 21-ի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Լրագրող Ռուզան Խաչատրյանը ոչ պաշտոնական՝ https://thekarabakhdeal.blogspot.com/2008/10/osce-minsk-group-karabakh-conflict.html կայքէջում հայտնաբերել է մի փաստաթուղթ, որը թվագրված է 2007-ի նոյեմբերի 14-ի ամսաթվով: Ներկայացնում ենք «երաշխավորություններ» վերնագրված այդ անգլերեն փաստաթղթի սեփական թարգմանությունն ամբողջությամբ:

«Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները

1. Մինչեւ 2008 թվականի ընտրությունները հասնել համաձայնության հետեւյալ սկզբունքներով փաստաթղթի վերաբերյալ, որը պայմաններ է ապահովում.

ա/ Անվտանգության երաշխիքներ ու միջազգային խաղաղարարների տեղակայում,

բ/ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղին հարակից բոլոր գրավյալ տարածքներից, Քելբաջարի եւ Լաչինի շրջանների համար՝ հատուկ պայմաններ,

գ/ տեղահանված բնակչության վերադարձ,

դ/ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հեռանկարում որոշվում է հանրաքվեով, իսկ մինչ այդ սահմանվում է ժամանակավոր կարգավիճակ,

ե/ տրանսպորտային եւ առեւտրային բոլոր ճանապարհների վերաբացում:

2. Համապարփակ փաստաթղթի շուրջ կոնսենսուսի բացակայության դեպքում՝ համաձայնեցնել այն, ինչ կարելի է համաձայնեցնել, եւ հստակ նշել դեռեւս վիճահարույց կետերը:

3. Նպաստել նրան, որ 2008-ի ընտրարշավների ժամանակ քաղաքական գործիչները դրական գնահատեն խաղաղ գործընթացի հեռանկարները եւ փոխզիջումների անհրաժեշտությունը:

Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին, ինչպես նաեւ՝ ԼՂ-ի դե-ֆակտո իշխանություններին

4. Հարգել 1994-ի հրադադարը, ձեռնպահ մնալ ուժի գործադրումից, դադարեցնել ռազմական բյուջեների ավելացումը եւ վերջ տալ փոխադարձ մեղադրանքներին, ռազմաշունչ եւ սադրիչ հռետորականությանը:

5. Նպաստել ոչ պաշտոնական դիվանագիտությանը եւ փոխզիջումային լուծումների շուրջ բանավեճերին՝ ներառյալ վերոհիշյալ սկզբունքների շուրջ, երկրների խորհրդարաններին խրախուսել նման բանավեճեր ծավալելը եւ ադրբեջանցիների ու հայերի միջեւ շփումները հեշտացնելը:

6. Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունները պետք է դադարեն աջակցել գրավյալ տարածքները հայերով բնակեցմանը, ներառյալ՝ այդ շրջաններում սեփականաշնորհման, ենթակառույցների զարգացման եւ տեղական իշխանության կառույցների ստեղծման դադարեցումը:

7. Ադրբեջանը պիտի թույլատրի Ղարաբաղի ադրբեջանցիներին ընտրել իրենց համայնքի ղեկավար եւ համատեղ ջանքեր նախաձեռնի՝ մեծացնելու թափանցիկությունը եւ նվազեցնելու կոռուպցիան այնպես, որ նավթից ստացված եկամուտներն օգտագործվեն հօգուտ բոլոր քաղաքացիների՝ հատկապես տեղահանված անձանց:

Մինսկի խմբի համանախագահներին (Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ) եւ միջազգային լայն հանրությանը

8. Վերսկսել ջանքերը՝ հասնելու հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության՝ հստակ նշելով տարաձայնությունների վերաբերյալ դրույթները, որպեսզի ապահովվի գործընթացի շարունակականությունը եւ ապահովելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ 2008-ի ընտրություններից հետո բանակցությունների սկզբնակետը:

9. Բարձրացնել համանախագահողների ներկայացուցչականության աստիճանը եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը դարձնել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ երկկողմանի եւ բազմակողմանի հարաբերությունների առանցքային տարրը:

10. Ավելի շատ տեղեկատվություն հրապարակել բանակցությունների էության վերաբերյալ եւ խուսափել չափազանց լավատեսական հայտարարություններով սպասելիքներն արհեստական ուռճացնելուց:

11. Եվրոպական միության դեպքում.

ա/ Մեծացնել Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի դերը, որը պետք է դիտարկի Մինսկի գործընթացը, բոլոր կողմերի հետ անմիջական կապ պահպանի, այցելի Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջանում այցելի տեղահանվածներին եւ, Եվրոպական հանձնաժողովի հետ, գնահատի հակամարտությանն առնչվող ֆինանսավորման կարիքները:

բ/ Օգտագործել «Եվրոպական հարեւանություն» ռազմավարության ծրագրերն ու դրա ֆինանսավորման մեխանիզմը, որ աջակցություն ցուցաբերվի վստահության ամրապնդմանը, ինչպես նաեւ՝ ինստիտուտների կայացմանը եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու օրենքի գերակայությունը»:

Երեկ մենք դիմեցինք ե՛ւ նախագահի մամուլի քարտուղարին, ե՛ւ ԱԳՆ խոսնակին՝ ուղարկելով այս փաստաթղթին հղումը եւ խնդրելով հերքել կամ հաստատել՝ արդյոք իրոք սրա՞նք են «Մադրիդյան սկզբունքները»: Սակայն մինչեւ օրվա վերջը մենք պարզաբանումներ չստացանք: Հուսանք, որ դրանք կլինեն այսօր:

Հ. Գ. Օրվա վերջում այլ աղբյուրներից բավական հավաստի տեղեկություններ ստացանք, թե սրանք Միջազգային ճգնաժամային խմբի առաջարկներն են՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբին: Սակայն գուցե խոսելով «կոնկրետ կազմակերպության պահոցների» մասին՝ Սերժ Սարգսյանը նկատի ուներ Միջազգային ճգնաժամային խո՞ւմբը, մանավանդ որ՝ ինչպես պարզվել է, ԵԱՀԿ ինտերնետային պահոցներում չկա նման փաստաթուղթ: Այս հարցի պատասխանն էլ, հուսանք, կստանանք այսօր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել