Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստահավաք խումբն ամբողջացավ

Նոյեմբեր 11,2008 00:00

Կոալիցիան եւս անդամներ ունեցավ՝ Ռոբերտ Ավագյան եւ Գեւորգ Թովմասյան

Փաստահավաք խմբի մասին նախագահի կարգադրության մեջ նշված են բոլոր այն պայմանները, որոնց ապահովման դեպքում է միայն հնարավոր, որ այս կամ այն անձը դառնա խմբի անդամ: Նախագահի նշած պայմաններին համապատասխանող մարդիկ ընդդիմությունը գտավ բավականին արագ, մինչդեռ իշխանությունը բավականին ձգեց իր կողմից երկու անդամի նշանակումը. կամ պահանջված պայմաններին բավարարողները չափից ավելի շատ էին եւ դժվար էր ընտրություն կատարել, կամ՝ ընդհանրապես չկային: Կոալիցիայի անդամ մի կուսակցության ներկայացուցիչներից մեկը երեկ մեզ բացատրում էր, որ ուշացման պատճառը տեխնիկական էր՝ նշված ժամկետներում կոալիցիայի ղեկավարները երկրում չէին, հանրապետությունից բացակայում էին Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը, Արթուր Բաղդասարյանը: Միայն ՀՅԴ-ն էր տեղում: Վերջապես երեկ առավոտյան տեղի ունեցավ կոալիցիայի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Հիշեցնենք նախագահի կարգադրության այն հատվածը, որում մանրամասնվում է, թե ովքեր կարող են լինել խմբի անդամ. «Բացառությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից նշանակվող անդամի, խմբի անդամ կարող են նշանակվել իրավագիտության ոլորտում հեղինակություն եւ բարձր փորձառություն ունեցող անձինք, որոնք պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում չեն զբաղեցնում պաշտոն: Խմբի անդամները չեն կարող լինել ԱԺ պատգամավոր, որեւէ կուսակցության անդամ կամ հարել որեւէ քաղաքական ուժի»: Նաեւ շեշտված է, որ փաստահավաք խմբի գործունեության ժամանակահատվածում «խմբի անդամներն անկախ են»: Օրերս գնահատելով Մարդու իրավունքների պաշտպանի, «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի կողմից փաստահավաք խմբում նշանակված անդամներին՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առաջին երկուսի կողմից նշանակված անձանց բարձր գնահատելով, համարելով, որ Սեդա Սաֆարյանը եւ Վահե Ստեփանյանը «մասնագիտական բարձր կարողություններ ունեն», նշել էր. «Պարոն Անդրանիկ Քոչարյանի ապաքաղաքականացվածության մեջ վստահ չեմ, բայց կարծում եմ, որ շատ լավ գիտակցելով իր վրա դրված առաքելությունը, Ա. Քոչարյանն ամեն ինչ կանի, որ եթե անգամ ինքը քաղաքական պրոցեսներին մասնակից է եղել, դրանք ազդեցություն չունենան իր վրա»:

Այժմ հայտնի են նաեւ կոալիցիայի կողմից փաստահավաք խմբում ընդգրկվածները՝ իրավագետներ Ռոբերտ Ավագյանը եւ Գեւորգ Թովմասյանը: Վերջինս մինչեւ այս տարվա հոկտեմբերի 20-ը եղել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ: Պաշտոնական տեղեկատվության մեջ նշված է, որ ազատվել է աշխատանքից՝ ՀՀ գլխավոր դատախազի 20.10.2008թ. թիվ 209 հրամանով՝ անձնական դիմումի համաձայն, եւ ուղարկվել է երկարամյա ծառայության՝ կենսաթոշակի: Ռոբերտ Ավագյանը եւս, ըստ էության, թոշակի անցած վիճակում է, քանի որ պաշտոնական տեղեկության մեջ որպես վերջին աշխատանքի վայր նշված է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանում դասավանդելը եւ նույն համալսարանի հանրային իրավունքի ամբիոնի, ինչպես նաեւ՝ Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի Երեւանի մասնաճյուղի իրավագիտության ամբիոնի վարիչ լինելը: Թե որքանով են այս փորձագետներն ապաքաղաքականացված, երեւի միայն կոալիցիայի խորհրդին է հայտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել