Լրահոս
Օրվա լրահոսը

Հացպանյանի գործը լրջացավ

Նոյեմբեր 11,2008 00:00

\"\"Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը եւ երկամսյա կալանքի որոշում կայացրել արցախյան ազատամարտի մասնակից, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի նկատմամբ: Հիշեցնենք, որ Հացպանյանը նոյեմբերի 7-ի երեկոյան բերման էր ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան հարցաքննելուց հետո մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 333-րդ հոդվածի հատկանիշներով՝ «սուտ մատնություն»: Խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի դեմ նախապատրաստվող սպանության մասին Հացպանյանի հայտարարությանը: Այս կապակցությամբ երեկ թվով 16 քաղկալանավորներ հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Իր եւ իր հովանավորյալների ապօրինությունների վերաբերյալ մամուլում ամենօրյա հրապարակումների նկատմամբ աչք փակող հանցավոր ռեժիմը, Սարգիս Հացպանյանի հարցազրույցը դիտարկելով որպես հայտարարություն, հապճեպ հարուցված քրեական գործի կասկածելի շտապողականությամբ «հանգել է» այնպիսի եզրակացության, որի արդյունքում հնարավորություն է ձեռք բերել քրեական պատասխանատվության եւ կալանքի ենթարկել հարցազրույցի հեղինակին: Ամենեւին չտիրապետելով Հացպանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին, քրեական գործի մանրամասներին, միեւնույն է, ավելի քան վստահ ենք, որ Հացպանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շտապողականությունը եւ հատկապես որպես՝ պատիժ կիրառված խափանման միջոց կալանքն ուղղակի առնչություն ունեն նրա քաղաքական հայացքների հետ: Սա վտանգավոր նախադեպ է այն առումով, որ ընդդիմության որեւէ ներկայացուցիչ իր իսկ պաշտպանվածությունից դրդված՝ կխուսափի պետության եւ հանրության համար վտանգ պարունակող իրեն հայտնի որեւէ տեղեկության հրապարակումից: Սարգիս Հացպանյանին համարում ենք քաղբանտարկյալ՝ մաղթելով նրան պահպանել իր առողջությունն ու անկոտրում կամքը»:

Հացպանյանին առնչվող եւս մի հայտարարություն է հնչել երեկ. «Միացում» ազգային նախաձեռնությունը, հանձինս իր հիմնադիր ութ անդամների՝ Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Հրանտ Տեր-Աբրահամյանի, Գրիզելդա Ղազարյանի, Զարուհի Փոստանջյանի, Սեդա Մելիքյանի, Տիգրան Խզմալյանի եւ Ալեքսանդր Քանանյանի, հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն՝ Սարգիս Հացպանյանը հանդիսանում է «Միացում» նախաձեռնության անդամ: «Հաստատում ենք, որ Սարգիս Հացպանյանը որեւէ առնչություն չունի մեր ստեղծած «Միացում» նախաձեռնության հետ»,- ասված է նախաձեռնության՝ երեկ տարածած հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել