Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏԵՑԻՆ Հ1-ԻՆ

Նոյեմբեր 11,2008 00:00

ԱԺ-ն երեկ ավարտեց նախորդ նիստում ընդհատված «Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2006-ի գործունեության վերաբերյալ» հաղորդման քննարկումը: Այս ժամանակավրեպ քննարկումը, ինչպես իր ելույթում հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը՝ առիթ էր, որ ներկայացնեին իրենց մոտեցումը խնդրի վերաբերյալ: Եվ նա հայտարարեց, թե անհասկանալի է՝ ո՞րն է Հանրայինի եւ այլ հեռուստաընկերությունների տարբերությունը. տեղեկատվական հաղորդումներն ավելի շատ չեն՝ «Նույն սերիալներն են, նույն զվարճալի հաղորդումները»: Հիշեցրեց, որ պետբյուջեով Հանրային հեռուստաընկերությանը հատկացվում է 3 մլրդ դրամից ավելի, գովազդով ստացվող եկամուտները կազմում են այդ գումարի շուրջ 10%-ը, «սակայն հեռուստաընկերությունն ամբողջությամբ լցված է գովազդով», եւ այդ պատճառով Հ1-ը բնութագրեց իբրեւ էությամբ առեւտրային հեռուստաընկերություն: Արա Նռանյանն ասաց. «Ես ուզում եմ համոզված լինել, որ փոքրիկ երեխան գոնե Հանրային հեռուստաընկերության եթերը նայելիս՝ գոնե մինչեւ ժամը 9-ը բարոյական նորմերից դուրս հաղորդում ու տեսարան չի տեսնի, որեւէ հայհոյանք չի լսի: Բայց իրականությունը լրիվ այլ է: Գոնե Հանրայինը պետք է մի բարձր նշաձող ապահովի, որին ձգտեն մյուս հեռուստաընկերությունները: Այնինչ այսօր այն մի սովորական, շարքային հեռուստաընկերություն է, որը պետբյուջեից ֆինանսավորում է ստանում եւ այդ առումով, փաստորեն, հավասար մրցակցային պայմաններում չէ»:

ՀՅԴ մեկ այլ պատգամավոր՝ Ռուզան Առաքելյանը դժգոհեց, որ Հանրային հեռուստաընկերությունում չկան վերլուծական ծրագրեր, հազվադեպ են անդրադառնում մարզերի անցուդարձին, չկա մշակութային քաղաքականություն՝ «հիմնականում անփայլ աստղերն են ելույթ ունենում»: Ի դեպ, նշեց, թե Հանրային հեռուստաընկերության համեմատ՝ Հանրային ռադիոն շատ ավելի բարվոք վիճակում է:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը չօգտվեց եզրափակիչ ելույթի հնարավորությունից եւ չպատասխանեց այս, ինչպես նաեւ՝ «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանի քննադատությանը, թե Հ1-ը ծառայել է բացառապես մի մարդու՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել