Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԴՈՒՐՍ ԳԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»

Նոյեմբեր 11,2008 00:00

«Մոսկվայի Հռչակագրում Հայաստանի համար բացասական որեւէ նոր բան չկա»,- երեկ «Հայացք» ակումբում նման կարծիք է հայտնել ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա դրական է համարել, որ Հռչակագրով Հայաստանն ու Ադրբեջանը բացառել են ԼՂ հարցը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակը, անգամ հայտարարել, որ կհամագործակցեն որոշակի պայմաններում: Հայաստանի համար բացասականը բանախոսը այն է համարում, որ «լինելով ճիշտ, չի կարողանում իր ճիշտը նպատակային եւ հետեւողական կեցվածքով մատուցել միջազգային հանրությանը»: Քննադատելով ԼՂ hարցում Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների քաղաքականությունը՝ Պարույր Հայրիկյանը հույս է հայտնում, որ Սերժ Սարգսյանը հաշվի կառնի նախորդների դասը: Մասնավորաբար, եթե Ս. Սարգսյանը նախընտրում է հարցի լուծումը տանել ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ճանապարհով, ապա պետք է հայտարարի, որ Հայաստանը հակամարտող կողմ չէ, հետեւաբար՝ պետք է բանակցի ոչ թե Հայաստանը, այլ Արցախը՝ տեղ ունենալով Մինսկի խմբում: Իսկ Հայաստանը, ըստ Հայրիկյանի, պետք է դուրս գա այդ խմբից, հայտարարի, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է. «Ընդդիմության եւ տարբեր քաղաքական ուժերի հետ քննարկելով հարցը՝ ՀՀ իշխանությունները պետք է ասեն, որ լուրջ հակադրության հանդիպելով երկրում՝ ՀՀ-ն այլեւս չի ցանկանում Արցախի հարցով հանդես գալ միջազգային ասպարեզում եւ չկարգավորված հարաբերություններ ունենալ հարեւանների հետ»: Այլապես, հակամարտող կողմ դառնալով՝ ԱԻՄ նախագահի կարծիքով, Հայաստանը պետք է բարձրացնի նաեւ Արծվաշենի, Նախիջեւանի հարցերը:

ԱԻՄ նախագահը խոսել է նաեւ Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանի մասին: Հայրիկյանն ասել է, թե Հացպանյանին ճանաչում է 1989 թվականից: Նրա մատուցմամբ՝ ինքը տեղեկություն էր ստացել, թե Հացպանյանը Սփյուռքի ներկայացուցիչներից դրամ է հավաքում՝ ասելով, թե Թուրքիայի տարածքով, քրդերի միջոցով զենք է ուղարկում Հայաստան: Հայրիկյանը հանդիպել է Հացպանյանին եւ նրա հետ զրույցը տեսագրելով հետաքրքրվել՝ ո՞ւմ միջոցով է այդ զենքն ուղարկում Հայաստան, ո՞վ կհաստատի դա: Հացպանյանը, ըստ Հայրիկյանի, անուններ չի հրապարակել, ասելով՝ գաղտնիք է: Հայրիկյանի պնդմամբ, այդ ձայնագրությունն ինքը ուղարկել է Սփյուռքի կառույցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել